
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 284-ի, իսկ Սիրիայում՝ 237-ի
Թուրքիայի հարավարևելյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երկրում զոհերի թիվը հասել է 284-ի, ավելի քան 2300 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։
Թուրքական գերատեսչությունը նշում է, որ զոհեր են գրանցվել 10-ը քաղաքներում։ Էպիկենտրոնից դեպի հարավ գտնվող Գազիանթեփում զոհերի թիվը հասել է 80-ի, Մարաշում՝ 70, իսկ Մալաթիայում՝ 47-ի։
My sympathies to the people of Turkey who suffered in the horrible earthquake. It is a devastating tragedy. pic.twitter.com/Dn7ErruNfx
— Anton Gerashchenko (@Gerashchenko_en) February 6, 2023
Haberturk-ը, հղում անելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային, գրում է, որ երկրաշարժի գոտում փլուզվել է ավելի քան 1700 շինություն։ Աշխատանքը դադարեցրել է 3 օդանավակայան։ Բացի այդ, այդ շրջաններում դադարեցվել է գազամատակարարումը, որոշ հատվածներում բացակայում է նաև էլեկտրականությունը։ Այնտեղ է ուղարկվել մոտ 2000 փրկարար։
Հիշեցնենք, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր այս գիշեր տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին) Մարաշի շրջանում։ Դրանից հետո AFAD-ը գրանցել էր ևս 78 հետցնցում, որից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդ։ Ընդհանուր առմամբ, այն ավերածություններ է արել Թուրքիայի 10 նահանգներում և հարևան Սիրիայում։ Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է 237-ի, 639 մարդ էլ վիրավորվել է։ Զոհերի մեծ մասը գրանցվել են Լաթաքիայում, Հալեպում, Համայում և Տարտուսում։ Զոհերի թվում կա երկու հայ։
Terrible earth quake in Turkey and Syrian.
— Lord Bebo (@MyLordBebo) February 6, 2023
Video Syrian city Hamim, nothing left.
1/ pic.twitter.com/NckILGYnlA
Երկրաշարժը զգացվել է նաև Իրաքում, Լիբանանում և Կիպրոսում։
Anadolu-ն հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է գլխավորել երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի աշխատանքները։
Երկրաշարժի հետևանքով գյուղերից մեկում տեղի ունեցել գազատարի պայթյուն։ Բացի այդ, տուժել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված օբյեկտներից մեկը՝ Գազիանթեփի ամրոցը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տեղի ունեցած երկրաշարժին և առաջարկել Հայաստանի օգնությունը։ «Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի լուրից, որը շատ մարդկային կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ենք հղում զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետը։
Լուսանկարը՝Refik Tekin/EPA-EFE/Shutterstock
Մեկնաբանել