HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ռուբիկ Հակոբյանի կինը չի պատրաստվում ապօրինի սեփականաշնորհած անտառը վերադարձնել պետությանը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը չի պատրաստվում պետությանը վերադարձնել 2007 թ-ին Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհած անտառը։

Հակակոռուպցիոն դատարանում դատախազությունը վիճարկում է Կոտայքի մարզպետի 2007 թ-ի որոշումները, որոնցով պետական սեփականություն հանդիսացած անտառները վաճառվել են մի շարք պաշտոնյաների։

«Հետքը» 2018 թ-ին բացահայտել էր Ծաղկաձորում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անտառների սեփականաշնորհման պատմությունը։ Մեր հրապարակումից հետո քրեական գործ հարուցվեց, որը Հատուկ քննչական ծառայությունում քննվելուց հետո կարճվեց վաղեմության հիմքով։ Այդուհանդերձ, քրեական գործով հաստատվեց, որ պաշտոնյաները ապօրինի են սեփականաշնորհել անտառները։

Վիճարկվող որոշումներից մեկով Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում գտնվող 1.9 հա անտառապատ հողամասը նախ աճուրդով գնել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, ապա այն փոխանցել է Ռուբիկ Հակոբյանի կոնջը՝ Աիդա Մուխայելի Սամսոնյանին։ Մաթևոսյանը «Հետքին» ասել էր, որ աճուրդին մասնակցել է ընկերոջ՝ Ռուբիկ Հակոբյանի խնդրանքով։

Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել պատասխանող Մարտուն Մաթևոսյանը։ Նիստին մասնակցում էր Ռուբիկ Հակոբյանի կնոջ ներկայացուցիչը՝ Լուիզա Հովհաննիսյանը։ Վերջինս դատարանին միջնորդեց հայցային վաղեմություն կիրառել։ Այս և նմանօրինակ մեկ այլ միջնորդության քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին։

Բացի այդ, Գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարանից պահանջում է անվավեր ճանաչել մի շարք այլ աճուրդների որոշումներ, որոնցով անտառապատ հողատարածքներն օտարվել են ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբորը (Վարդանյանի եղբայրը հողամասը հետագայում նվիրել է Ծաղկաձոր համայնքին), գործարար Սամվել Մայրապետյանին և այլ անձանց։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter