HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է գրեթե 1600-ի

Թուրքիայում և Սիրիայում այս գիշեր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից զոհերի թիվը հասել է գրեթե 1600-ի։ Այդ մասին հայտնում են թուրքական և արաբական լրատվամիջոցները։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Յունուս Սեզերը հայտարարել է, որ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 1014-ի։ «Մենք տվյալներ ենք ստացել 2824 շինության փլուզման մասին։ Զոհված է համարվում մեր 1014 քաղաքացի»,- ասել է նա։ 5385 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 912 զոհի մասին՝ նշելով, սակայն, որ դեռևս հստակ չէ, թե որքան կարող է աճել այդ թիվը։

oh dear god.... the moment a building collapses in Turkey after second quake. #Turkiye #TurkeyEarthquake pic.twitter.com/CkXuhEed4w

— Asieh Namdar (@asiehnamdar) February 6, 2023

Al Jazeera-ն էլ հայտնում է, որ Սիրիայում զոհերի թիվը հասել է 582-ի։ Al Hadath հեռուստաընկերությունը հայտնում է, որ Սիրիայի Հալեպ, Իդլիբ, Լաթաքիա և Համա քաղաքներում տասնյակ մարդիկ դեռեւս փլատակների տակ են։ Որոնողական աշխատանքները շարունակվում են հորդառատ անձրևների տակ։ Երկրի հյուսիսում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը։ 

Al-Watan թերթի տվյալներով՝ Համա քաղաքում շինության փլուզման հետևանքով զոհվել է Սիրիայի վարչապետ Հուսեյն Արնուս Նասուբ Արնուսի քույրը։ Պարբերականը գրում է, որ կնոջ հետ միասին զոհվել են նրա մի քանի երեխաներն ու թոռները։

Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժը տեղի էր ունեցել տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին) Մարաշ նահանգի տարածքում։ Էպիկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ Երկրորդ հզոր երկրաշարժն էլ գրանցվել էր ժամը 14:24-ին: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ: Այս երկրաշարժը զգացվել էր նաև Հայաստանում։ Երևանում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով Հալեպում զոհվել է 4, Թուրքիայում՝ 2 հայ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի օգնությունն էր առաջարկել Թուրքիային և Սիրիային՝ երկրաշարժի հետևանքների վերացման գործում։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter