HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պատերազմից 2,5 տարի անց Դատախազությունը չի կարողանում պարզել Խուռհատից նահանջած անձնակազմի ցանկը

Դատախազությունը 44-օրյա պատերազմից 2,5 տարի անց դեռևս չի կարողանում պարզել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարից նահանջած անձնակազմի ամբողջական ցանկը։

2020թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զորքերը հարձակում էին սկսել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ 2 ամսվա զինծառայողներ։

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, թողնելով անձնակազմին միայնակ, իջել է սարից և հեռացել՝ պատճառաբանելով, որ վիրավոր է։

Մնալով առանց գումարտակի հրամանատարի և տալով կորուստներ՝ զինծառայողներն իջել են սարից։ Նրանց մի մասը, չիմանալով որ Հադրութ քաղաքը գրավված է, գնացել է հենց այդ ուղղությամբ և զոհվել։

Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։ 

2022թ. սեպտեմբերի 12-ի հերթական դատական նիստի ժամանակ դատախազ Գևորգ Ավետիսյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ խնդրելով նահանջած անձնակազմի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին դիմել իրեն։

Դատախազը նշել էր, որ նախաքննական մարմինը մի շարք քննչական գործողություններ է կատարել, այդ թվում՝ հարցաքննություններ, ՊՆ համապատասխան ստորաբաժանումներին գրություններ է ուղարկել՝ հստակեցնելու տուժողների ցանկը։ 

«Խոսքն այն անձնակազմի մասին է, որը Խուռհատ սարից Հադրութ քաղաք նահանջելիս, կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի ուղեկցությամբ, գնացել է դեպի Հադրութ։ Ըստ էության, հնարավոր չի եղել հստակեցնել զինծառայողների ամբողջական ցանկը։ Մեղադրանքի մեջ ներառված են այն անձանց տվյալները, որոնք նախաքննության ավարտի պահին հստակ եղել են։ Հաշվի առնելով, որ լրատվության միջոցներով կարող է նաև իմ հորդորը հասանելի լինել այն անձանց, ովքեր տեղեկություններ ունեն, որ իրենց երեխան զոհվել է, վիրավորում է ստացել կամ անհետ կորել է Խուռհատ սարից դեպի Հադրութ նահանջելու ճանապարհին, կխնդրեմ դիմումների կամ անձնապես իմ հետ կապի դուրս գալու միջոցով տվյալներ տրամադրել, փորձենք հստակեցնել ցանկը»,- ասել էր դատախազը։

Գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազությանը՝ պարզելու՝ արդյոք կարողացել են հստակեցնել Խուռհատ սարից Հադրութ քաղաք նահանջած անձնակազմի ամբողջական ցանկը։

Դատախազության հանրային կապի բաժնից մեզ հայտնեցին, որ 2020թ. հոկտեմբերի 10-ին մարտերի ժամանակ ամբաստանյալ Իշխան Վահանյանի դրսևորած անգործության հետևանքով տուժած զինծառայողների ամբողջական ցանկը դեռ հստակ չէ. այն հնարավոր է հստակեցնել դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում։

Լուսանկարներն՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter