HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թբիլիսիում ոստիկանությունը ջրցան մեքենաներով ու արցունքաբեր գազով փորձել է ցրել ցուցարարներին

Թբիլիսիի ոստիկանությունը դարձյալ ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, որոնք հավաքվել էին Ռուսթավելի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ և փորձում էին մուտք գործել այնտեղ։ Այդ մասին հայտնում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը։

Մարտի 8-ի երեկոյան Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում կրկին հավաքվել էին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախագծին դեմ արտահայտվող քաղաքացիները, որոնք պնդում են, որ Վրաստանի իշխանությունները ռուսական սցենարով ցանկանում են ճնշել ազատ մամուլն ու հետապնդել քաղհասարակության ներկայացուցիչներին՝ կատարելով Կրեմլի հրամանները։ Տարբեր տվյալներով՝ մարտի 8-ի ակցիային մասնակցել է 30-40 հազար մարդ։

Բողոքի ակցիայի ժամանակ «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն վերջնագիր է ներկայացրել իշխանություններին՝ պահանջելով մեկ ժամվա ընթացքում հետ կանչել օրինագիծը և ազատ արձակել նախօրեին բերման ենթարկված ու ձերբակալված բոլոր ցուցարարներին։ Վերջնագրի ժամկետի լրանալուց հետո նա ցուցարարներին կոչ է արել շրջափակել խորհրդարանի շենքը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել։

Այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ է կիրառել, ցուցարարները սկսել են կոտրել ապակիները և հեռացնել խորհրդարանի շենքը շրջափակող պատնեշները։ Ոստիկանությունը սկսել է ուժով ցրել ակցիան։ 

Հիշեցնենք, որ Վրաստանում վերջին օրերին ներքաղաքական իրավիճակը կտրուկ լարվել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախագծի պատճառով։ Նախաձեռնության հեղինակն իշխող կուսակցությանը հարող պատգամավորական խումբն է։ Մի քանի օր առաջ այն ընդունվել էր առաջին ընթերցմամբ՝ 76 ձայնով։

Մարտի 7-ի երեկոյան Ռուսթավելի պողոտա էին դուրս եկել տասնյակ հազարավոր ցուցարարներ։ Ոստիկանությունը բռնի ուժով ցրել էր բողոքի ակցիան՝ կիրառելով ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ։ Վրացական ոստիկանության պնդմամբ՝ ձերբակալվել էր 76 մարդ։ Մեկ ցուցարար մեղադրվում է ոստիկանների վրա հարձակման մեջ։ 

Լուսանկարը՝ AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter