
Իսրայելում տասնյակ հազարավոր մարդիկ դարձյալ բողոքի ցույցի են դուրս եկել Նեթանյահուի կառավարության փոփոխությունների դեմ
Տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում՝ իրենց բողոքն արտահայտելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության և նրա կողմից դատական համակարգի վերաբերյալ առաջ մղվող վիճելի փոփոխությունների դեմ։ Deutsche Welle-ն, հղում անելով dpa գործակալությանը, հայտնում է, որ միայն Թել Ավիվում ցուցարարների թիվը հասել է 40 000-ի։ Մոտ 10 000 մարդ էլ բողոքի ցույցի է դուրս եկել Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա քաղաքում։ Ընդհանուր առմամբ, համանման բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Իսրայելի մոտ 20 քաղաքներում։
Թել Ավիվում բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներից շատերը եղել են Իսրայելի դրոշներով, ոմանք էլ՝ պաստառներով։ Դրանցից մեկի վրա գրված է եղել. «Պաշտպանենք իսրայելական ժողովրդավարությունը Նեթանյահուից», մյուսի վրա էլ՝ «Ամբողջ աշխարհում սպառնալիք խաղաղությանը»։ Հավաքվածները վանկարկել են՝ ազատություն, հավասարություն, որակյալ կառավարում։
Սա արդեն նմանատիպ 5-րդ ակցիան էր Թել Ավիվում։ Բողոքի ցույցերը չեն դադարում 2022 թվականի դեկտեմբերից, երբ իշխանության եկավ Նեթանյահուի կառավարությունը, որին փորձագետներն անվանում են այդ երկրի պատմության ամենաաջ կառավարությունը։ Նեթանյահուն իշխանության վերադարձավ այն բանից հետո, երբ 1,5 տարի իշխանության ղեկին էր իսրայելական ընդդիմությունը։ Նեթանյահուի կառավարությունը հիմնված է ծայրահեղ աջ և ծայրահեղ ուղղափառ կուսակցությունների աջակցության վրա։
Նոր կառավարության ամենախնդրահարույց նախաձեռնություններից մեկը դատական բարեփոխումներն են, որն առաջարկվել է արդարադատության նախարար Յարիվ Լևինի կողմից։ Այն ենթադրում է, որ Արդարադատության բարձր դատարանի լիազորությունները կսահմանափակվեն այնպիսի իրավիճակներում, երբ խոսքը գնում է կառավարության օրենքների և որոշումների մասին։ Կաբինետը նաև վերահսկողություն կունենա դատավորների ընտրության հարցում։ Այդպիսով, խորհրդարանում մեծամասնությունը հնարավորություն կունենա ընդունելու օրենք, եթե նույնիսկ Բարձրագույն դատարանը դա ճանաչի երկրի հիմնական օրենքին հակասող։
מגנה בכל תוקף כל הסתה ואת הקריאה לדין רודף על נתניהו. המאבק הזה הוא על נשמתה של המדינה. כל הסתה ואלימות רק פוגעת במלחמה להצלת המדינה. אני קורא לכל אוהבי המדינה תפגינו, תמחו, צאו לרחובות, אבל שמרו על החוק, אל תובילו לאלימות.
— יאיר לפיד - Yair Lapid (@yairlapid) February 4, 2023
Հայֆայում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարներին միացել է նաև Իսրայելի նախկին վարչապետ Յաիր Լապիդը։ «Մենք կփրկենք մեր երկիրը, որովհետև չենք ցանկանում ապրել ոչ ժողովրդավարական պետությունում»,- լրագրողներին հայտարարել է Լապիդը։
Բենիամին Նեթանյահուին Իսրայելում մեղադրում են խարդախության, կոռուպցիայի և պետական դավաճանության մեջ։ Քաղաքական գործիչը հերքում է բոլոր մեղադրանքները։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի կոռուպցիայի մեջ, Նեթանյահուին սպառնում է 10 տարի ազատազրկում։ Մեղադրանքի մնացած կետերով առավելագույն պատիժը կազմում է 3 տարի ազատազրկում։ Նեթանյահուն Իսրայելի առաջին գործող վարչապետն է, որին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ժամանակ։
Թել Ավիվում Նեթանյահուի կառավարության դեմ առաջին ակցիան տեղի էր ունեցել հունվարի 7-ին։ Այդ ժամանակ բողոքի ակցիային մասնակցել էր մոտ 30 000 մարդ։ Մեկ շաբաթ անց Թել Ավիվի փողոցներ էր դուրս եկել ավելի քան 80 000 ցուցարար։
Լուսանկարը՝ REUTERS/Ronen Zvulun
Մեկնաբանել