HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն խոցել է չինական ենթադրյալ հետախուզական օդապարիկը

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի երկնքում ամերիկացի զինվորականները խոցել են չինական ենթադրյալ հետախուզական օդապարիկը։ Այդ մասին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը։

Ափային պահպանության ծառայությունը կորոնի դրա բեկորներն ուսումնասիրության համար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին հայտնել է, որ ինքը հրամայել էր խոցել օդապարիկը «որքան հնարավոր է արագ», երբ իմացել էր, որ այն գտնվում է այդ երկրի օդային տարածքում։ Ընդորում, Պենտագոնից հայտարարել էին, որ Բայդենը հրամայել էր խոցել օդապարիկը դեռևս փետրվարի 1-ին, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարությունից խնդրել էին նախագահին սպասել։

Շաբաթ երեկոյան օդապարիկը նկատվել էր Հարավային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքի ու Հարավային Կարոլինայի Հյուսիսային Գրինվիլ շրջանի միջև։ Գործողությունն իրականացնելու համար ԱՄՆ ավիացիոն դաշնային վարչությունը Հյուսիսային և Հարավային Կարոլինաների որոշ հատվածներում փակել էր օդային տարածքները։ Չարլսթոնի, Միրթլ Բիչի և Ուիլմինգթոնի օդանավակայաններում բոլոր թռիչքները դադարեցվել էին ազգային անվտանգության նպատակով։ 

Ավելի վաղ, լրագրողի այն հարցին, թե արդյոք Պենտագոնը կխոցի չինական օդապարիկը, Ջո Բայդենը պատասխանել էր. «Մենք կհոգանք այդ մասին»։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ օդապարիկի խոցման համար գործի են դրվել Վիրջինիա նահանգում գտնվող ռազմաօդային ուժերի Լենգլի ավիաբազայի F-22 կործանիչները։ CNN-ի աղբյուրի տվյալներով՝ դրա ուղղությամբ արձակվել է AIM-9X տեսակի մեկ հրթիռ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ դա «քաղաքացիական օդապարիկ է, որը կիրառվում է օդերևութաբանական նպատակներով»։ Ավելի ուշ, երբ հայտնի էր դարձել օդապարիկի խոցման մասին, Չինաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել ԱՄՆ գործողությունների դեմ։ «Չինական կողմն իր խիստ դժգոհությունն ու բողոքն է հայտնում քաղաքացիական անօդաչու օդապարիկի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման դեմ։ Չինաստանը ստուգումից հետո արդեն մի քանի անգամ ամերիկյան կողմին տեղեկացրել է այն մասին, որ օդապարիկը նախատեսված է քաղաքացիական օգտագործման համար և մտել է ԱՄՆ օդային տարածք ֆորս մաժորի պատճառով։ Դա միանգամայն անկանխատեսելի իրավիճակ է եղել»,- ասված էր չինական կողմի հաղորդագրության մեջ։

Չինաստանի ԱԳՆ-ն հավելել էր, որ այդ երկիրն իրեն իրավունք է վերապահում հետագա անհրաժեշտ արձագանքի և վճռականորեն պաշտպանելու է իր օրինական իրավունքներն ու շահերը:

Նախօրեին Պենտագոնում հայտարարել էին, որ չինական ևս մեկ հետախուզական օդապարիկ գտնվում է Լատինական Ամերիկայի երկնքում։ CNN-ը, հղում անելով ամերիկյան պաշտոնյային, նշել էր, որ այն չի մոտենում Միացյալ Նահանգներին։

Երկու օր առաջ Պենտագոնը հայտարարել էր ԱՄՆ հյուսիսային հատվածում չինական հետախուզական օդապարիկի հայտնաբերման մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ այն ուղարկվել էր չինական կառավարության կողմից հետախուզական տվյալների հավաքման նպատակով։

ԱՄՆ պետքարտուղարությունում իրավիճակն անվանել էին ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում։ Դրա պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անորոշ ժամկետով հետաձգել է իր այցը Չինաստան։

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն սրվել էին անցած տարվա ամռանը Թայվան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի պատճառով։ Չինաստանի ԱԳՆ-ն վճռական բողոք էր արտահայտել և հայտարարել, որ դա խախտում է «մեկ Չինաստանի» քաղաքականության սկզբունքը։ ԱՄՆ-ում ընդգծում են, որ Թայվան Փելոսիի այցը չի հակասում Չինաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը։

Պատկերը՝ The New York Post-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter