HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պետդումայի նախագահը հորդորել է Հայաստանին հրաժարվել եվրոպական կառույցների օգնությանը դիմելուց

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ Պետդումայում այսօր՝ փետրվարի 13-ին տեղի ունեեցած հանդիպմանը զգուշացրել է Հայաստանին՝ հրաժարվել հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում եվրոպական կառույցներին ներգրավելուց և ասել, որ Հայաստանը կարող է կորցնել իր պետականությունը։

«Եկեք ելնենք նրանից, որ կա որոշում, որն ընդունվել է Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով։ Կառաջնորդվենք դրանցով և մեր կողմից կանենք ամեն ինչ, որ այդ պայմանավորվածություններն իրագործվեն։ Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական ինստիտուտների ուղղությամբ, ուղղակի կարող են կորցնել երկիրը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան՝ ակնարկելով այն հանգամանքը, որ փետրվարի 20-ից հայկական կողմի նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական սահմանին կտեղակայվի մինչև 1000 անդամից բաղկացած եվրոպական դիտորդական առաքելություն։

Վոլոդինի խոսքով՝ Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին կարող են նոր խնդիրներ առաջացնել։ «Մինչև Եվրախորհրդարանին կանչելը և այդ մարմնին ինչ-որ հարցերի լուծման մեջ ներգրավելը պետք է պատասխանել՝ իսկ ընդհանրապես Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է։ Այդպիսի օրինակ չկա»,- ասել է Վոլոդինը։

Նա հիշատակել է նաև Ուկրաինան ու նշել, որ նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է մտածել Ուկրաինայի օրինակի մասին։ «Այդ իսկ պատճառով, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին ու ԵԽԽՎ-ին, պետք է 10 անգամ մտածել և կշռադատել, թե ինչպես այն կարող է ավարտվել նույն Ուկրաինայի, Հարավսլավիայի, մյուս երկրների օրինակի նման։ Նա, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է իրավիճակի կարգավորում, պետք է ոչ միայն հեռու մնա այդ կեղծ խորհրդարաններից՝ և’ ԵԽԽՎ-ից, և’ Եվրախորհրդարանից, այլ գիտակցի, որ դրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կստեղծի նորանոր խնդիրներ։ Եվ եթե դա անում են, ապա պետք է կրեն պատասխանատվություն հետևանքների համար»,- շարունակել է զգուշացնել ռուսաստանցի քաղաքական գործիչը։ 

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 23-ին Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները հաստատել էին Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը՝ Կովկասում կարգավորմանն աջակցելու նպատակով։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ առաքելության ստեղծմամբ «Հարավային Կովկասում Եվրամիության ջանքերի նոր փուլ է մեկնարկում»։

Առաքելության մանդատը ենթադրում է «մշտական պարեկություն և իրավիճակի վերաբերյալ (Բրյուսել) զեկույցների ուղարկում, ինչը կբարձրացնի տեղում իրավիճակի վերաբերյալ ԵՄ ըմբռնման մակարդակը»։ Հայտարարության մեջ ասվում էր, որ առաքելությունը կնպաստի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդական ջանքերին։ 

Առաքելությունը Հայաստան է ուղարկվում երկու տարի ժամկետով։ Քաղաքացիական առաքելության ղեկավար է նշանակվել Ստեֆանո Տոմատը։ Բրյուսելի փորձագետները նշում են, որ այս առաքելության ստեղծումը հատուկ նշանակություն ունի Եվրամիության և Ռուսաստանի դիմակայության պայմաններում։ Այն պետք է նպաստի Հարավային Կովկասում ԵՄ դիրքերի ամրապնդմանը։

Դեկտեմբերի 19-ին Հայաստանում իր աշխատանքն էր ավարտել ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, որը Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի I գագաթնաժողովի շրջանակներում կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից հետո։

Համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների պայմանավորվածության՝ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հոկտեմբերի 20-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին՝ իրավիճակի մշտադիտարկման, վերլուծման ու տեղում առկա իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույցի պատրաստման համար։

«Եվրոպացի 40 փորձագետի տեղակայումն արդյունավետ էր և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ամրապնդմանը։ Այսօր մեկնարկում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային խմբով»,- ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքը մեջբերել էր նրա մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ որոշվել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։

Հայաստանում իր գործունեությունն ավարտած ԵՄ առաքելությունը դեռևս չի հրապարակել ոչ մի զեկույց։ Հիշեցնենք, որ նրանք դաշտային աշխատանքներ են իրականացրել ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, որոնք դարձել էին Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումների թիրախ։

Լուսանկարում՝ Սահիբա Գաֆարովան և Վյաչեսլավ Վոլոդինը/Պետդումայի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter