HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հանդիպում Չարլզ III-ի ու Ռիշի Սունաքի հետ, ելույթ բրիտանական խորհրդարանում. ինչ քննարկումներ է ունեցել Վլադիմիր Զելենսկին Լոնդոնում

Փետրվարի 8-ի կեսօրին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնում է Լոնդոն, որտեղ հանդիպումներ կունենա բրիտանական բարձր ղեկավարության հետ, ելույթ կունենա խորհրդարանի երկու պալատների առաջ ու կայցելի այդ երկրի տարածքում ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ռազմաբազա։ Տեղի ժամանակով 11:30-ին (Երևանի ժամանակով՝ 15:30-ին) բրիտանական լրատվամիջոցներն ազդարարեցին, որ Զելենսկին հասել է բրիտանական մայրաքաղաք։

Հատկանշական է, որ սա, Միացյալ Նահանգներից հետո, Զելենսկու երկրորդ արտասահմանյան այցն է 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինայի տարածք։ Ընդ որում, Մեծ Բրիտանիան համարվում է Կիևի գլխավոր դաշնակիցը Եվրոպայում։ 

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Զելենսկուն հասցրել էր Սթանսթեդ օդակայան, որտեղ նրան դիմավորել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը։ Այցի սկզբում Վլադիմիր Զելենսկին այցելում է Դաունինգ սթրիթ 10` բրիտանական վարչապետի նստավայր։ Նստավայրի գլխին ծածանվում էր ուկրաինական դրոշը, իսկ մուտքի մոտ հավաքվել էին տասնյակ լրագրողներ։

Նստավայրի մուտքի մոտ կայացել է Զելենսկու դիմավորման ու ձեռքսեղման արարողությունը։ Դաունինգ սթրիթ 10-ում Զելենսկին մնացել է մոտ 25 րոպե։ Այնուհետ մեկնել խորհրդարան ու Բուքինգհեմյան պալատ, որտեղից էլ այն ռազմաբազան, որտեղ ուկրաինացի զինվորականներին սովորացնում են վարել Challenger-2 տանկերը։

Պատմական Վեսթմինսթերյան սրահում, որտեղ սովորաբար կայանում են պետական կարևոր իրադարձությունները, Զելենսկին ուղերձով դիմել է է Համայնքների և Լորդերի պալատների ներկայացուցիչներին։ Խորհրդարանում նրան դիմավորել են հոտնկայս ծափահարություններով և «Փառք Ուկրաինային» վանկարկելով հրավիրել բեմ, որը խորհրդարանի խոսնակն ասել է ուկրաիներենով։

Իր ելույթում Վլադիմիր Զելենսկին Լոնդոնին կոչ է անում Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել մարտական ինքնաթիռներ։ «Մենք ազատություն ունենք, տվեք մեզ թևեր, որպեսզի պաշտպանենք այն»,- հայտարարել է Զելենսկին և ռուսական ագրեսիայի դեմ Բրիտանիայի ու Ուկրաինայի համատեղ պայքարի նոր կարգախոս առաջարկել. «Ազատության համար թևեր»։

Խորհրդարանում, բացի գործող վարչապետ Ռիշի Սունաքից, ներկա են եղել նաև նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնն ու Թերեզա Մեյը։ Բորիս Ջոնսոնին Զելենսկին առանձին է շնորհակալություն հայտնել աջակցության համար այն պահին, երբ «այդ օգնությունը թվում էր անհնարին»։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել նաև գործող վարչապետին՝ Ուկրաինայի հետ միասնականության քաղաքականության շարունակման համար։

Իր ելույթում Զելենսկին տեղի ունեցողն անվանել է «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ֆաշիստական զավթիչների դեմ Ուկրաինայի և Բրիտանիայի համատեղ պայքար»՝ հայտարարելով, որ հիմա «նոր չարիքն է գլուխ բարձրացնում»։ Նա Մեծ Բրիտանիային շնորհակալություն է հայտնել տանկերի և այլ սպառազինության մատակարարումների տեսքով ռազմական օգնության համար, սակայն ընդգծել, որ հիմա Ուկրաինային անհրաժեշտ են կործանիչներ, որպեսզի պաշտպանի իր օդը ռուսական հրթիռներից։

Իր ելույթի ընթացքում Զելենսկին Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլին հանձնել է, ըստ Զելենսկու, ուկրաինացի ամենահայտնի և հաջողակ օդաչուներից մեկի սաղավարտը։ Նա այն անվանել է օդում համատեղ պայքարի շարունակության խորհրդանիշ։ «Մեծ Բրիտանիայում թագավորը ռազմաօդային ուժերի օդաչու է, բայց այսօր Ուկրաինայում ռազմաօդային ուժերի յուրաքանչյուր օդաչու թագավոր է»,- ասել է նախագահ Զելենսկին։ Փաստացի, Ուկրաինայի նախագահն ի նկատի է ունեցել, որ 1970-ական թվականներին զինված ուժերում ծառայության տարիներին Չարլզ III թագավորը եղել է ռազմական օդաչու։

Իր ելույթում Զելենսկին նաև հիշել է մինչպատերազմական շրջանում բրիտանական խորհրդարան իր այցը։ Այդ ժամանակ նա շնորհակալություն էր հայտնել պատգամավորներին՝ «անգլիական համեղ թեյի համար»։ «Այսօր ես լքում եմ խորհրդարանը՝ նախապես բոլորիդ շնորհակալություն ասելով հզոր անգլիական ինքնաթիռների համար»,- իր ելույթը եզրափակել է Զելենսկին։ Այդուհանդերձ, բրիտանական կողմը դեռևս պաշտոնապես չի հայտարարել, որ Լոնդոնը Կիևին կործանիչներ կփոխանցի։ Նրանք նշում են, որ ուսումնասիրում են բոլոր հնարավոր տարբերակները։

Խորհրդարանում իր ելույթից հետո Զելենսկին մեկնել է Բուքինգհեմյան պալատ՝ հանդիպելու Չարլզ III թագավորի հետ։

Բուքինգհեմյան պալատում հանդիպումներից հետո էլ, Ռիշի Սունաքի ուղեցկությամբ, Զելենսկին մեկնել է Bovington Camp ռազմաբազա, որտեղ ընթանում է ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը։

Լուսանկարը՝ Aaron Chown/Pool photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter