HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաց բերողը» մահացել է

Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արթուր Սարգսյանը, որը 2016թ-ի հուլիսյան իրադարձություններից հետո հայտնի էր «հաց բերող» անունով: Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Արթուրի եղբայրը` Արսենը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին ՊՊԾ գնդում «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը առաջին անգամ ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը. կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Սակայն 40 օր անց՝ փետրվարի 9-ին նրան կրկին ձերբակալել ու կալանավորել էին՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու հիմքով ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ մեկ օր անց՝ ի նշան կալանավորման դեմ բողոքի, Սարգսյանը հայտարարել էր հացադուլ: 25 օր անց նրա խափանման միջոցը կրկին փոխվել էր, և նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: 3 օր անց հիվանդանոցից դուրս էր գրվել, սակայն երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր: Արթուր Սարգսյանը դարձյալ տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, որտեղ վիրահատվել էր: Բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը «Հետք»-ին առավոտյան հայտնել էր, որ Սարգսյանին քնեցրել են, որպեսզի հարմարվի արհեստական շնչառության ապարատին: Նրա վիճակը գնահատվում էր ծանր:

49-ամյա Արթուր Սարգսյանը մեղադրվում էր պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանի մոտ առկա էր զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, նա տարել էր նաեւ ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոթեզավորմամբ, ուներ որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափի: 2-րդ խմբի հաշմանդամ էր: Արցախյան պատերազմի ժամանակ սնունդ էր մատակարարել ազատամարտիկներին ու ստացել վիրավորում: Ուներ ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք: Նշենք, որ Բեխտերևի հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ):

Առաջին ձերբակալումից ազատվելուց հետո «Հետք»-ը զրուցել էր Արթուր Սարգսյանի հետ: Նա պատմել էր 2016թ-ի հուլիսի 26-ին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներին հաց հասցնելու, իր ձերբակալման, կալանավորման, բանտային օրերի մասին: «Այնտեղ այդ հացի պետքությունը կար, դա մի էդպիսի մի մեծ գործ չի եղել»,- ասել էր «հաց բերողը»:

Մեկնաբանություններ (8)

Նինա
Աստված հոգիդ լուսավորի, լուսավոր ՄԱՐԴ:Կլանը չխնայեց նույնիսկ քեզ:Թող քո ազնիվ եվ անմեղ արյունն էլ մնա ՀՀԿ մարդակերների խղճին:Խնդրում եմ տպագրեք առանց խմբագրման:ԸՄԲՈՍՏ Է ՀՈԳԻՍ ՀԻՄԱ և ԸՆԴՄԻՇՏ:
Վահագն
Վարազ Սյունի, հակառուսական «դասախոսություններդ » Ամստերդամի ԲՈՒՀ երում փորձի կարդաս։Հայաստսնում բոլորը կուշտ են քո նման հեռակա «հայրենասերներից։»
Հասմիկ Ա. Ա.
Խաղաղություն լուսավո՜ր ՄԱՐԴՈՒ լուսավոր հոգուն: Թող ների մեզ................... Ցավակցում եմ հարազատներին...
Արմինե
Այլանդակ, հրեշավոր իրականություն, էս մարդու մահը թող յոթ պորտով քավեն մեղավորները
Վարազ Սյունի
Վահագն(9)- Արդեն 5 տարի պատվե՛րով կոմենտ ես գրում իմ անձի դեմ (ամենատարբեր անուններով): Նախ՝ դու «բոլորը» չես: Դու միայն դու՛ ես. ոստի՝ միայն քո՛ անունից խոսա: Երկրորդ՝ մնացած հարցերում պատասխանի այլևս չես էլ արժանանում: Եթե դու «Հաց բերողի» հիշատակն իսկապե՛ս հարգեիր,նման կոմենտ չէիր գրի: Ռուսավասալների համար ամեն ինչ «հակառուսական դասախոսություններ» են. շարունակեք ջայլամի՛ պես ապրել: ՀԳ.«Հետքին» կոչ եմ անում սրա ու նման կոմենտներ այլևս չտպագրել:
Vahan Asrabian
Վարազ Սյունի, խօսքդ դիպու՛կ է և ճշմարիտ:
Խաչիկ
ՀՀ ողջ անվտանգության համակարգը կփոխեի ՔՈ մի օր ավել ապրելու հետ։ Պարտադիր տեղեկացրեք հուղարկավորության վայրի ու տեղի մասին։
Վարազ Սյունի
«Հաց բերողին» սպանեց Հայաստանում ռուսական գաղութարարությունը: «Հաց բերողին» սպանեցին Հայաստանում ռուսավասալ կգբ գործակալները: Նպատակը անկախ ու ազատ հայի ձայնը լռեցնել փորձելն է: Հայաստանում իշխանափոխություն կլինի միայն այն ժամանակ,երբ հայ ժողովուրդը (88-ի պես) ազգային-ազատագրական պայքար սկսի ռուս գաղութարարության դեմ և Հայաստանից դուրս վռնդի կգբ գործակալներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։