HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Շուռնուխում և Որոտանում տուն կորցրածներն աջակցություն կստանան՝ մինչև բնակելի թաղամասի կառուցումը

Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված և իրենց տները կորցրած քաղաքացիներին Կառավարությունը կշարունակի 68 հազ. դրամ աջակցություն տրամադրել ևս 8 ամիս։ Որոշումն ընդգրկված է Կառավարության մարտի 2-ի նիստի օրակարգում։

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2021թ. փետրվարից մինչև 2022-ի նոյեմբերը ներառյալ շահառուներին տրամադրվել է միանվագ 300 000 դրամ և ամսական 68 000 դրամ։

Նախագծի հիմնավորմամբ՝ տները կորցրած անձանց համար Շուռնուխում կառուցվող բնակելի թաղամասը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգվել է։ Աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2023թ. հունիսի 30-ը, և Կառավարությունը որոշել է բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնություն տրամադրել մինչև 2023 թ. հուլիսը ներառյալ։

Բնակելի թաղամասի կառուցման մասին հայտարարվել էր դեռևս 2021թ.-ին։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնել էր, որ մինչև 2021-ի տարեվերջ կավարտվի տների կառուցման և բնակեցման գործընթացը։

Քաղաքաշինության կոմիտեի՝ մարտին տարածած հաղորդագրության համաձայն՝ թաղամասում 13 տան շինարարությունը պետք է ավարտվեր 2022-ի հունիսին, իսկ ամբողջ թաղամասի կառուցումը՝ նոյեմբերին։

2022 թ. օգոստոսի 23-ի հաղորդագրությամբ Կոմիտեն հայտնել էր, որ բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ինն ընթացքի մեջ են։

Աջակցության ծրագրի որոշման նախագծում նշված է, որ աշխատանքները պետք է ավարտվեին 2022թ. սեպտեմբերի 30-ին, սակայն սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել, և անհրաժեշտ է այն երկարաձգել մինչև հունիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter