HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ռուսալ Արմենալ» ընկերության ուղղաթիռը գրանցվել է «Արմենիան Հելիքոփթերսի» ավիապարկում

Հայաստանի քաղավիացիայում միակ ուղղաթիռային օպերատոր «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն («Armenian Helicopters») իր ավիապարկը համալրել է նոր ուղղաթիռով՝ «Bell 429»-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցանկից, որում ներկայացված են ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված օդանավերը՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, օդապարիկներ:

Ամերիկա-կանադական «Bell 429»-ը հայկական ռեգիստրում գրանցվել է փետրվարի 1-ին որպես EK-H006, գրանցումը վավեր է մինչեւ 2025 թ. դեկտեմբերի 31-ը: Ըստ ՔԱԿ-ի՝ եթե շահագործողը «Armenian Helicopters»-ն է, ապա ուղղաթիռի սեփականատերը «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն է, որը շահագործում է Երեւանի «Արմենալ» փայլաթիթեղի գործարանը: Վերջինս Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է:

«Armenian Helicopters»-ի կայքում եւ ֆեյսբուքյան էջում որեւէ ինֆորմացիա չկա այս նոր ուղղաթիռի մասին: Չի բացառվում, որ այն կշահագործվի սեփականատիրոջ կարիքների համար: «Bell 429» տիպի բազմանպատակային ուղղաթիռներն (1 օդաչու + 7 ուղեւոր) արտադրվում են 2007-ից: Մինչեւ Հայաստանում գրանցվելը EK-H006-ը գրանցված էր Կանադայում որպես C-FOFE:

Ընդհանրապես, այս բորտն «Armenian Helicopters»-ի պատմության մեջ 6-րդ ուղղաթիռն է, որ գրանցվել է Հայաստանում, բայց այս պահին օպերատորը միայն 3 ուղղաթիռ ունի՝ EK-H001, EK-H004, EK-H006:

2018 թ. փետրվարին հիմնադրված «Armenian Helicopters»-ը կոմերցիոն փոխադրումների իրավունք տվող օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստացել է նույն տարվա հունիսին: Ավիաընկերությունը ոչ կանոնավոր թռիչքներ է կատարում ոչ միայն Հայաստանի ներսում, այլեւ առաջարկում է միջազգային ոչ կանոնավոր չվերթեր դեպի Ռուսաստան, Վրաստան եւ Թուրքիա: Սկզբնապես «Armenian Helicopters»-ը բազավորվում էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն հետագայում տեղափոխվել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղ՝ Երեւան-Գառնի մայրուղուն հարող տարածք («Ջրվեժ» անտառպարկի անմիջական հարեւանությամբ):

2018-ի հունիսին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է ավիափոխադրողի առաջին ուղղաթիռը՝ ամերիկյան «Robinson R66»-ը (1 օդաչու + 4 ուղեւոր), որը Հայաստանում ստացել է EK-H001 գրանցումը: 2018-ից մինչ օրս այս ուղղաթիռը շահագործվում է մեր երկրում, իսկ դրանից առաջ գրանցված էր Ռուսաստանում (RA-05788): Եթե ՌԴ-ում դրա սեփականատերը Կրասնոդարի երկրամասի «Աբինսկի էլեկտրամետալուրգիական գործարան» ՍՊԸ-ն էր, ապա Հայաստանում հենց «Armenian Helicopters»-ն է թե՛ սեփականատերը, թե՛ շահագործողը:

2018-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է ավիափոխադրողի երկրորդ ուղղաթիռը՝ եվրոպական գիգանտ «Airbus»-ի կողմից թողարկվող «H130 T2»-ը (հայտնի է նաեւ որպես «EC130 T2»): Վերջինս Հայաստանում գրանցվեց որպես EK-H002 (1 օդաչու + 6 ուղեւոր):

Դեռ 2018-ի ապրիլին ՀՀ կառավարությունը որոշել էր բավարարել «Armenian Helicopters»-ի հայտը եւ ներմուծման մաքսատուրքից ազատել «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին (սա պետական ընկերություն է): Ըստ այդմ՝ այս վարկային կազմակերպությունը պետք է ներկրեր 1.550.000.000 դրամ արժեքով «H130 T2» ուղղաթիռը, ապա այն վարձակալության (լիզինգի) հանձներ «Armenian Helicopters»-ին: Սակայն 2018-ի հունիսին փոփոխություն է կատարվել կառավարության որոշման մեջ, ըստ որի՝ մաքսային արտոնությունը տրվելու էր անմիջապես ավիաընկերությանը, որն էլ հենց ներկրելու էր ուղղաթիռը: Ինչպես ասվեց, այն ՀՀ-ում գրանցվել է 2018-ի սեպտեմբերին: «Armenian Helicopters»-ը դրա եւ՛ սեփականատերն էր, եւ՛ շահագործողը:

Նախկինում EK-H002-ը գրանցված է եղել Ֆրանսիայում (F-WWPR) եւ Հունգարիայում (HA-LEX, սեփականատեր՝ «Lexinta Group»): Հայաստանում այս ուղղաթիռն օգտագործվել է նաեւ ճանապարհային ոստիկանության կարիքների համար: Այդուհանդերձ, 4 տարի մեր երկրում շահագործվելուց հետո՝ 2022 թ. օգոստոսին, «H130 T2»-ը դուրս է բերվել հայկական ռեգիստրից, իսկ հետո գրանցվել Թուրքիայում որպես TC-HMV. նոր շահագործողը տեղական «Mavi Air»-ն է:

2018-ի դեկտեմբերին կառավարությունը կրկին արտոնություն տվեց ուղղաթիռային օպերատորին: Ներմուծման մաքսատուրքից գործադիրը նախ ազատեց ֆրանսիական «SA 341G Gazelle» տիպի ուղղաթիռը (արժեքը՝ 271.400.000 դրամ), իսկ նույն ամսվա վերջին արտոնությունը տարածվեց նաեւ ֆրանսիական «H125» տիպի (հայտնի է նաեւ որպես «AS350 Écureuil») ուղղաթիռի վրա:

«Gazelle»-ները (այս ուղղաթիռներն իրենց դիզայնով վիթ՝ գազել են հիշեցնում) հիմնականում ռազմական ուղղաթիռներ են, սակայն «SA 341G»-ն քաղաքացիական տարբերակ է (1 օդաչու + 4 ուղեւոր կամ 2 օդաչու + 3 ուղեւոր): Այս ուղղաթիռը մեր երկրում ենթադրաբար պետք է գրանցվեր որպես EK-H003, սակայն մինչ օրս այն չի ներառվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Այդուհանդերձ, այն գտնվում է Հայաստանում՝ «Armenian Helicopters»-ի տրամադրության տակ (տես վերեւի լուսանկարում): 2019-ին այս ուղղաթիռին անդրադարձել էր նաեւ այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ուղղաթիռը մինչ Հայաստան բերվելը գրանցված է եղել Սերբիայում/Հարավսլավիայում (նախ կրել է ռազմական գրանցում՝ 12616, ապա քաղաքացիական՝ YU-HDI), հետո տեղափոխվել է Հունգարիա (HA-LFP), ապա՝ Ռումինիա (YR-BOS):

Կառավարության 2018 թ. դեկտեմբերյան որոշման մեջ քիչ ավելի ուշ ավելացված «H125» տիպի ուղղաթիռը (հայտնի է նաեւ որպես «AS350 Écureuil», ֆրանսերենից թարգմանաբար՝ սկյուռ) «SA 341G»-ից ավելի շուտ հասավ Հայաստան ու 2019-ի մարտին մեր երկրում գրանցվեց որպես EK-H004 (արժեքը՝ 1.168.802.100 դրամ, 1 օդաչու + 5 ուղեւոր): Այս ուղղաթիռը դարձավ Հայաստանում սանիտարական ավիացիայի առաջին ծիծեռնակը:

Չնայած քաղավիացիայի կոմիտեի փոխանցմամբ՝ հենց «Armenian Helicopters»-ն է EK-H004-ի ոչ միայն շահագործողը, այլեւ սեփականատերը, ուղղաթիռի գրանցման սերտիֆիկատում այդպիսին նշված է «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն, որն ամբողջությամբ պատկանում է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ին: Ըստ էության, ուղղաթիռը ձեռք է բերվել վարկային միջոցներով եւ գրավադրվել է, ինչով էլ կարելի է բացատրել «ԱԳԲԱ Լիզինգի» իրավունքները դրա հանդեպ: Մինչեւ մեր երկիր բերվելը ուղղաթիռը գրանցված էր Ֆրանսիայում (F-WWXU, F-WTBI): Այսօր էլ EK-H004-ը շահագործվում է Հայաստանում: ՀՀ օդանավերի ռեգիստրում դրա գրանցումը վավեր է մինչեւ 2024 թ. մարտի 19-ը:

2020-ի մարտին Հայաստանում գրանցվեց «Armenian Helicopters»-ի երկրորդ «H125» տիպի ուղղաթիռը (EK-H005): Մինչեւ Հայաստան տեղափոխվելը այն գրանցված էր Ֆրանսիայում որպես F-WTAI: Այդուհանդերձ, ուղղաթիռը երկար չմնաց հայկական ռեգիստրում. նույն տարում մեր երկրից այն տեղափոխվեց Ռուսաստան՝ ստանալով RA-07340 գրանցումը:

Մեկ այլ ուղղաթիռ «Armenian Helicopters»-ի շարժակազմում գրանցվել է 2020-ի օգոստոսին: Խոսքն ընկերության երկրորդ «H130 T2»-ի մասին է, որը մինչ այդ գրանցված էր Ֆրանսիայում որպես F-WTBG:

Մեր երկրում այն ստացավ EK-H006 գրանցումը (չշփոթել օրերս EK-H006 գրանցումը ստացած «Bell 429»-ի հետ), բայց շատ չանցած ուղղաթիռն արդեն հայկական ռեգիստրում չէր: Ռուսաստան տեղափոխվելով՝ այս «H130 T2»-ը գրանցվել է որպես RA-07339:

Այսպիսով՝ «Armenian Helicopters»-ն իր պատմության ընթացքում ունեցել է Հայաստանում գրանցված 6 ուղղաթիռ, որոնցից այս պահին ռեգիստրում առկա են 3-ը: Բացի դրանից՝ ընկերության տրամադրության տակ է նաեւ մեկ ուղղաթիռ (EK-H003 հավանական գրանցումով «SA 341G Gazelle»-ը), որը դեռ չի ներառվել ռեգիստրում: 

Լուսանկարները՝ facebook.com-ից, jetphotos.com-ից, russianplanes.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter