
Ըստ փաստաբանի՝ Հայկ Ալոյանը «Լիդիան Արմենիա»-ում սեփականատեր չէ
«Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբան Արմեն Մելքումյանը այսօր «Հետք»-ին տեղեկացրեց, որ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը սեփականատեր չէ ոչ «Լիդիան Արմենիա»-ում, ոչ էլ՝ այն ընկերություններում, որոնց պատկանում է այն:
Ինչպես ավելի վաղ գրել ենք, ընկերության 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն, որը պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին: Թե ով որքան մասնաբաժին ունի, չի մանրամասնվում:
Սակայն պետական ռեգիստրում հրապարակված իրական շահառուների մասին հայտարարագրում չորս անձ ներկայացվել են «Իրական սեփականատերեր» տողի ներքո:
Նրանք են ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ընկերության խորհրդի անդամներ Կանադայի քաղաքացի Մայքլ Դեյվիդ Սեյնոր Սպենսեռը, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջեֆֆրեյ Էդմունդ Քոուչը, Ամերիկայի քաղաքացի Վիկտոր Ֆլոռեսը:
«Լիդիան Արմենիա» ընկերությունից պարզաբանում են, որ խոսքն իրականում ոչ թե սեփականատերերի մասին է, այլ՝ շահառուների: Հայկ Ալոյանը որպես իրական շահառու է ներկայացվել գործադիր մարմնի ղեկավար լինելու հիմքով, մյուս երեք անձինք՝ որպես խորհրդի անդամներ:
Ըստ նրա՝ Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններում, որոնց պատկանում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որևէ ֆիզիական անձ չունի 10 % և ավելի բաժնեմաս, հետևաբար՝ որպես իրական շահառուներ ներկայացվել են ընթացիկ ղեկավարումը իրանացնող անձինք:
Մեզ հետ զրույցում ընկերության փաստաբան Արմեն Մելքումյանն ասաց, որ ռեգիստրային այս փաստաթուղթը չհղկված է:
Ընդ որում, օրեր առաջ երկու փաստաթուղթ էր հրապարակված ռեգիստրում: Այսօր երկրորդ փաստաթուղթը ռեգիստրից մի պահ անհետացավ: Քիչ անց հայտնվեց երկրորդ փաստաթուղթը, որն ըստ ռեգիստրի՝ ներկայացնում է «Լիդիան Արմենիա»-ի իրական շահառուներին՝ այս տարվա փետրվարի 13-ի դրությամբ:
Հայկ Ալոյանին վերաբերող հատվածում հետևյալ տողի դիմաց՝ «ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսեր, փայեր) 10 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 10 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կապիտալում», նշված է՝ «այո»: Ու թեև մասնակցության չափը նշված է 0, սակայն, անմիջապես, ներքևի տողում նշված է՝ «անուղղակի մասնակցություն»:
Ընկերության փաստաբանը վստահեցնում է, որ Հայկ Ալոյանը սեփականատեր չէ նաև «Լիդիան Արմենիա»-ի որևէ բաժնետեր ընկերությունում:
Մեկնաբանել