
Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ. Սիրիան հարձակման մեջ մեղադրում է Իսրայելին
Սիրիայի պաշտպանության նախարարությունն Իսրայելին մեղադրել է Դամասկոսի և նրա արվարձանների ուղղությամբ ավիահարվածների մեջ, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել։ Այդ մասին նշվում է սիրիական գերատեսչության ֆեյսբուքյան հայտարարության մեջ։
«Այսօր 00:22-ին (Երևանի ժամանակով՝ 02:22-ին) թշնամին օդային ագրեսիա է ձեռնարկել՝ հրթիռներ արձակելով սիրիական Գոլանի բռնազավթված բարձրունքների կողմից, որոնք թիրախավորել էին Դամասկոսի և նրա արվարձանների մի քանի կետեր, ներառյալ բնակելի թաղամասեր։ <...> Մեր ՀՕՊ համակարգերը խոցել են հրթիռների մեծ մասը»,- սիրիական SANA գործակալությանը հայտնել է Սիրիայի ՊՆ աղբյուրը։
Reuters-ի փոխանցմամբ՝ հարվածի տակ է հայտնվել Դամասկոսի կենտրոնական Քաֆր-Սուզա շրջանում գտնվող շենքերից մեկը։ Դրա հարևանությամբ գտնվում է խիստ վերահսկվող շենք, որը, ըստ Reuters-ի աղբյուրների, կապ ունի Իրանի հետ։
أضرار مادية كبيرة في عدد من الأبنية السكنية بـ*دمشق جراء العـ*دوان الإسـ*رائيلي pic.twitter.com/5coKvz6Rw8
— الوكالة العربية السورية للأنباء - سانا (@SanaAjel) February 19, 2023
Գործակալությունը գրում է, որ թիրախային հարվածը վնասել է նաև Օմայանների հրապարակից ոչ հեռու գտնվող մի քանի շենք։
The Guardian-ն էլ, հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանին, գրում է, որ հարվածի վայրից ոչ շատ հեռու եղել է իրանական մշակութային կենտրոնը։ Իրավապաշտպանների խոսքով՝ զոհերի մեջ կան նաև խաղաղ բնակիչներ։
Իսրայելը դեռևս չի մեկնաբանել հարվածի վերաբերյալ տեղեկատվությունը։ Ինչպես նշում է Times of Israel-ը սովորաբար Իսրայելի պաշտպանության բանակը նման իրավիճակները չի մեկնաբանում։
Հունվարի վերջին Իրանի Սպահան քաղաքի ռազմական գործարաններից մեկը ենթարկվել էր դրոնների հարձակման։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Ավելի ուշ, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հարձակման մեջ մեղադրել էր Իսրայելին։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ հարվածին նախորդել էր իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների միջև քննարկումները, որոնք ծավալվել էին «տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողությունների ուղղությամբ պայքարի նոր միջոցների շուրջ, ներառյալ ռուս-իրանական համագործակցության»։
Լուսանկարը՝ REUTERS/Firas Makdessi
Մեկնաբանել