HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թեհրանը պատրաստ է ընդունել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը

Իրանը պատրաստ է Թեհրանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների «3+3» ձևաչափով հանդիպում։ Այդ մասին իրանական Mehr գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլահյանը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում կողմերն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Ուկրաինայում պատերազմը, Աֆղանստանում, Սիրիայում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Կովկասում առկա իրավիճակը։

Իրանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Գրուշկոն ընդգծել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ռուս-իրանական համագործակցության զարգացման կարևորությունը։ Աբդոլահյանն էլ իր հերթին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության խորացման ու զարգացման անհրաժեշտությունը։

Դեռ անցած տարվա հուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ երկրորդ հանդիպումը կկայանա Իրանում։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահյանն էլ նշել էր, որ առաջին փուլում Թեհրանում կհանդիպեն այդ երկրների առաջատար փորձագետները, իսկ հաջորդ փուլում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ 

«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում առկա իրավիճակը Մոսկվայում հավաքվել էին քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները։ Հայաստանը մասնակցում էր արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով։ 

Մասնակցության հրավեր էր ուղարկվել նաև Վրաստանին, սակայն այդ երկրի իշխանությունները հրաժարվել էին մասնակցել։ Պաշտոնական Թբիլիսին հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ներկայում իրականացվում է այս ձևաչափով հարթակի երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Նրա խոսքով՝ ներկայում համաձայնեցվում են հանդիպման ժամկետներն ու օրակարգը։

«3+3» ձևաչափի ստեղծման գաղափարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն են։ Նրանք նշել էին, որ այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Լուսանկարը՝ Shutterstock Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter