HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Չնայած երկնիշ տնտեսական աճին՝ վարձու աշխատողների մի մասի կենսամակարդակը էապես նվազել է

«2022 թվականի տնտեսական ցուցանիշները բավական տպավորիչ են, սակայն հիմնված չեն կայուն և տնտեսության ներուժը մեծացնող գործոնների վրա»,- վերլուծելով 2022 թվականին Հայաստանի տնտեսական զարգացումները՝ եզրահանգել են «Լույս» հիմնադրամի վերլուծաբանները:

2022 թվականի տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ը) աճը կազմել է 14.2%: Դա հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և ծառայությունների աճերով, որոնց նպաստումներն ընդհանուր ՏԱՑ-ի աճին կազմել են 6.4 և 5.8 տոկոսային կետ:

Տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ են գրանցվել մի կողմից՝ Ռուսաստանից դեպի Հայաստան մեծ քանակությամբ աշխատուժի և կապիտալի ներհոսքի, մյուս կողմից՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում Հայաստանից վերարտահանման աննախադեպ աճերի արդյունքում:  

Դրա արդյունքում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների (ՀՀ ՎԿ), արտահանումը Հայաստանից 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 77.7%-ով՝ կազմելով 5.4 մլրդ դոլար: Նույն ընթացքում ներմուծումն աճել է 63.5%-ով՝ կազմելով 8.8 մլրդ դոլար:

«Սակայն պետք է հիշել, որ աշխարհաքաղաքական գործոնները, որոնք պայմանավորել են վերոհիշյալ հոսքերը, կարող են անսպասելիորեն փոխվել, ինչը կարող է փոխել նաև ՀՀ-ի համար բարձր տնտեսական աճի գործոնների դինամիկան՝ առաջացնելով տնտեսական աճի դանդաղում»,- շեշտվում է վերլուծության մեջ:

Այս առումով, 2022 թվականի բարձր տնտեսական ակտիվությունը չի կարող համարվել կայուն, ինչը, ըստ վերլուծաբանների, պետք է հաշվի առնել հաջորդ տարիների պետական քաղաքականության մշակման ժամանակ:

Արդյունաբերության աճի տեմպը էականորեն զիջել է ընդհանուր տնտեսության աճի տեմպին, ինչը նշանակում է, որ արդյունաբերության կշիռը տնտեսությունում նվազել է: Սա նույնպես խոսում է 2022 թվականին տնտեսական աճի ոչ բավարար «որակի» մասին:

Խնդիրն, ըստ վերլուծաբանների, այն է, որ բարձր աճի շարժիչ ուժ հանդիսացող ոլորտները ծառայությունները և առևտուրն են, որոնք կայուն չեն և դրական շոկերի չեզոքացման պարագայում (օրինակ՝ ՌԴ քաղաքացիների արտահոսքի կամ դրամական փոխանցումների նվազման դեպքում) կարող են կտրուկ անկում ապրել՝ տնտեսությանը թողնելով արդեն իսկ «թուլացած» ներուժով (փոքր արդյունաբերության կշռով) և նույնպիսի արտահանելի հատվածով, որը կորցնում է մրցունակությունը փոխարժեքի արժևորման հետևանքով:

Արդյունաբերությունը 2022 թվականին աճել է 7.8%-ով: Համեմատության համար՝ առևտրի ծավալներն աճել են 17%-ով, ծառայությունները՝ 28.2%-ով, շինարարությունը՝ 12.5%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ ընդամենը 0.4%-ով:

Ֆինանսական համակարգում ավանդների և վարկերի դինամիկան նույնպես մատնանշում է տնտեսության ներուժի ոչ բավարար աճի մասին: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ բանկային համակարգում 2022 թվականին էականորեն աճել են ձեռնարկությունների ավանդները, մինչդեռ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալը նվազել է:

«Այս իրավիճակը խոսում է ներդրումային ակտիվության նվազման մասին, քանի որ ձեռնարկությունները իրենց ազատ միջոցները ներդնելու փոխարեն տեղաբաշխում են բանկերում, և նոր վարկեր չեն ներգրավվում: Իսկ ցածր ներդրումային ակտիվությունը միանշանակ բացասական գործոն է տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայունության տեսանկյունից»,- նշում են «Լույս»-ի վերլուծաբանները:

Չնայած գրանցված տնտեսական աճին, ըստ նրանց, Հայաստանում աշխատող բնակչության զգալի մասի կենսամակարդակը 2022 թվականին էապես նվազել է:

Տնտեսությունում միջին անվանական աշխատավարձերը զգալի աճել են, սակայն, միաժամանակ էական է եղել նաև գնաճը, ինչի արդյունքում իրական աշխատավարձերի աճը մնացել է ցածր մակարդակում:

Ինֆոգրաֆիկայում միջին ամսական աշխատավարձի աճի դինամիկան է: Սակայն, եթե այդ աճի ցուցանիշից հանվում է գնաճը, ապա, ըստ «Լույս» հիմնադրամի հաշվարկների, ստացվում է, որ իրական միջին աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում աճել է 6.4%-ով, մասնավոր հատվածում՝ 9.6%-ով, իսկ պետական հատվածում՝ նվազել է 4.0%-ով:

Սա, ըստ վերլուծաբանների, բավական մտահոգիչ է մի քանի պատճառներով: Նախ այն, որ տնտեսությունն ավելի արագ տեմպով է աճել, քան իրական աշխատավարձը, նշանակում է, որ ստեղծվող լրացուցիչ արդյունքն անհավասարաչափ է բաշխվել՝ առավելապես ուղղվելով շահույթների մեծացմանը և բաժին հասնելով սեփականատերերին, այլ ոչ թե աշխատողներին: «Մյուս կողմից, մտահոգիչ է պատկերը պետական հատվածում, որտեղ ներառվում են նաև ուսուցիչները և պետական հաստատություններում աշխատող բժիշկները: Այստեղ իրական աշխատավարձը նվազել է շուրջ 4.0%-ով: Այսինքն, բարձր տնտեսական աճի պայմաններում, Հայաստանի վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է»,- նշված է վերլուծության մեջ: 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter