
Ամերիկյան կործանիչը Կանադայի երկնքում անհայտ օբյեկտ է խոցել
Ամերիկյան կործանիչը Կանադայի օդային տարածքում՝ Յուկոնի վրա, անհայտ օբյեկտ է խոցել։ Այդ մասին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Փետրվարի սկզբից ի վեր սա արդեն երրորդ նման դեպքն է Հյուսիսային Ամերիկայում:
«Ես հրամայել եմ խոցել անհայտ օբյեկտը, որը խախտել էր Կանադայի օդային տարածքը։ NORAD-ը (Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը) խոցել է այն Յուկոնի վրա։ Կանադական և ամերիկյան ինքնաթիռները օդ են բարձրացվել, և ամերիկյան F-22-ը հաջողությամբ խոցել է օբյեկտը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թրյուդոն։
I ordered the take down of an unidentified object that violated Canadian airspace. @NORADCommand shot down the object over the Yukon. Canadian and U.S. aircraft were scrambled, and a U.S. F-22 successfully fired at the object.
— Justin Trudeau (@JustinTrudeau) February 11, 2023
Նա հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ միասին քննարկել է տեղի ունեցածը։ Հիմա զինվորականներն զբաղվում են բեկորների որոնմամբ՝ դրանց հետագա ուսումնասիրման նպատակով, ասել է Թրյուդոն։
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փեթ Ռայդերն ավելի ուշ հայտնել էր, որ ի սկզբանե խոցված օբյեկտը հայտնաբերվել էր Ալյասկայի երկնքում։
Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ օբյեկտը թռել է մոտ 12 կիլոմետր բարձրության վրա և սպառնալիք հանդիացել քաղաքացիական թռիչքների անվտանգության համար։ Նրա խոսքով՝ այն եղել է փոքր չափսի և ունեցել գլանաձև տեսք։
Երկու օր առաջ Ալյասկայի վրա խոցվել էր մեկ այլ անհայտ թռչող օբյեկտ, որն ունեցել է «փոքր ավտոմեքենայի չափս»։ Դրա հնարավոր ծագման և գործառույթների մասին ոչինչ չէր նշվել։ Դրանից մեկ շաբաթ առաջ էլ Հարավային Կարոլինայի ափամերձ հատվածի երկնքում ամերիկացի զինվորականները խոցել էին չինական օդապարիկ, որը երկրի իշխանությունները որակել էին որպես Չինաստանի լրտեսական ծրագրի մաս։ Պեկինն այս մեղադրանքները հերքում է և պնդում, որ այն իր ուղեծրից շեղված օդերևութաբանական օդապարիկ էր։
Լուսանկարը՝ Airman 1st Class Mikaela Smith/U.S. Air Force via AP
Մեկնաբանել