
Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ ձայնով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
«Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» միջնորդությունը Ազգային ժողովում ներկայացրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Ըստ այդ միջնորդության՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առթիվ 2017թ. մարտի 17-ին Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (2003թ. ապրիլի 18-ին ընդունված) հարուցվել է քրեական գործ (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Խոսքն Արթուր Սարգսյանի մասին է՝ հանրությանը հայտնի «Հաց բերողի»: 49-ամյա Արթուր Սարգսյանը մեղադրվում էր ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին աջակցելու՝ պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ:
Արթուր Սարգսյանը չի ներկայացել փորձաքննություններին, այն կատարել են փաստաթղթերի հիման վրա: 2017թ. մարտի 16-ին մահացել է Արմենիա» բժշկական կենտրոնում:
Արմեն Չարչյանը եղել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի գործադիր տնօրենը: Նա ընդգրկված է եղել Արթուր Սարգսյանի՝ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, որպես փորձագետ: 2017թ. փետրվարի 7-ին, ըստ դատախազության, տվել է ակնհայտ կեղծ եզրակացություն:
Ըստ միջնորդության՝ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել փորձագետների կողմից ծանր կամ առանձնապես ծանր մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ: Այսինքն՝ Արթուր Սարգսյանն ուներ ծանր հիվանդություն, որն անհամատեղելի էր պատժի կրման հետ, սակայն դա չեն արձանագրել:
Նշված դեպքով 2019թ. հունվարի 21-ին Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2003թ. ապրիլի 18-ին ընդունված)՝ կեղծ եզրակացություն տալը, կատարվել է ծանր կամ առանձնապեu ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ:
Արթուր Սարգսյանի մոտ դեռևս 1988թ.-ից ախտորոշվել է «Բեխտերևի» հիվանդություն, ինչն անհամատեղելի է պատժի կրման հետ: Ընդ որում` հիվանդությունն ունեցել է ծանր ընթացք:
Համաձայն Գլխավոր դատախազի միջնորդության՝ Արմեն Չարչյանն իր ցուցմունքում նշել է՝ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ հիվանդությունը չի ունեցել ծանր ընթացք, ինչը չի առաջացրել պատժի կրման անհամատեղելիություն:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ փորձագիտական հանձնաժողովի անդամներից մեկին Չարչյանը նույնիսկ չի տրամադրել բժշկական որևէ փաստաթուղթ, սակայն քանի որ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են եզրակացությունը՝ ինքն էլ է ստորագրել՝ «չէր կարող չստորագրել»: Ավելին՝ հանձնաժողովում ներկայացված է եղել որպես զեկուցող, սակայն այդ մասին իմացել է միայն քրեական գործի հարուցումից հետո:
2019թ. հունվարի 23-ին հարուցված վերը նշված երկու քրեական գործը միացվել է:
Երեկ անձեռնմխելիությունից զրկվեց «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Մեկնաբանել