HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միշտ մտածում եմ՝ միթե էնքան ուժ չենք ունենա, որ մինչեւ վերջ պայքարենք, բայց վերջն ախր չի երեւում»

Արցախի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի լրագրող Մարիամ Սարգսյանին շատերը գուցե կհիշեն պատերազմի օրերին՝ 2020 թ. հոկտեմբերի 24-ին, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրությունից։ Նրա եւ ամուսնու՝ Հովիկի պսակադրությունը վերջինն էր Ղազանչեցոցում Շուշիի գրավումից առաջ։

Ամուսնացող զույգը Արցախի Մարտունի քաղաքից է։ Պատերազմի օրերին Մարիամը Երեւանում էր, Հովիկը՝ ռազմաճակատում։ Մտածում էին, որ պատերազմը մինչեւ հոկտեմբերի 24-ը կավարտվի, եւ իրենք կամուսնանան այդ օրը։ Բայց արդեն հոկտեմբերի 20-ին հասկացել էին, որ պատերազմը շարունակվելու է, ու հնարավոր է՝ պսակադրությունն էլ հետաձգվի։ Երկու օրվա ընթացքում արագ կազմակերպել էին պսակադրությունը։ Մարիամը Երեւանից էր գնացել Շուշի, իսկ Հովիկը՝ ռազմաճակատից։

Մարիամը պատմում է, որ բոլոր հյուրերը ռազմաճակատից էին եկել Շուշի, այդ թվում՝ քավորը. Մարիամը նույնիսկ հարսնաքույր չուներ։ Հիմա, երբ հետահայաց նայում է, հասկանում է, որ մեծ ռիսկ էր այդ օրերին Արցախ հասնելը, քանի որ ճանապարհին կարող էր ինչ-որ բան պատահել։ Արցախ մեկնելու նախորդ օրը մայրը փորձում էր Մարիամին համոզել, որ չգնա ճանապարհների վտանգավորության պատճառով, բայց դուստրն անդրդվելի էր։ «Վերջում ասաց՝ դե լավ, դու էլ իմ զիվորն ես»,- հիշում է Մարիամը։

Նրանց համար անակնկալ էր մեծ թվով լրատվամիջոցների՝ եկեղեցում գտնվելը։ Զրուցակիցս ասում է՝ միայն մեկ լուսանկարչի էին խնդրել, որ գա, նկարի որպես այդ օրվա հուշ։ Բայց երբ այդքան լրագրողի էր տեսել, ամաչել էր։

«Միշտ կատակով ասում են՝ դուք վերջին զույգն էիք, որ ամուսնացաք Ղազանչեցոցում, հիմա էլ ասում են՝ վերջին զույգն եք, որ ծաղիկով եք դուրս գրվել ծննդատնից, հետո արդեն ծաղիկները քչացան եւ իսպառ վերացան»,- ասում է Մարիամը։

Նրա առաջնեկը՝ Սաթէն, ծնվել է Արցախի շրջափակումից երեք օր առաջ՝ դեկտեմբերի 9-ին։ Երբ դեկտեմբերի 13-ին դուրս էին գրվել հիվանդանոցից, Արցախն արդեն շրջափակման մեջ էր։

Սաթէն արդեն երկու ամսական է, եւ նրա օրերն անցնում են շրջափակված Արցախում, որտեղ խանութները դատարկ են, գազն ու լույսը՝ խափանումներով ու անջատումներով, բայց Սաթէն դեռ չի գիտակցում այդ ամենը, ժպտում է, մեծերի հայացքները որսում։

Շրջափակումից հետո Մարիամն սկսել է օրագրություն անել Սաթէի համար։ 30 տարի առաջ էլ՝ դեռ 1980-ականներից սկսած, իր մայրն էր օրագրություն անում։  

-Հետաքրքիր է՝ իմ ու իր ապրումներն էս օրերին, կարծես, լրիվ նույնն են։ Օրինակ, նկարագրում է, որ հայրս գնաց դիրքեր, հիմա ամուսինս էլ է պայմանագրային զինծառայող, շուտով՝ սպա, ու էլի նույն վիճակն է, հիմա օրինակ, ինքը պոստում է, վաղը պիտի գա։ Իմ պապան էլ, երբ ես նոր էի ծնվել, պոստերում էր։ Կարծես, բան չի փոխվում,- ասում է Մարիամը։

-Մի օր Սաթէն էլ կկարդա՞ դա,- հարցնում եմ նրան։

-Էնքան եմ ուզում, որ ինքն ասի՝ ինձ շատ օտար են էս պատմությունները, չնայած 2020-ից առաջ ես էլ էի մտածում, թե էս ինչ պայմաններում են ապրել, բայց պատերազմից երկու տարի անց նույն վիճակն է, ինչ 30 տարի առաջ,- պատասխանում է զրուցակիցս։

Շրջափակման օրերին գազի պարբերական անջատումների պատճառով Մարիամի ընտանիքը Ստեփանակերտից տեղափոխվել է Մարտունի, որտեղ փայտի վառարանով են ջեռուցում տունը։ Մարիամը նկատում է, որ շատ ընտանիքներ են այդ քայլին դիմել, որպեսզի գոնե երեխաների համար տունը տաք լինի։ «Հիմա կատակով ասում են՝ ով գյուղի բարեկամ ունի, երջանիկ է»,- նշում է նա։

Մարիամի օրն սկսվում է երեխայի խնամքով եւ լուրերին հետեւելով։ Հաճախ քույրն էլ է իր երկու տարեկան երեխային Մարիամի մոտ թողնում, քանի որ Մարտունիում այս օրերին մանկապարտեզները չեն գործում, իսկ քույրն աշխատում է դպրոցում։

«Անընդհատ խանութներից լուրեր են գրում՝ էստեղ տակդիր ստացան, մի տեղ՝ քաղցրավենիք, մի ուրիշ տեղ՝ երշիկ։ Աբսուրդային է այս իրականությունը։ Մարդկանց ինչ աստիճանի են հասցրել, որ կարեւոր անվտանգային հարցը թողած՝ շատերին հետաքրքրում է տարրական սննդի հարցը, թե որ խանութում ինչ են ստացել»,- ասում է Մարիամը։

Զրուցակիցս նկատում է՝ Ստեփանակերտում մթերքն ավելի շուտ է հասնում, քան Մարտունիում։ Օրինակ՝ եթե գազար են ստացել մայրաքաղաքում, Մարտունիում կլինի երկու օրից։ Շատերն արդեն գիտեն բարեկամների տան լույսերի անջատման գրաֆիկը, որպեսզի հասցնեն այցելել իրար։

-Ի՞նչ եք մտածում քնելուց առաջ,- հարցնում եմ Մարիամին։

-Միշտ մտածում եմ՝ միթե էնքան ուժ չենք ունենա, որ մինչեւ վերջ պայքարենք, բայց վերջն ախր չի երեւում։ Մտածում ես, որ եթե բացվի ճանապարհը, երեւի մարդիկ կլինեն, որ դուրս կգան այստեղից, բայց տարիներ առաջ էլ մարդիկ զրկանքներ են կրել, զոհեր են ունեցել, միթե հարյուրավոր տարիներ մենք պիտի ապրենք էս վիճակում։ Մտածում եմ՝ ի՞նչ եմ փոխանցելու իմ երեխային,- պատասխանում է զրուցակիցս ու շարունակում, որ ինքը շարունակելու է ապրել Արցախում, ու շատերն են այդպես մտածում։

Նույնիսկ այս ծանր օրերին արցախցիները չեն կորցրել հումորի զգացումը։ «Եթե հումորը չլինի, էնքան դժվար կլինի։ Ու մի տեսակ ինչքան էլ ծանր է, ինչ-որ հետաքրքիր բան կա, մարդկությունը, հոգատարությունն ես զգում։ Օրինակ՝ մորաքույրս մի լիտր կաթ վերցրած կգա կամ ինչ-որ մթերք, որ դժվար է գտնվում հիմա։ Ու հետաքրքիրը մրգերն են՝ ոչ մի հասուն մարդու ձեռք չի գնում այդ մրգերը ուտել, եթե տանը երեխա կա»,- նշում է Մարիամը։

Ամեն բացվող օրվա հետ Մարիամն արթնանում է այն հույսով, որ ճանապարհը կբացվի, կամ մի լավ լուր կլինի։ Հետո նկատում է, որ դա սպասում է, մինչդեռ իրականությունը լրիվ այլ է։

Մեկնաբանություններ (1)

կարպիս
հիշում եմ 1997-ին էր։ չիկագոյի հայ բարեգործական ընկերության սրահում հանդիպեցի զորի բալայանին։ հարցրեց իմ մասին, պատմեցի, որ բնիկ իրանցի եմ եւ գերմանիա եմ բնակւում։ իսկ ԱՄՆ աշխատանքի բերումով եմ եկել։ իրեն պատմեցի նաեւ, որ նպատակ ունեմ երկու դուստրերիս տանել հայաստան եւ կնքել այնտեղ։ զորին առաջարկեց գալ արցախ եւ կնունքը կատարել շուշիում. ապա իր եւ առաջնորդարանի հեռախոսահամարները տւեց, որպեսզի կապ հաստատեմ իրենց հետ։ մեկ տարի անց կնոջս եւ աղջիկներիս առի եւ ճանապարհւեցինք երեւան/ ստեփանակերտ/ շուշի։ կնունքի բարեհաջող արարողությունը տեղի ունեցաւ հենց այս ղազանչեչոց եկեղեցում, տեր գեւորգի ձեռամբ։ կնունքի աւարտից հետո տեր գեւորգը ընտանիքիս առաջնորդեց եկեղեցու մի սրահ ուր պահւում էր մի կաթսա, որը ժամանակին արտադրւել էր շուշիում եւ հենց կաթսայի ձեռնարկատիրոջ նախաձեռնությամբ էլ կառուցւել էր այս եկեղեցին, որը այս առումով ժողովրդի մոտ կոչւել էր «ղազանչեցոց»։ արարողությունից հետո պատիվ ունեցանք ծանոթանալ արցախի պարգեվ սրբազանին, որի աջակցությամբ էլ տեղի էր ունեցել կնունքը։ թուրքամետ հայածին (բայց ոչ հայ) տմարդիք շուշին հանձնեցին մեր թշնամուն, բա՛ց ես հուսով եւ վստահ եմ որ օրը կգայ երբ գեղեցիկ շուշին նորից մերը կլինի եւ ես այնտեղ այս անգամ կկնքեմ իմ թոռնիկներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter