
Երդման արարողությունից մեկ օր անց դատավորին Շիրակից տեղափոխում են Արմավիր
Նախագահական նստավայրում երդման արարողությունից մեկ օր անց Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Հանրապետթյան նախագահին առաջարկել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին նշանակել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Երդման արարողությունը կայացել է փետրվարի 7-ին, իսկ Մ. Կիրակոսյանին այլ դատարանում դատավորի թափուր տեղի պաշտոնում առաջարկ ներկայացնելու որոշումը ԲԴԽ-ն կայացրել է փետրվարի 8-ին: Դատավորի անունը նույնիսկ չի հայտնվել դատական էլեկտրոնային համակարգում, այսինքն նրան գործեր չեն մակագրվել:
Մակար Կիրակոսյանը նախագահի հրամանագրով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվել է 2023թ. հունվարի 30-ին: Մինչ դատավոր նշանակվելը նա զբաղեցնում էր Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի պետի պաշտոնը:
Եթե նախագահն ընդունի ԲԴԽ-ի առաջարկը, ապա հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Մակար Կիրակոսյանի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները կհամարվի դադարած:
Առաջին դեպքը չէ, երբ ԲԴԽ-ն Շիրակի մարզը դարձնում է «տրանզիտ», և հաճախ է դատավորների տեղափոխություններ կատարում:
Հիշեցնենք, 2023թ. հունվարի 13-ի որոշումներով՝ ԲԴԽ-ն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թափուր տեղերն զբաղեցնելու առաջարկ էր ներկայացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քրեական գործեր քննող 4 դատավորներին։ Հանրապետության նախագահը հունվարի 23-ի հրամանագրերով վերջիններիս նշանակել էր Երևան քաղաքում:
Ադրինե Ղուկասյանը Հանրապետության նախագահի 2018թ. հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Օրեր անց՝ հոկտեմբերի 29-ին, ԲԴԽ-ի որոշումով դատավոր Ղուկասյանը 4 ամիս ժամկետով գործուղվել էր Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այնուհետև, հաշվի առնելով չավարտած գործերը, գործուղման ժամկետը երկարացվել էր մինչև մարտի 28-ը:
Ադրինե Ղուկասյանը ԲԴԽ-ի առաջարկությամբ 2020թ. հոկտեմբերի 28-ին նշանակվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Սակայն, նշանակման հաջորդ օրը, ԲԴԽ-ի որոշմամբ, 2020թ. հոկտեմբերի 30-ից 2021թ. ապրիլի 30-ը ներառյալ, գործուղվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
ԲԴԽ-ի մեկ այլ որոշումով Ա. Ղուկասյանի գործուղման ժամկետը երկարացվել էր 2021թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը ներառյալ: Այդ ընթացքում դատավոր Ղուկասյանի անունը հանվել է գործերի բաշխման ցանկից՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել վարույթում գտնվող գործերի քննությունը:
2023թ. հունվարի 20-ին դռնփակ նիստում ԲԴԽ-ն որոշել էր Հանրապետության նախագահին առաջարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար: Նախագահի հրամանագրով հունվարի 26-ին կատարվել է նշանակումը:
Այլ տեղափոխումներ ևս եղել են Շիրակի մարզում, ինչը դժվարացնում է պատշաճ և ողջամիտ ժամկետում գործերի քննությունը:
Մեկնաբանել