
Ստեփան Սաֆարյան. «Ռազմական արկածախնդրությանը ռազմական քայլերով պատասխանելը քիչ է»
Ստեփան Սաֆարյան. «ԱՄՆ պետքարտուղարներն ընդհանրապես չէին այցելում Հայաստան: 2010-ից հետո այս դեպքը երկրորդն է, նշանակում է դրա անհրաժեշտությունը կա, բայց ԱՄՆ-ի համար մե՞նք ենք հետաքրքրության առարկան, թե՞ մեր աշխարհագրական դիրքը: Չէ՞ որ Հայաստանը ստրատեգիական կարևորություն ունի Իրանի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում»:
«Եվրատեսիլից մինչև դիվերսիաներ Ադրբեջանը հոգեբանական խնդիր է փորձում լուծել` սեփական ժողովրդին ինչ-որ կերպ ապացուցելու համար, որ իրենք տարածաշրջանում կարող են ինչ-որ բան անել, որ իրենք ուժ ունեն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը միաժամանակ ստուգում է նաև միջազգային հանրության ռեակցիան, տեսնելու համար, թե ինչպես աշխարհը կարձագանքի իր «փոքրիկ արկածախնդրություններին»:
Սաֆարյանը համոզված է, որ մեր կողմից տրվող սիմետրիկ պատասխանները` 3 սպանված զինվորի փոխարեն 5 սպանված զինվոր, կարող են կոտրել ադրբեջանցիների քաղաքական կամքը, սակայն դա հարցի լուծում չէ: Ռազմական արկածախնդրությանը ռազմական քայլերով պատասխանելը քիչ է. անհրաժեշտ է մշակել ռազմաքաղաքական հստակ պատասխանի ծրագիր, օգտագործել միջազգային բոլոր հնարավոր լծակները:
Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ներկայությունը տարածաշրջանում չի սթափեցնում մեր անկառավարելի հարևանին, ապա այդ իրողությանը երկու բացատրություն կարելի է տալ: Կամ Իլհամ Ալիևն իրոք թքած ունի Արևուտքի վրա, կամ Արևմուտքին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություների համայնապատկերում այնքան էլ չի հուզում, թե մեր տարածաշրջանում կոնֆլիկտի հետևանքով ինչ իրավիճակում կհայտնվեն կողմերը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել