
Լիտվայի արտաքին գործերի նախարարը ԵՄ երկրներին կոչ է արել արտաքսել Ռուսաստանի դեսպաններին
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ անիմաստ է համարում Եվրամիության երկրներում Ռուսաստանի դեսպանների առկայությունը։
«Իմաստ չունի եվրոպական ինչ-որ մայրաքաղաքում դեսպան ունենալ, ռուսական դեսպան։ Դեպքերի մեծամասնությունում դա արդեն դիվանագիտական ինստիտուտ չէ, այլ քարոզչության ինստիտուտ, որը քողարկում է ռազմական հանցագործությունները և, ընդհանուր առմամբ, առաջմղում ցեղասպանության ծրագիրը»,- Լանդսբերգիսի խոսքերը մեջբերել է լիտվական Delfi պարբերականը։
Նա հիշեցրել է, որ Լիտվան ռուսական դեսպանին արտաքսել է դեռ 2022 թվականի գարնանը՝ ի պատասխան Բուչայում խաղաղ բնակիչների սպանության, իսկ հունվարին ռուսական դեսպանի արտաքսման մասին հայտարարել էին Էստոնիան և Լատվիան։
«Ես չեմ բացառում, որ ավելի մեծ թվով երկրներ՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, կկարողանան համոզվել, որ դա ճիշտ ճանապարհն է»,- ասել է Լանդսբերգիսը։ Ընդ որում, ինչպես գրում է լիտվական VZ պարբերականը, նախարարը ընդգծել է, որ այդ թեմայով կան տարբեր կարծիքներ։
Հունվարի վերջին Ռուսաստանը հայտարարել էր Էստոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման մասին՝ այդ երկրի դեսպանից պահանջելով լքել Մոսկվան։ Ռուսական կողմն էստոնական իշխանություններին մեղադրում էր «տոտալ ռուսատյացության», «Ռուսաստանի նկատմամբ թշնամանքի սերմանման» մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունից մի քանի ժամ անց Լատվիան հայտարարեց, որ ի համերաշխություն Էստոնիային և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմին, այդ երկիրը ևս նվազեցնում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Դրա հետևանքով՝ Մոսկվան և Ռիգան ևս հայտարարել էին դեսպանների արտաքսման մասին։
Լուսանկարը՝ VSG-ի
Մեկնաբանել