HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Գեներալ Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին, կալանավորելու մասին ԱԱԾ-ի միջնորդությունը։ Նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Այս մասին «Հետքին» հայտնեց վերջինիս պաշտպան Հակոբ Ենոքյանը։

Նշենք, որ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ։ Նրա կալանավորման հարցի քննությունը սկսվել էր այսօր՝ 12։00-ից։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասել էր, որ Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքն անհիմն է: Նրա խոսքով՝ Խաչատուրովը, երեկ 20։00-ից սկսած, եղել է անազատության մեջ։ «Դեղամիջոցներ կան, որ պետք է օգտագործի, դրանք հնարավոր չեղավ, որ փոխանցենք ուղեկցող գումարտակի տղաներին, սնունդ հնարավոր չեղավ փոխանցել»,- ասաց պաշտպանը։ Նրա խոսքով՝ այս հարցով զանգել է ՄԻՊ-ի գրասենյակ, սակայն էական արձագանք չի ստացել։

Ենոքոյանի խոսքով՝ այս քրեական գործը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասն է․ «Ըստ էության՝ նույն գործն է, մի քանի գործ է հարուցված եղել, միացրել են իրար։ Մեղադրանքը փողերի լվացմանն է առնչվում, բայց ԱԺ-ում հնչեցված միջնորդության դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի։ Այնտեղ պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ պատճառված վնասի մասին է խոսքը, գույքեր օտարելու մասին, իսկ այստեղ (խմբ․ Խաչատուրովի գործում) այդ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»,- ասաց նա։

Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում ընկած է 14 տարի և մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություն, և այս գործն ունի վաղեմության ժամկետ՝ 15 տարի։ Հակոբ Ենոքյանի պնդմամբ՝ գործը ոչ թե զորամասի գնման մասին է, այլ՝ հողատարածքի, որը գտնվում է Արարատի մարզի Արմաշ համայնքում։

Պաշտպանն ասում է, որ այս գործով ապացուցման առարկան է՝ տվյալ գույքն արդյոք անօտարելի էր, թե ոչ։ «Միայն այն հանգամանքը, որ ենթադրաբար գործարք է կնքվել, որը օրենքի շրջանցմամբ է եղել, դեռևս բավարար չէ, որ համարվի՝ փողերի լվացում է եղել»,- ասաց Հակոբ Ենոքյանը։

Նշենք, որ ըստ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի` Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 252,8 քմ մակերեսով, զորանոց՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարան՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկ, ակումբ, կաթսայատուն, սանհանգույց և հսկիչ անցագրային կետեր), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը:

Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009 թվականի մայիսի 13-ին, այնուհետև՝ 2016 թվականի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերությունում, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:

Հիշեցնենք՝ այսօր Գխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտնել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է:

«Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս Քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է»,- նշված էր հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ (1)

Նարինե Ներսիսյան
Իմ աջակցություն եմ հայտնում Գրիգորի Խաչատուրովին: Մեր ազգի հերոսներն պետք է գնահատվեն ազգի կողմից,այլ ոչ թե ենթարկվեն հալածանքի կառավարության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter