HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում կայացել է «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը

Մոսկվայում կայացել է Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որի շրջանակներում մասնակից 5 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանում առկա համագործակցության հեռանկարներն ու ընդհանուր սպառնալիքներին հակազդեցությունը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմաբևեռ համագործակցության զարգացման հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար: Դրանց թվում են վստահության բարձրացմանն ուղղված քայլերը, առևտրատնտեսական, տրանսպորտային և հումանիտար-մշակութային ոլորտներում փոխգործակցությունը, հակադարձումն ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին»,- նշվում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք ևս հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել դրան մասնակցելուց։

«Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Վրաստանի՝ հարթակի աշխատանքին միանալու հարցում, որի համար «դուռը» բաց է մնում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաև հետագա քայլերն ու անելիքները՝ ապագայում գործընթացին համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հնարավոր միացման վերաբերյալ:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Մյուս երկրները ևս մասնակցել են նախարարների տեղակալների մակարդակով, իսկ Իրանը ներկայացնում էր ԱԳՆ գլխավոր տնօրենը։ 

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ Alamy Stock Photo-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter