HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

ԱՕԿՍ-ի շենքի գործով Գոռ Դավթյանի դրամական միջոցների և հաշիվների վերաբերյալ արգելանքը վերացվեց

Հակակոռուպցիոն դատարանում մարտի 2-ին, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, շարունակվեց Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանի և նույն ՀԿ-ին պատկանող «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանի գործով դատական նիստը։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափով փողերի լվացման համար։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Արմեն Սմբատյանը, հանդիսանալով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի նախագահ, նախագահության անդամ, ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանի, ՀԿ-ի առաջին փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի, վերջինիս հարս՝ օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ԲՎԿ ընկերության տնօրեն Ֆրանչեսկա Կուտրուպի հետ 2011-2014թթ․ ընթացքում նախնական համաձայնությամբ և համակատարմամբ ՀԿ-ին պատկանող Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ. մակերեսով շենքը և 0,0467 հա. մակերեսով հողամասը ձևական գործարքով օտարել է Սարգիս Մարտիրոսյանին: Որից հետո նշված գույքը փոխարկել է` գույքի նկատմամբ իրավունքները վաճառելով Գագիկ Սայադյանին։

Ըստ մեղադրանքի՝ Գոռ Դավթյանը ևս, լինելով խմբի կազմում, ձևական գործարքով նշված գույքից ձեռք է բերել 25 տոկոս բաժնեմաս` գույքի նկատմամբ իրավունքները գրանցելով մոր` Ադելա Ստեփանյանի անվամբ:

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալներ են նաև ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը և նրա հարս Ֆրանչեսկա Կուտրուպը։ Նրանց մասով նախաքննությունը շարունակվում է, վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պաշտպանական կողմը մեղադրանքը չի ընդունում։ Անդրադառնալով շենքի օտարման գործընթացին՝ Արմեն Սմբատյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը հայտնել են, որ այդ գործընթացը հետապնդել է մեկ նպատակ` ներգրավել ներդրումներ վթարային վիճակում գտնվող, քանդման վտանգի առաջ կանգնած պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը հիմնանորոգելու ուղղությամբ, և դա իրականացնել այնպես, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» ՀԿ-ն հնարավորություն ունենա մշտապես իր գործունեությունը ծավալել այդ շենքում։ Իսկ շենքի օտարման գործընթացը, ըստ պաշտպանների, իրականացվել է բացառապես օրինական ու բաց գործարքների միջոցով․ «Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը, որտեղ այսօր էլ գործունեություն է ծավալում  «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» ՀԿ-ն, առաջին տասնամյակը չէ, որ գտնվում է տարբեր ժամանակներում «կշիռ» ունեցող անձանց բիզնես-հետաքրքրությունների տեսադաշտում։ Իսկ թե ներկա պահին «կշիռ» ձեռք բերած ո՞ր անձն է աչք դրել այդ շենքի վրա, կարծում ենք՝ պարզ կդառնա շատ մոտ ապագայում»,- նշվում է հայտարարությունում։

Դատախազության տրամադրած տվյալների համաձայն՝ այս քրեական գործով 201 մլն դրամ գումարի չափով արգելանք է կիրառվել Արմեն Սմբատյանին պատկանող Երևանի Չարենցի փողոցի 40 շենքի թիվ 29 բնակարանի, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի բնակելի տան և հողամասի, ինչպես նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ։ 201 մլն դրամի չափով արգելանք է կիրառվել նաև Գոռ Դավթյանի շարժական և անշարժ գույքերի նկատմամբ, ինչպես նաև ՀՀ-ում գործող բանկերում վերջինիս անվամբ բացված հաշվեհամարներում առկա ֆինանսական միջոցների նկատմամբ։

Բացի այդ՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացվել է հայց՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող գույքի (ԱՕԿՍ-ի շենք) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։

Այսօրվա դատական նիստը սկսվեց Գոռ Դավթյանի պաշտպան Արթուր Մարտիրոսյանի ներկայացրած միջնորդության քննարկմամբ, որը վերաբերում էր Գոռ Դավթյանի դրամական միջոցների, հաշիվների և գույքերի վրա դրված արգելանքը վերացնելուն։

Դատարանը հարց ուղղեց մեղադրող կողմին՝ Երևանի դատախազության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանին՝ նշելով, որ Գոռ Դավթյանն ունի նաև այլ գույքեր, որոնց վրա արգելանք չի դրվել և կարելի է ենթադրել, որ ինչ չափով որ դրվել է, այդքանը բավարար է համարվել։ Դատախազի դրական պատասխանը ստանալուց հետո դատարանը շարունակեց․ «Նման պայմաններում հաջորդ հարցն է ծագում՝ բանկային հաշիվների վրա արգելանք դնելու անհրաժեշտությունն ինչու՞ է եղել»։

Ծովակ Մնացականյանը հայտնեց, որ բանկային հաշիվների հետ կապված արգելանքների իրականացումը Քրեական դատավարության պրակտիկայի և իրավունքի զարգացման փուլեր է անցել։ Նրա խոսքով՝ նախկինում, այդ թվում՝ այս գործում, արգելանք է կիրառվել ամբողջական հաշվի նկատմամբ և անհրաժեշտություն չի եղել պարզելու հաշիվներում առկա դրամական միջոցները և դրանից հետո նոր կոնկրետ չափով դրամական միջոցների նկատմամբ արգելանքի կիրառումը։ «Հետագայում այդպիսի պրակտիկա մտցվեց դատարանների կողմից, բայց մինչ այդ՝ պրակտիկան ընդհանուր է եղել»,- ասաց դատախազը։ 

Մնացականյանի խոսքով՝ եթե գործն առնչվում է փողերի լվացմանը, և եթե, օրինակ, դրանք լվացվել են 5 հոգու կողմից, ապա 5 հոգու դրամական միջոցներ վրա էլ այդ մասով պետք է արգելանք դրվի։ Դատարանը հարցրեց․ «Այդ դեպքում՝ Արմեն Սմբատյանի դրամական միջոցների վրա ինչու՞ արգելանք չի դրվում»։ Դատախազն ասաց, որ չափը բավարարելու տրամաբանությամբ չի դրվել արգելանքը, քանի որ գույքի վրա դրված արգելանքով բավարարվել է 201 մլն դրամի չափը, որը հանցավոր գործունեության արդյունքում ստացված շենքի և հողամասի արժեքն է, սակայն հետագայում՝ ապացույցների հետազոտման փուլում, դատարանը պարզեց, որ դա միայն շենքի արժեքն է։

Դատարանի հաջորդ հարցը Գոռ Դավթյանի բանկային գաղտնիքին էր վերաբերում՝ ստացե՞լ է դատախազությունը, թե՝ ոչ։ Դատախազը հայտնեց, որ ստացել են, սակայն չի հիշում, թե ինչքան դրամական միջոցներ կան Գոռ Դավթյանի բանկային հաշիվներում և առաջարկեց ժամանակ տրամադրել։ Դատարանը կես ժամ ժամանակ տրամադրեց դատախազին՝ հարցի պատասխանը գտնելու համար։

Գոռ Դավթյանի պաշտպան Արթուր Մարտիրոսյանը կտրականապես առարկեց նիստի հետաձգմանը՝ նշելով, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրող կողմը բավականաչափ պատրաստված չէր ներկայացել։ Լարված մթնոլորտ ստեղծվեց պաշտպանի և դատախազի միջև։ Դատախազը հորդորեց պաշտպանին չբորբոքվել և ձայնը չբարձրացնել։

Կես ժամ ընդմիջումից հետո դատախազը հայտնեց, որ գործի վարույթում ներառված չեն տեղեկություններ Գոռ Դավթյանի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների մասին, քանի որ այդ հարցման պատախանը մինչև վարույթի ավարտը չի ստացվել և ստացվել է ավելի ուշ փուլում, որը հետագայում կներկայացվի դատարանին։

Դատախազը կրկին պնդեց, որ 201 մլն դրամի չափով արգելանք է դրվել ամբաստանյալների գույքերի և դրամական միջոցների վրա առանձին-առանձին։ Արմեն Սմբատյանի դեպքում՝ միայն գույքերի վրա դրված արգելանքով բավարարվել է գումարի չափը, իսկ Գոռ Դավթյանի դեպքում՝ անհրաժեշտություն է առաջացել նաև բանկային հաշիվների վրա արգելանք դնել, և քանի որ դատական պրակտիկայում այդ ժամանակ ընդունված է եղել արգելանք դնել ամբողջական բանկային հաշվի նկատմամբ, այլ ոչ թե՝ կոնկրետ մասի, դատախազությունն այդպես է վարվել։

Դատարանը հարցրեց, թե արդյոք դատախազությունը գնահատել է Գոռ Դավթյանի գույքը, որ հանգել է այն եզրակացության, որ չի բավարարում 201 մլն դրամը, դատախազը հայտնեց, որ հաշվարկել են կադաստրային արժեքը, սակայն այժմ չի տիրապետում գումարի այդ չափին։ Մինչդեռ Արթուր Մարտիրոսյանը հայտնեց, որ Գոռ Դավթյանի գույքը չի գնահատվել ոչ կադաստրային արժեքի տեսանկյունից, ոչ շուկայական արժեքի։

Ծովակ Մնացականյանը դեմ արտահայտվեց նաև միջնորդության մեջ նշված հոդվածին՝ նշելով, որ քննիչն այդ հոդվածի հիմքով չի առաջարկել արգելանք կիրառել գույքերի և բանկային հաշիվների վրա, այլ մեկ ուրիշ հոդվածի հիմքով։ Ուստի այս միջնորդությունը քննարկելը դատախազը համարում է ոչ տեղին։ Սակայն դատավոր Սուրեն Խաչատրյանը, ընթերցելով քննիչի որոշումը, հայտնեց, որ հենց միջնորդության մեջ նշված հոդվածով է ղեկավարվել քննիչը։

Դատախազը իր դժգոհությունն արտահայտեց՝ նշելով, որ 3-րդ դատական նիստն է, որ իրեն թվում է՝ մասնակցում է վիկտորինայի․ «Սա իմ դիրքորոշումն է։ Ես իմ լիազորություններից չեմ անցնում։ Ինչքանով ես պատկերացում ունեմ այս որոշման արդարացիության և օրինականության վերաբերյալ, ներկայացնում եմ։ Գնահատեք ինքներդ»,- ասաց նա։

Դատարանն ի պատասխան ասաց․ «Եթե դատարանը որոշակի հանգամանքներ է ցանկանում ձեզնից պարզել, չի նշանակում, որ դատարանը դատական նիստը վերածել է վիկտորինայի։ Դատարանին որոշակի հարցերի շուրջ որոշակի պատճառաբանություններ են անհրաժեշտ, որ կարողանա ճիշտ որոշում կայացնի»։

Դատավոր Սուրեն Խաչատրյանը հարցրեց դատախազին․ «Արձանագրենք, որ դատարանն իր հարցերի պատասխաները չստացա՞վ»։ Դատախազն էլ պնդեց, որ 3-րդն նիստն է, որ դատարանն իր հարցերի պատասխանները ստանում է։ 

Դատարանը որոշեց մասնակի բավարարել միջնորդությունը և վերացնել Գոռ Դավթյանի դրամական միջոցների և հաշիվների վերաբերյալ արգելանքը, սակայն գույքերի նկատմամբ կիրառված արգելանքը թողնել անփոփոխ։ Գոռ Դավթյանի պաշտպան Արթուր Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարանի որոշման հետ համաձայն չեն և հնարավոր է բողոքարկեն այն:  «Կցանկանայինք դատարանի պատճառաբանությունները հասկանալ՝ ինչու՞ դրամական միջոցների նկատմամաբ արգելանքները վերացրեցիք, բայց գույքի նկատմամաբ արգելանքները չվերացրեցիք»,- ասաց պաշտպանը:

Այնուհետև դատարանն անցավ գործում առկա գրավոր ապացույցների հետազոտմանը և ավարտեց 4-րդ հատորում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 22-ին՝ ժամը՝ 10։30-ին։

Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականին «Հետքը» անդրադարձել էր վերը նշված պատմությանը։ Հոդվածը կարող եք ընթերցել ստորև տեղադրված հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter