HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ըստ դատախազության՝ տեխսպասարկողը կառավարական ինքնաթիռի հաշվին «փող է աշխատել». ո՞վ է նա

Փետրվարի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ հայկական «Աքիլա Տեխնիքս» ՍՊԸ-ի տնօրեն Կ. Ա.-ն ենթադրյալ հանցանքի հետեւանքով պետությանը պատճառել է շուրջ 102 մլն դրամի վնաս: Դատախազության հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել հետեւյալը:

Կ. Ա.-ն 2018 թ. դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) հետ՝ պարտավորվելով ապահովել N օդանավի թռիչքային պիտանելիության պահպանման եւ տեխնիկական սպասարկման աշխատանքները:

Դատախազությունը չի հայտնել, թե ինչ օդանավի մասին է խոսքը, սակայն քաղավիացիային առնչվող մարդիկ, թերեւս, միանգամից հասկացել են, որ խոսքը պետական օդանավի մասին է, քանզի ՔԱԿ-ը մասնավոր ընկերության օդանավի սպասարկման վերաբերյալ պայմանագիր չէր կարող կնքել: Ավելին՝ հայտարարությունն առնչվում է ՀՀ կառավարական բորտին, քանի որ Հայաստանում գրանցված ու շահագործվող ընդամենը մեկ պետական օդանավ կա, որը գործում է քաղավիացիայի ոլորտում. դա կառավարական բորտն է, որն սպասարկում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին: Մնացած պետական օդանավերը (ինքնաթիռ, ուղղաթիռ) ռազմական բորտեր են եւ ՊՆ-ի ենթակայության ներքո են: 

Հիշեցնենք, որ 2007 թվականից ՀՀ բարձրագույն ղեկավարությանը (նախագահ, վարչապետ, երբեմն՝ ԱԺ նախագահ, ԱԳ նախարար եւ այլն) սպասարկում է 1998 թ. արտադրության «Airbus A319-132 (CJ)» ինքնաթիռը, որը սովորական «Airbus A319»-ի բիզնես դասի տարբերակն է:

2007-2014 թթ. ինքնաթիռը կրում էր EK-RA01 գրանցումը, 2014-2020 թթ.՝ «Հայաստան 701», իսկ 2020-ից մինչ օրս՝ «Հայաստանի Հանրապետություն 701» գրանցումը:

ՀՀ սեփականություն հանդիսացող օդանավը 2007-2018 թթ. ամրակցված էր նախագահի աշխատակազմին, իսկ 2018-ի մարտին այն ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ եւ կառավարության համապատասխան որոշմամբ ինքնաթիռը նախագահականից տեղափոխվեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե) հաշվեկշիռ (կառավարության որոշման մեջ 2018 թ. արձանագրվել է նաեւ օդանավի սկզբնական արժեքը՝ 17,4 մլրդ դրամ): Այստեղից էլ հասկանալի է դառնում, թե ինչ կապ ունի ՔԱԿ-ը գլխավոր դատախազության հիշատակած N օդանավի հետ:

2007-2013 թթ. ինքնաթիռը շահագործում էր Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան», 2013-2014 թթ.՝ «Էյր Արմենիան», որոնք երկուսն էլ սնանկ ճանաչվեցին: 2014-ից կառավարական բորտը շահագործում է ՔԱԿ-ին ենթակա «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն, այսինքն՝ պետական ընկերություն:  

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ 2021 թ. մայիսին Կ. Ա.-ն, տեղեկացված լինելով վերը նշված օդանավի «THS Actuator» պահեստամասի՝ կոռոզիայի ենթարկված լինելու պատճառով փոխարինման անհրաժեշտության մասին եւ տեղյակ լինելով, որ այդ պահեստամասը կարող է ձեռք բերել բրիտանական «Avtrade Limited» ընկերությունից 200 հազ. դոլարով, 2021 թ. մայիսի 7-ին բովանդակությամբ կեղծ գրությամբ ՔԱԿ-ին առաջարկել է նշված պահեստամասի օգտագործված տարբերակը 310 հազ. դոլարով գնել կիպրական «Brightcom Aviation Ltd»-ից, բայց նման ընկերություն այդ պահին գոյություն չուներ:

Այնուհետ, ըստ դատախազության, առավել մեծ շահույթ ստանալու նպատակով Կ. Ա.-ն, չարաշահելով ՔԱԿ-ի ղեկավար անձնակազմի վստահությունը, մոլորեցնելու եղանակով 2021 թ. մայիսի 17-ին մեկ այլ՝ կրկին բովանդակությամբ կեղծ գրությամբ հայտնել է, թե իբր վերը նշված օգտագործված պահեստամասը վաճառվել է, փոխարենն առաջարկել է «Brightcom Aviation Ltd»-ից ձեռք բերել նույն պահեստամասը առավել բարձր արժեքով՝ 370 հազ. դոլարով: Արդյունքում նշված պահեստամասը «Avtrade Limited»-ից 200 հազ. դոլարով ձեռք բերելու փոխարեն Կ. Ա.-ն 2021 թ. նոյեմբերի 25-ին ՔԱԿ-ին է ներկայացրել նույն տարվա մայիսի 30-ին կազմված ենթադրաբար կեղծ հաշիվ-ապրանքագիր նշված պահեստամասն այդ պահին գոյություն չունեցող «Brightcom Aviation Ltd»-ից ձեռք բերելու վերաբերյալ:

Այսպիսով՝ պահեստամասի ձեռքբերման համար ՔԱԿ-ը Կ. Ա.-ի ղեկավարած «Աքիլա Տեխնիքս» ՍՊԸ-ին փոխանցվել է 370 հազ. դոլար, որից առանձնապես խոշոր չափերի՝ 170 հազ. դոլարին համարժեք շուրջ 84 մլն դրամը, ըստ գլխավոր դատախազության, Կ.Ա.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ հափշտակել է:

«THS Actuator»-ը ինքնաթիռի հորիզոնական կայունարարը կարգավորող մեխանիզմ է, որի աշխատանքը ցուցադրված է տեսանյութում:

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ քրեական վարույթով հսկողություն իրականացնող դատախազը Քննչական կոմիտեի քննիչին տվել է հանձնարարություն, որի պահանջների կատարման նպատակով իրականացվել են մի շարք վարույթային գործողություններ: Սրանց արդյունքում, դատախազության փոխանցմամբ, պարզվել է, որ ենթադրյալ հանցանքի հետեւանքով պետությանը պատճառվել է 102 մլն 350 հազար 371 դրամի վնաս: 2022 թ. դեկտեմբերի 23-ին այս գումարն ամբողջությամբ փոխանցվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին:

Սակայն բացի դրանից՝ ինչպես վերեւում ասվեց, 2021 թ. մայիսին «Brightcom Aviation Ltd» անունով ընկերություն Կիպրոսում գոյություն չի ունեցել:    

2023-ի փետրվարի 9-ին քրեական վարույթի նյութերը ստուգման նպատակով կրկին ստացվել են գլխավոր դատախազությունում, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարվածը քողարկելու, հանցագործության հետքերը թաքցնելու, կատարված հանցանքին օրինական տեսք տալու ձգտումով Կ. Ա.-ն ՔԱԿ-ին ներկայացրած կեղծ հաշիվ-ապրանքագրերում նշված հասցեով (Կիպրոս, Լառնակայի շրջան, գյուղ Աթիենու, Գաստրաս 4) 2021 թ. հունիսի 8-ին հիմնադրել է «Brightcom Limited» անվամբ ընկերություն:

Փաստորեն, ըստ դատախազության, 2021-ի մայիսին կազմված փաստաթղթերում նշված ընկերության չգոյությունը քողարկելու համար Կ. Ա.-ն հունիսին ընկերություն է հիմնել Կիպրոսում: Այն, որ «Brightcom Limited»-ը պետական գրանցում է ստացել 2021 թ. հունիսի 6-ին Լառնակայի Աթիենու գյուղում, փաստվում է նաեւ Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական տվյալներով: Ընկերության տնօրեն ու քարտուղար է գրանցվել Վասիլիկի Արգիրոուն, որն, ըստ էության, տեղացի է:

Գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում 2023 թ. փետրվարի 13-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացվել Կ. Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում արարքի կատարման պահին գործող (նախկին) Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելը եւ օգտագործելը):

Նույն օրը քրեական վարույթի նյութերը եւ Կ. Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը գլխավոր դատախազությունից ուղարկվել են վարույթն իրականացնող քննիչին՝ Կ. Ա.-ին մեղադրանք ներկայացնելու եւ նրա նկատմամբ պիտանի խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու նպատակով:

Ո՞վ է «Աքիլա Տեխնիքսի» տնօրենը

«Աքիլա Տեխնիքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է Երեւանում 2014 թ. փետրվարին («aquila» լատիներեն նշանակում է արծիվ):

Դրա տերերը 4 հոգի էին՝ երեւանցիներ Հայկ Հարությունյանը (25 %), Իշխան Ադամյանը (24,5 %), Մարտին Մովսեսյանը (24,5 %), ինչպես նաեւ գյումրեցի Կարեն Ավդալյանը (26 %): 2014-2017 թթ. ընկերության տնօրենը Իշխան Ադամյանն էր (2014 թ. փետրվար-ապրիլին տնօրեն է եղել վերջինիս դուստրը), որին այդ պաշտոնում հաջորդել է Կարեն Ավդալյանը:

Հ. Հարությունյանն ընկերության փայատերերի կազմից դուրս է եկել 2017-ին, իսկ Ի. Ադամյանը՝ 2022-ին: Ներկայում ՍՊԸ-ի 50,8 %-ը պատկանում է տնօրեն Կ. Ավդալյանին, իսկ մնացած 49,2 %-ը՝ Մ. Մովսեսյանին:

2014-ի հունիսին ընկերությունը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունից (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե) համապատասխան սերտիֆիկատ ստացավ, ինչը նրան իրավունք էր տալիս ծառայություններ մատուցել ՀՀ-ում գրանցված օդանավերին: Կարեն Ավդալյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ իրենք առաջին տեղական տեխսպասարկող կազմակերպությունն են, ու նշել էր իրենց առաջիկա նպատակները (մանրամասները՝ այստեղ):

Իր հիմնադրման տարվանից՝ 2014-ից, «Աքիլա Տեխնիքսը» տեխսպասարկման ծառայություններ է մատուցել կառավարական (նախագահական) բորտին, ինչպես նաեւ 2013-2014 թթ. հայկական ավիացիոն շուկայի առաջատար «Էյր Արմենիային»:

Վերջինս, հիշեցնենք, ֆինանսական խնդիրների պատճառով 2015-ի նոյեմբերին սնանկ հայտարարվեց: Ընդ որում՝ դրանից հետո «Էյր Արմենիան» առողջանալու ծրագիր ուներ, սակայն նրա պարտատերերից մի քանիսը, այդ թվում՝ «Աքիլա Տեխնիքսը», դեմ էին այդ ծրագրին: Առեւտրային գործունեությունը վերսկսելու համար «Էյր Արմենիան» պետք է պայմանագիր կնքեր օդանավերի տեխսպասարկում իրականացնող որեւէ ընկերության հետ, եւ այդ հարցով նա դիմել էր նախկին գործընկերոջը՝ «Աքիլա Տեխնիքսին», որին ավելի քան 15 մլն դրամի պարտք ուներ: «Աքիլան» հայտնել էր, թե մտավախություն ունի, որ իր պարտքը մարվելու փոխարեն ավելանալու է, ինչի պատճառով չէր ընդառաջել համագործակցության առաջարկին: Սա էլ դարձել էր «Էյր Արմենիայի» առողջացման ծրագրի խափանման գլխավոր պատճառներից մեկը (մանրամասները՝ այստեղ):

43-ամյա գյումրեցի Կարեն Ավդալյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն, Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչ-հիմնադիր Կարինե Ավդալյանի որդին է: Կարինե Ավդալյանը մոտ հարաբերությունների մեջ է եղել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, որը եղել է «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հովանավոր, ինչպես նաեւ երրորդ նախագահի կրտսեր եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ, որը «Վերածնունդի» համանախագահն էր: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներից էր «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Լեւոն Սարգսյանն էր:

Այս ֆոնին պատահական չպիտի համարել, որ «Աքիլա Տեխնիքսը» մինչեւ 2018 թ. իր հասցեն «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելը գրանցված է եղել Երեւանի կենտրոնում գտնվող Բուզանդի 3 շենքում, որը կառուցել է «Ջ Լ Ջ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն (հետագայում սա սնանկ է ճանաչվել, ինչի վերաբերյալ ավելի ուշ քրեական գործ էր հարուցվել, իսկ շատ ավելի ուշ ընկերությունը լուծարվել է): «Ջ Լ Ջ Պրոյեկտ Քոմփանիի» սեփականատերերն էին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը (նախագահ՝ Գաբրիել Չեմբերջյան, հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Լեւոն Սարգսյան), Նարեկ Սարգսյանը (Լեւոն Սարգսյանի որդին) ու Գաբրիել Չեմբերջյանը (մանրամասները՝ այստեղ):

Քրեական հետապնդումից անմասն չի մնացել Կարինե Ավդալյանը: 2018 թ. իշխանափոխությունից հետո կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի աշխատողներն ու ուսանողներն սկսեցին բողոքել տնօրեն Ավդալյանից՝ բարձրաձայնելով նրա ղեկավարության օրոք բուհում տեղի ունեցած բազմաթիվ երեւույթների մասին: Ավելի ուշ Ավդալյանին մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու ստորագրությունը, սակայն երբ քրեական գործով հայտնի դարձան նոր դրվագներ, դատարանը որոշեց կալանավորել Կարինե Ավդալյանին: Վերջինս «Հետքի» հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ իրեն «պատժում են» այն բանի պատճառով, որ ժամանակին Գյումրու ավագանուն առաջարկել էր պատվավոր գյումրեցու կոչում տալ Լեւոն Սարգսյանին, եւ առաջարկն ընդունվել էր:

Կարինե Ավդալյանը մի կարճ ժամանակահատված ներգրավված է եղել նաեւ ավիացիոն բիզնեսում: Այսպես՝ 2011 թ. նրա որդին՝ Կարեն Ավդալյանը, հիմնադրել է «Աքիլա Քրիզաետոս Քոնսալտինգ» ՍՊԸ-ն («aquila crysaetos» լատիներեն նշանակում է քարարծիվ), որը սկզբնապես՝ 2011-2012 թթ., կոչվում էր «Ավդալյան Ավիա»: Տիկին Ավդալյանն այս ընկերության առաջին տնօրենն էր 2011 թ. մարտ-դեկտեմբեր ամիսներին: Ներկայում ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերն ու տնօրենը Կարեն Ավդալյանի կինն է՝ գյումրեցի Լիանա Ամիրյանը, սակայն, ըստ ՊԵԿ-ի, ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Ավդալյանների այս ընկերությունը եւս ներկայում գրանցված է «Զվարթնոց» օդանավակայանում, գործունեության տեսակը ծառայությունների մատուցումն է: 

Առաջին լուսանկարում՝ ՀՀ կառավարական ինքնաթիռը՝ «Զվարթնոցում», հեղ․՝ Նարեկ Ալեքսանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter