HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևն ու Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 14-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի շրջանակներում։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը կայացել է Ալիևի նախաձեռնությամբ։

«Քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը։ Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության նպատակով հետևողական քայլերի կարևորությունը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։ Ռուսական կողմը նշում է, որ այս համատեքստում կողմերը հաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունների ամբողջ համալիրի «անվերապահ կատարման մտադրությունը»։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը հանգամանալից քննարկել են նաև երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական համագործակցության զարգացման հետագա հեռանկարները, ներառյալ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրագործումը։

Վերջին անգամ Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։ Այդ ժամանակ ևս օրակարգում Մոսկվայի, Բաքվի ու Երևանի միջև պայմանավորվածությունների իրագործման հարցն էր։

44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը միջնորդի դեր է ստանձնել հայ-ադրբեջանական բանակցություններում ու երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման գործընթացում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Մոսկվայի միջնորդությամբ հայտարարվել էր հրադադար, որի ընթացքում ընդունվել էր եռակողմ հայտարարություն։ Իսկ 2021 թվականի հունվարին Կրեմլում կայացել էր երեք երկրների առաջնորդների եռակողմ հանդիպում, որից հետո նոր հայտարարություն էր ստորագրվել՝ տարածաշրջանում ենթակառուցվածքային նոր նախագծերի իրականացման վերաբերյալ։

Արդեն երկու ամսից ավելին է, ինչ փակ է Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի քանի տասնյակ ադրբեջանցիներ, հիմնականում իշխանամետ ՀԿ-ների ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս, այսպես կոչված, «էկոակտիվիստների» անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախն ու Հայաստանն իրար կապող միակ ճանապարհն է։

Բաքվում հայտարարում են, որ այսպես կոչված, ակցիայի նպատակը «ճանապարհի փակելը չէ, իսկ քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցները կարող են ազատորեն երթևեկել երկու ուղղություններով»։ Սակայն իրականում Բաքուն խոչընդոտում է տեղաշարժին, և, փաստացի, Արցախի բնակչությանը պահում շրջափակման մեջ։ Քաղաքացիական բնակչությունը չի կարողանում երթևեկել Լաչինի միջանցքով։

Երևանում այս ակցիան անվանում են Բաքվի հերթական սադրանքը, որը նպատակ ունի ստեղծել հումանիտար աղետ։ Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախում շրջափակման պատճառով սկսվել է պարենային ճգնաժամ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter