HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Լյոխ լավա իննան». արցախցի երեխաների «բողոքի ձայնը» Երևանից

Այս օրերին Երևանի տարբեր վայրերում տեղի են ունենում բողոքի ակցիաներ միջազգային և տեղի հանրության ուշադրությունը գրավելու համար Արցախում տիրող իրավիճակին:

Եվս մեկ միջոցառում՝ հնչեղ՝ թե՛ ձայնի ուժգնության, թե՛ զգայականության առումով, տեղի ունեցավ երեկ երեկոյան. Երևանում արցախցի երեխաները խոսեցին երաժշտության լեզվով:

Երեկ Երևանի «Սիզընս» այգում, մեկ ժամից ավելի արցախցի երեխաները, անտեսելով ձմեռային ցուրտ եղանակը, բացօթյա համերգ էին տալիս։ 

Նրանք ոչ միայն չէին ընկճվել, այլև իրենց էներգիայով և ոգևորությամբ փորձում էին վարակել Հայաստանում և Արցախում գտնվող հայրենակիցներին՝ «լյոխ լավա իննան» (ամեն ինչ լավ կլինի),- ասում էին նրանք ու երգում տարբեր երգեր՝ նվիրված Արցախին, զինվորներին։

Միջոցառումն իր շուրջն էր հավաքել նաև մեծաքանակ  արտասահմանցի անցորդներին:

Երեխաներն արդեն մեկ շաբաթ է՝ չեն կարողանում վերադառնալ տուն, իրենց ընտանիքների մոտ. նրանց 40 հոգանոց խումբը Երևան էր եկել «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը դիտելու։

Դեկտեմբերի 11-ին խմբի մի մասը ճանապարհ էր ընկել, բայց հասել էր միայն Գորիս, մյուսն մասն էլ, որի կազմում այս երեխաներն էին, մնացել են Երևանում՝ իմանալով, որ տուն տանող միակ ճանապարհն ադրբեջանցիները փակել են։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և դրանով ստեղծել հումանիտար ճգնաժամ․ արդեն 6 օր է` Արցախում՝ 120 հազար մարդ բլոկադայի մեջ է․ 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում վերադառնալ տուն։

 

Գլխավոր լուսանկարն ու տեսանյութը՝ «Հետք»-ի

Մնացած լուսանկարները՝ «Ապրելու հիմնադրամի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter