
Մեծ Բրիտանիայից հետո Վլադիմիր Զելենսկին այցելել է Փարիզ ու հանդիպել Մակրոնին ու Շոլցին
Փետրվարի 8-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Միացյալ Թագավորություն կատարած այցից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կժամանի Փարիզ, որտեղ հանդիպումներ են նախատեսված ոչ միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, այլև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որն այդ նպատակով ժամանել էր Ֆրանսիայի մայրաքաղաք։
Հատկանշական է, որ սա, Միացյալ Նահանգներից ու Մեծ Բրիտանիայից հետո, Զելենսկու երրորդ արտասահմանյան այցն է 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինայի տարածք։ Ընդ որում, Ֆրանսիան համարվում է Կիևի երկրորդ գլխավոր դաշնակիցը Եվրոպայում՝ Մեծ Բրիտանիայից հետո։
AFP-ի փոխանցմամբ՝ Զելենսկուն փետրվարի 8-ի երեկոյան ինքնաթիռի մոտ դիմավորել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն։
🔴 Volodymyr Zelensky accueilli par Emmanuel Macron à l’Élysée pic.twitter.com/Ja46PEwSVQ
— BFMTV (@BFMTV) February 8, 2023
Ելիսեյան պալատում Զելենսկու հանդիպումները սկսվել են Փարիզի ժամանակով 22:00-ից հետո (Երևանի ժամանակով՝ 01:00-ից): Ծրագրով նախատեսված էր, որ փակ դռների հետևում ընթրիքից առաջ սպասվում է երեք երկրների առաջնորդների համատեղ մամլո ասուլիս։
Ելիսեյան պալատի բակում Վլադիմիր Զելենսկուն դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մի քանի վայրկյան անց Մակրոնին ու Զելենսկուն Ելիսեյան պալատի մուտքի մոտ միացել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
🔴🗣️ "Ton courage, ta lucidité et ton engagement impressionne [...] L'Ukraine peut compter sur la France, ses partenaires européens et ses alliés pour gagner la guerre. La Russie ne peut ni ne doit l'emporter", assure Emmanuel Macron à Volodymyr Zelensky. pic.twitter.com/PHNnunhdwq
— LCI (@LCI) February 8, 2023
Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Փարիզը կօգնի Կիևին ռուսական ներխուժման դեմ պայքարում և ջանքեր կգործադրի զենքի մատակարարումների հարցում։ «Ֆրանսիան լի է վճռականությամբ օգնելու Ուկրաինային հաղթելու և վերականգնելու իր օրինական իրավունքները»,- հայտարարել է Ելիսեյան պալատի ղեկավարը։ Նրա խոսքով՝ նախատեսվող աշխատանքային ընթրիքի ընթացքում կողմերը կքննարկեն Կիևի օպերատիվ կարիքները։ «Ուկրաինան կարող է հույսը դնել Ֆրանսիայի, իր եվրոպացի գործընկերների ու դաշնակիցների վրա, որպեսզի հաղթի պատերազմը։ Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Զելենսկուն ևս վստահեցրել է,որ դաշնակիցները կշարունակեն անխափան աջակցությունը։ Նրա խոսքով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Գերմանիան ու նրա դաշնակիցները ֆինանսապես, մարդասիրական օգնությամբ և զենքով աջակցել են Կիևին։ «Մենք կշարունակենք դա անել, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Վլադիմիր Զելենսկին իր հերթին Ֆրանսիային ու Գերմանիային կոչ է արել, որքան հնարավոր է արագ, Կիևին տրամադրել մարտական ինքնաթիռներ ու ծանր սպառազինություն՝ հայտարարելով, որ ռուսական ներխուժման դեմ պայքարում ժամանակը վճռական դեր ունի։ «Ինչքան արագ Ուկրաինան ստանա մեծ հեռահարության ծանր զենքեր, ինչքան արագ մեր օդաչուները ստանան ինքնաթիռներ, այնքան արագ կավարտվի ռուսական ագրեսիան ու մենք կկարողանանք վերադառնալ խաղաղությանը Եվրոպայում»,- նշել է նա։
Նախատեսվում է, որ Փարիզից Զելենսկին Շոլցի ու Մակրոնի հետ միասին կմեկնի Բրյուսել, որտեղ մեկնարկում է ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը։
Լուսանկարը՝ Sarah Meyssonnier/Pool photo
Մեկնաբանել