
Իսրայելը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել «Համաս»-ի օբյեկտներին
Իսրայելի ավիացիան, ի պատասխան Գազայից իր տարածքի հրթիռակոծության, փետրվարի 13-ին Գազայի տարածքում հարվածներ է հասցրել ստորգետնյա համալիրին, որտեղ «Համաս» արմատական իսլամական շարժումը հումք էր պահում հրթիռների արտադրության համար։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Զոհերի մասին տվյալներ չկան։
Իսրայելը հայտարարել է, որ ստորգետնյա համալիրին հարվածը հասվել է որպես պատասխան նախորդ շաբաթվա վերջին Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի։ Այդ ժամանակ պաղեստինցիները չէին ստանձնել հարվածի պատասխանատվությունը։
Փետրվարի 13-ի գիշերն Իսրայելի հարավում կրկին հնչել էին օդային տագնապի ազդանշանները։ Հրթիռը, որը փետրվարի 11-ին Գազայից արձակվել էր Իսրայելի ուղղությամբ, խոցվել էր իսրայելական ՀՕՊ համակարգերի կողմից։ Այդ ժամանակ ևս չէր հաղորդվել զոհերի ու վիրավորների մասին։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Գազայում իշխող «Համաս»-ը պատասխանատվություն է կրում ահաբեկչական գործունեության համար, որն իրականացվում է այդ տարածքից։
Մոտ մեկ շաբաթ առաջ Իսրայելի ավիացիան համանման հարվածներ էր հասցրել Գազայի ուղղությամբ։ Իսրայելում և պաղեստինյան տարածքներում արդեն մի քանի շաբաթ պահպանվում է խիստ լարված իրավիճակը։ Միայն այս տարվա ընթացքում պաղեստինյան հարձակումների հետևանքով զոհվել է ինը իսրայելցի և մեկ ուկրաինուհի։ Իսրայելն ամեն օր գործողություններ է կատարում Հորդանան գետի արևմտյան ափին։ Միայն ընթացիկ տարվա ընթացքում իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 40 պաղեստինցի։
Իսրայելը դեռ 1967 թվականից ռազմական վերահսկողություն ունի Հորդանան գետի արևմտյան ափի ու Արևելյան Երուսաղեմի նկատմամբ։ Այսօր այնտեղ բնակվում է ավելի քան 600 000 հրեա վերաբնակիչ։ Պաղեստինցիները պնդում են, որ այդ տարածքները պատմականորեն պատկանում են իրենց և հայտարարում, որ մտադիր են ստեղծել անկախ պետություն, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը։
Լուսանկարը՝ Mahmud Hams/AFP via Getty Images
Մեկնաբանել