HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատավորի որոշումը իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում է»․ Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրեն վերաբերող քրեական գործով այսօրվա դատական նիստը նշանակվել էր երկշաբաթյա ընդմիջումից հետո՝ նախագահող դատավորի՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառաբանությամբ։ «Այս անգամ էլ՝ դատավորի՝ արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին»,- նշել է նա: 

«Հակակոռուպցիոն դատարանի դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում՝ հնարավորինս երկարատև անազատության մեջ պահելու միջոցով։ Կրկին տեղեկացնում եմ նաև, որ սույն «անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու, և իմ ազատազրկումը ապօրինի է»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործով նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել փետրվարի 14-ին։ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնել էր, որ արդեն 4-5-րդ դատական նիստն է, որ լուսանկարների հետազոտություն է տեղի ունենում։ Ավելի վաղ դատական նիստերի դանդաղ ընթացքի մասին Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր արել՝ նշելով․ «Այս ամենը գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն եւ այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»։

Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 5 ամիս է՝ կալանավորված է։ Դատարանը չի բավարարել Տոնոյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների ներկայացրած նախորդ երկու միջնորդությունները։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ Հակակոռուպցիոն դատարանի դեկտեմբերի 29-ի կայացրած որոշումը՝ խափանման միջոցը չփոխելու մասին, բողոքարկել էին Վերաքննիչ դատարան։ Պաշտպանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը ևս մերժել է բողոքը և պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter