HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովին

ԵՄ-Ուկրաինա 24-րդ գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, որը կայացել էր Կիևում, այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Բելգիայի մայրաքաղաք է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրան ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին տեղափոխող ինքնաթիռը մոտ մեկ ժամ առաջ վայրէջք է կատարել Բրյուսելում։ Դեռ երեկ գիշերվանից Զելենսկին Փարիզում էր, որտեղ հանդիպում էր Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

«Եվրոպական միությունը կաջակցի Ուկրաինային ԵՄ իր ճանապարհի ամեն քայլին»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ օդանավակայանում դիմավորել է Զելենսկուն ու Մակրոնին։ Ֆոն դեր Լյայենի ընդգծմամբ՝ Ուկրաինան եվրոպական պետությունների ընտանիքի մի մասն է։

Գագաթնաժողովի մեկնարկից առաջ էլ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բարձր է գնահատել ԵՄ երկրների միասնականությունը Ուկրաինային աջակցության հարցում, որը պաշտպանվում է ռուսական ներխուժումից։ Նա նշել է, որ արդեն մեկ տարի եվրոպացիները համերաշխություն են հայտնում ուկրաինացիներին։ Բացի այդ, Շոլցը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ուկրաինային ռազմական օգնության մասին որոշումը պետք է նախկինի պես միասնաբար ընդունվի, իսկ Գերմանիան ներկայումս հանդիսանում է երկիր, որը ԵՄ-ում բացարձակ ցուցիչներով ամենամեծ քաղաքացիական ու ռազմական օգնությունն է տրամադրում Կիևին։

Իր ողջույնի խոսքում Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեցոլան ևս նշել է, որ Ուկրաինան Եվրոպա է ու այդ ազգի ապագան Եվրոպական միությունում է։ 

Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում Վլադիմիր Զելենսկին առանձին ելույթ կունենա։ 

Բրյուսել ժամանելուց հետո Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ այստեղ է, որպեսզի «պաշտպանի ուկրաինացիների ուղին դեպի տուն»։ 

Նա շնորհակալություն է հայտնել Եվրամիության երկրներին Ուկրաինային աջակցության համար և հայտարարել, որ Ուկրաինայի հաղթանակը Եվրոպայի հաղթանակն է։

Հիշեցնենք, որ նախօրեին Վլադիմիր Զելենսկին այցելել էր Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա։ Մեծ Բրիտանիայում նա հանդիպել էր վարչապետ Ռիշի Սունաքին, Չարլզ III թագավորին, ելույթ ունեցել բրիտանական խորհրդարանում և այցելել այն ռազմաբազա, որտեղ վերապատրաստվում են ուկրաինացի զինվորականները։

Իսկ արդեն Փարիզում Զելենսկին բանակցություններ էր վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Լուսանկարը՝ KENZO TRIBOUILLARD/AFP/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter