HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի հետ մեկտեղ նոր էլեկտրագիծ է կառուցվում

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունից «Հետքին» հայտնել են, որ Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի ՀՀ-ի հատվածը, որն անցյալ տարվանից կառուցվում է, նախատեսվում է երթեւեկելի դարձնել ապրիլի 1-ից:

Խոսքը 11,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի մասին է, որն սկսվում է Մ-12 (Գորիս-Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ) միջպետական ճանապարհի Տեղ գյուղի հատվածից, անցնում Կոռնիձոր գյուղով եւ ավարտվում պետական սահմանի մոտ՝ Հագարի գետի ափին: Սահմանային հանգույց է գետի վրա կառուցված նոր կամուրջը, որի մոտ՝ գետի մյուս ափին, տեղակայված են ՌԴ խաղաղապահները:

Կարմիրով - Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման կառուցվող ճանապարհը
Կապույտով - ժամանակավոր ճանապարհ, որը Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհից տանում է դեպի Հագարիի սահմանային կամուրջ
Կանաչով - Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ (Մ-12) ճանապարհը. ներկայում երթեւեկության համար բաց է մինչեւ ժամանակավոր ճանապարհ հասնող հատվածը 

2022 թ. օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր-սահման հատվածը պատրաստ կլինի 2023-ի գարնանը, եւ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ 

Անցյալ տարվա հոկտեմբերին գրել էինք, որ Տեղից մինչեւ սահմանային կամուրջ շինարարությունն իրականացնում է ճանապարհաշինական 3 կազմակերպություն, որոնց հետ ՏԿԵՆ-ը պայմանագրեր է կնքել:

Աշխատանքները նախատեսված էին 2022-2023 թթ.: Ըստ կողմերի միջեւ ստորագրված համաձայնագրերի՝ ասֆալտապատումը պիտի արվի այս տարի: Ասֆալտի տակ լինելու է 20 սմ-ոց խճավազային հիմք, դրա տակ՝ 10 սմ հաստությամբ ավազակոպիճ: Իր հերթին 16 սմ հաստությամբ ասֆալտը լինելու է եռաշերտ. երկու շերտը՝ խոշորահատիկ, վերին շերտը՝ մանրահատիկ:

Ըստ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ չնայած նոր ճանապարհի երթեւեկելիությունը նախատեսված է ապրիլի 1-ից, շինարարական աշխատանքները կշարունակվեն, եւ ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված ու ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը:

Բաքվի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող, բայց «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից փակ են պահում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը, մյուս կողմից՝ նույն ռեժիմի հրահանգով պարբերաբար արգելափակվում է Հայաստանից Արցախ գնացող գազատարը, որի մի մասը գտնվում է թշնամու վերահսկողության տակ:

Բացի դրանից՝ հունվարի 9-ին՝ 14:35-ին, արձանագրվել է Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագծի վթար Աղավնո-Բերձոր հատվածում, որը եւս 2022-ի օգոստոսի վերջից թշնամու վերահսկողության տակ է: Ադրբեջանցիները մինչ օրս խոչընդոտում են հայ մասնագետների մուտքն այդ տարածք, ինչը հերթական անգամ ցույց է տալիս Արցախը նաեւ էներգետիկ բլոկադայի ենթարկելու նրանց անթաքույց նպատակը: Այս ֆոնին Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումը կատարվում է միայն ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին, ինչը, բնականաբար, մեծացնում է համակարգի ծանրաբեռնվածությունը:

Բացի վերոնշյալից, ինչպես հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, հունվարի 12-ին՝ 15:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում (շրջափակման վայր) դիտավորյալ կտրել էր ՀՀ-ից Արցախ գնացող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության եւ ֆիքսված համացանցի հասանելիությունը։ Հունվարի 13-ին, սակայն, ՌԴ խաղաղապահների միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տեխնիկական մասնագետները կարողացել են մեկնել վթարման վայր ու տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ, ինչի արդյունքում ինտերնետային կապն Արցախում վերականգնվել է։ 

Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ ՀՀ կառավարությանը հարցրել էինք, թե արդյոք նոր ճանապարհի շինարարությանը զուգահեռ կառուցվում են դեպի Արցախ էլեկտրաէներգիայի, գազի եւ ինտերնետի մատակարարման նոր ենթակառուցվածքներ: ՏԿԵ նախարար տեղակալ Ք. Ղալեչյանը պատասխանել է, որ թե՛ էլեկտրամատակարարումը, թե՛ գազամատակարարումը ներկայում իրականացվում է գործող ենթակառուցվածքներով, որոնք անցնում են Տեղ-Բերձոր հատվածով: Միաժամանակ ավարտին են մոտենում ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Բերձոր քաղաքը շրջանցող եւ Տեղ-Կոռնիձոր-ՀՀ պետական սահման ուղղությամբ անցնող նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Գծի երկարությունը շուրջ 12 կմ է: Ինչ վերաբերում է նոր գազատարի կառուցմանը, ըստ Քրիստինե Ղալեչյանի՝ նման աշխատանքներ նախատեսված չեն: Իսկ ինտերնետի նոր հաղորդալարերի մասին հարցին փոխնախարարը չի պատասխանել:

Հավելենք, որ «Հետքը» հարցեր է ուղղել նաեւ ԼՂՀ կառավարությանը, որոնք վերաբերում են Արցախի հատվածում նոր ենթակառուցվածքների ստեղծմանը: Առայժմ սպասում ենք մեր հարցման պատասխանին:

Առաջին լուսանկարում՝ ադրբեջանցիները տեխնիկական աշխատանքներ են կատարում Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն զուգահեռ անցնող էլեկտրամատակարարման գծերի վրա իրենց վերահսկողության տակ անցած Շուշի-Քարին Տակ խաչմերուկից ոչ հեռու, 2021 թ. փետրվար (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանություններ (1)

HOVAKIM YADEGARYAN
BUILD NUCLEAR WEAPONS. ONLY WAY ARMENIA WILL REMAIN SAFE AND GET RESPECT. BUILD MILITARY. BUILD BUSINESS. BUILD ROADS. MODERN THE COUNTRY. BUILD ROADS. INVEST SCIENCE AND TECHNOLOGIA. EVERY MAN, WOMAN, AND CHILD USE AND OWN GUNS GUNS AND MORE GUNS. MAKE ARMENIA IRON FORTRESS.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter