HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջափակման պատճառով դանդաղում է Հայաստան-Արցախ նոր բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումն Արցախի հատվածում

Հայաստանի ՏԿԵ նախարարությունը նախորդ շաբաթ «Հետքին» հայտնել էր, թե ավարտին են մոտենում ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Բերձոր քաղաքը շրջանցող եւ Տեղ-Կոռնիձոր-ՀՀ պետական սահման ուղղությամբ անցնող նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Այս աշխատանքներն ընթանում են նոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ, որը նախատեսվում է ավարտել ապրիլի 1-ին։

Սակայն էլեկտրահաղորդման գծի շինարարությունն Արցախի հատվածում բարդությունների առաջ է կանգնել: Արցախի ՏԿԵ նախարարությունը «Հետքին» փոխանցել է, որ հնարավոր են նախագծված պլանից որոշակի շեղումներ՝ կապված բարդ ռելիեֆային գոտու եւ շրջափակման հետ։ «Շրջափակմամբ պայմանավորված՝ այդ աշխատանքների կազմակերպումը գրեթե դադարեցված է, քանի որ այն ենթադրում է ՀՀ եւ ԱՀ համապատասխան կառույցների փոխհամաձայնեցված աշխատանք»,- նշված է նախարար Սուրեն Գալստյանի՝ «Հետքին» ուղարկած գրության մեջ։  

Բացի այդ, ըստ նախարարի, բարձրավոլտի եւ մյուս ենթակառուցվածքների կառուցման համար անհրաժեշտ է ավարտին հասցնել Արցախը Հայաստանին կապող ճանապարհի՝ Սյունիքի մարզի հատվածի հողային աշխատանքները, քանի որ ենթակառուցվածքներն անցնելու են ճանապարհին հարակից հատվածով։ 

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը վթարվել էր հունվարի 9-ին, դեռեւս չի վերականգնվել։ Արցախի ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ այս հարցով բանակցություններ է վարել ռուսական կողմը, սակայն առայսօր չկա որեւէ դրական լուծում։ 

Արցախի Հանրապետության կառավարությանը հարց էինք ուղղել նաեւ Հայաստան-Արցախ՝ Շուշին շրջանցող ճանապարհի կառուցման մասին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից «Հետքին» հայտնել են, որ Արցախի հատվածում Շուշին շրջանցող ճանապարհ չի կառուցվում, քանի որ ադրբեջանական կողմը դեռեւս համաձայնություն չի տալիս։ «Բանակցությունները Ադրբեջանի հետ վարել է ռուսական կողմը։ Շուշին շրջանցող ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ է լինելու կատարել որոշ դիրքային փոփոխություններ, որն անհնար կլինի անել առանց ադրբեջանական կողմի համաձայնության»,- հայտնել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter