HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները Ստորին Հրազդան ջրանցքը աղբանոցի են վերածել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով հոսում է Ստորին Հրազդան ջրանցքը, որը սկիզբ է առնում Հրազդանի կիրճից ու հոսում մինչև Մեծամոր։ Բնակիչներն այն աղբանոցի են վերածել։ Ջրանցքից գարշահոտ է գալիս։ Հոտն ավելի սաստիկ է զգացվում վարչական շրջանի Շրջանային փողոցում։ Բնակիչները ջրանցք կենցաղային աղբ, սննդի մնացորդներ ու անպետք իրեր են նետում։

Մեզ հանդիպած բնակիչները չցանկացան տեսանկարահանվել, բայց նշեցին, որ փողոցի գրեթե բոլոր բնակիչները աղբ են նետում ջրանցք։

Գասպար Ղարագյոզյանը Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի բնակիչներից է։ Ասում է՝ ամեն տարի տեսնում է, որ ջրանցքը մաքրվում է, կարծում է, որ տարածվող գարշահոտը կարող է որևէ գործարանի թունավոր արտանետում լինել, բայց նշում է նաև, որ անձամբ է տեսել՝ ինչպես են բնակիչներն աղբ նետում այնտեղ։

«Հիմա ջուրը կանգնած է, չի հոսում, բայց երբ ջրի մակարդակը բարձրանում է, հոսում է, լցված կեղտը քշում-տանում է, լսել եմ նաև, որ ռեստորաններից են կեղտ լցնում ջրատար»,-ասաց Գասպարը։

Մեկ այլ բնակիչ, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ հարևանները կենցաղային աղբ են թափում։ «Մարդիկ չեն ուզում մի քանի մետր ավել քայլել ու աղբամանը գցել, տան պատուհանից ուղիղ ներքև են գցում։ Բա դա անելու բա՞ն է»,-ասաց նա։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը հայտնեց, որ ամեն տարի գարնանը «Ջրառ» ՓԲԸ-ն մաքրում է ջրատարը։ Վերջերս նաև ամենօրյա հերթապահություն է սահմանվել: Առավոտյան 9-ից երեկոյան 6-ը վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները հսկում են ջրատարի հարակից տարածքները։ Այդ տարածքում նաև շինաղբ է թափվում։ Խաչատրյանի խոսքով՝ աղբատար մեքենաներն ամենօրյա ռեժիմով մաքրում են նաեւ շինաղբը։ 

Երբ աղբ թափելու դեպքեր են արձանագրում, տուգանում են։ Նախատեսում են նաև ջրանցքի շուրջ տեսախցիկներ տեղադրել, 1.5 մետր բարձրությամբ ցանկապատ դնել։

«Առաջին հերթին բնակիչները պետք է հասկանան ու նման բան չանեն, մաքրվում է, ամեն տեղ աղբամաններ են դրված, էնպես չի, որ աղբաման չկա, ստիպված ջուրն են գցում աղբը։ Ես վարչական շրջանին վերաբերվում եմ ինչպես իմ տանը, իրենք էլ պետք է նույնն անեն, ես չեմ հասկանում, ո՞նց կարող է մարդն իր տան շուրջը կեղտոտել »,-ասաց բաժնի պետ Խաչատրյանը։

«Ջրառ» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետ Աղվան Բեգլարյանը մեզ պատմեց, որ ամեն տարի գարնան սկզբին, կախված եղանակային պայմաններից, ջրանցքը մաքրվում է, բայց բնակիչները շարունակում են աղբ թափել: Եթե տեղումներ չլինեն, աշխատանքներն այս տարի կսկսվեն մարտի 1-ից ու կտևեն մինչև ապրիլի 5-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter