
Շառլ Միշելը Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Բրյուսելում անձամբ մասնակցելու ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է անձամբ մասնակցելու Եվրամիության անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովին, որը կկայանա փետրվարի 9-10-ը Բրյուսելում։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Միշելի ներկայացուցիչ Բարենդ Լեյթսը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ որևէ լրացուցիչ տեղեկատվություն չի ներկայացվի»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։
@eucopresident has invited President @ZelenskyyUa to participate in person in a future summit of the European Council #EUCO
— Barend Leyts (@BarendLeyts) February 6, 2023
For security reasons, no further information will be provided.
Փետրվարի 6-ին բրիտանական Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԵՄ ղեկավարությունը պատրաստվում է այս շաբաթ Բրյուսելում գագաթնաժողովին Զելենսկու մասնակցությանը։ Բելգիական Belga գործակալության աղբյուրները հայտնել էին, որ նա Բելգիայի մայրաքաղաք կժամանի փետրվարի 9-ին։ Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահը նաև անձամբ ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի հատուկ նիստին։ Զելենսկու գրասենյակը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Financial Times-ը նշել էր, որ Բրյուսել Ուկրաինայի նախագահի այցը կարող է չեղարկվել անվտանգության նկատառումներից ելնելով, ինչը նախորդ շաբաթ լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել էր նաև նախագահ Զելենսկին։
Եթե նա ժամանի Բրյուսել, ապա սա կլինի նախորդ տարվա փետրվարի 24-ից ի վեր, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Զելենսկու երկրորդ այցն Ուկրաինայի սահմաններից դուրս։ Պատերազմի մեկնարկից ի վեր նրա միակ արտասահմանյան այցը կայացել էր 2022 թվականի դեկտեմբերին, երբ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն, որտեղ հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ելույթ ունեցել Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ։
Լուսանկարը՝ Sipa Press-ի
Մեկնաբանել