HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ շղթա. ՊՆ նախկին շենքի բնակիչների խնդիրների լուծումը պետական կառույցները իրար վրա են գցում

ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ հերթական բողոքի ակցիան անցկացնելու։

Նրանց խոսքով՝ իրենց իրավունքները շարունակաբար անտեսվում են և՛ Կառավարության, և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, և՛ ՊԵԿ-ի, և՛ ՄԻՊ-ի կողմից։

Բնակիչներից Աննան «Հետք»-ին պատմեց, որ իրենց բարձրաձայնած հարցերը լուծելու պատասխանատվությունը պետական մարմինները գցում են մեկը մյուսի վրա, իրենց էլ անդադար ուղղորդում են մի կառույցից մյուսը։ Չնայած տված խոստումներին՝ դրսում հայտնված մարդկանց խնդիրներին չի տրվում խորքային և ոչ ժամանակավոր լուծում։

Դեռ փետրվարի 16-ին ԱՍՀ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր՝ «Նախարարությունն այս պահին քննարկում է նաև իրականացնել վարձավճարների փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։»

Հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց բնակիչներից որևէ մեկը վարձավճարի փոխհատուցում չի ստացել։ 

Գոհար Աշիկյանի խոսքով, նա փորձել է վարձավճարի փոխհատուցման համար դիմում ներկայացնել նախարարություն, բայց իր դիմումը չեն ընդունել, ասել են՝ դեռ նախագիծը հաստատված չէ Կառավարության կողմից, պարզ էլ չէ, թե երբ կքննարկվի կամ կհաստատվի։

«Իրենք միայն խոստումներ են տալիս, բայց գործնականում որևէ բան չեն ուզում անել»,- վրդովված պատմում է Գոհարը։ 

Նրան, ամուսնուն և երեխաներին ԱՍՀ նախարարությունից առաջարկել են 13 քմ մակերեսով սենյակ հանրակացարաններից մեկում։ Գոհարի կարծիքով՝ հնարավոր չէ չորս հոգով ապրել այդքան փոքր տարածքում։

Աննայի խոսքով՝ մոտ 20 ընտանիքի հատկացրել են բնակարաններ հանրակացարաններում, հիմնականում նրանց, ովքեր շատ երեխաներ ունեն, և ասել են, որ կարող են վեց ամիս անվճար բնակություն հաստատել սենյակներում։ Թե ինչ կլինի վեց ամսից՝ պարզ չէ։

«Իրենք այդ հանրակացարանների սենյակների բանալիները փոխանցում են ոստիկանության միջոցով, պատկերացնու՞մ եք, ոստիկանությանն են տալիս, իրենք չեն գալիս։ Դա ոստիկանության գործառույթը չի, բայց նաև խոսում ա էն մասին, որ իրենց մեկ ա»,- ասում է Աննան։

Երբ բնակիչներին նոր էին վտարել ՊՆ նախկին շենքից, ՄԻՊ-ն ուղարկել էր արագ արձագանքման խումբ։ Բնակիչների խոսքով՝ դրանից հետո ՄԻՊ-ից որևէ մեկը իրենց ճակատագրով չի հետաքրքրվել։

«Էդ արագ արձագանքման խումբն էլ եկել էր ոչ թե մեր իրավունքները պաշտպանելու, այլ նենց էին դիրքավորվել, ոնց որ իրանց (Ոստիկանության և ՊԵԿ-ի, խմբ.) կողմից էին եկել»,- պատմում է Գոհարը։ Ի դեպ, նա մեկ անգամ դիմել է ՄԻՊ, նրան ուղղորդել են ԱՍՀ նախարարություն։

Մի քանի օր առաջ բնակիչները գնացել էին ՊԵԿ, ցանկանում էին հանդիպել ՊԵԿ-ից որևէ պաշտոնյայի, սակայն մի քանի ժամ սպասելուց հետո նրանց այդպես էլ ոչ ոք չի մոտեցել։

Բնակիչների խոսքով՝ ՊԵԿ-ից պնդում են, որ շենքը վթարային է, և իրենց դուրս են հանել իրենց իսկ անվտանգությունից ելնելով, որ փորձաքննության արդյունքներից ելնելով են իրենց վտարումը պահանջել Ոստիկանությունից։ Շենքի վթարային լինելու մասին հավաստող որևէ փաստաթուղթ բնակիչները մինչ օրս չեն տեսել։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով՝ Կառավարությունը ՊՆ նախկին շենքը ամրացրել է ՊԵԿ-ին՝ այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն դարձնելու նպատակով։

Թեմային անդրադարձող նախորդ հոդվածում գրել էինք, որ բնակիչները բողոքում են՝ Ոստիկանության աշխատակիցները վնասել և ջարդել են բնակիչներին պատկանող շենքի ներսում մնացած գույքը, որոշները բողոքում էին, որ իրենց իրերը անհետացել են։

Աննայի խոսքով, ոստիկանությունը իրերը քիչ–քիչ տարել և հավաքել է Պռոշյան համայնքում գյուղապետարանին պատկանող մի շենքում։ Գույքից ինչ հասցրել, «փրկել» են։ Ոստիկանությունից ասել են, որ վնասված և անհետացած գույքի համար սկսելու են ծառայողական քննություն, բայց բնակիչները վստահ են, որ որևէ քննություն չեն իրականացնելու, դա ասել են իրենց հանգստացնելու համար։

Գրել էինք, որ բնակիչները շենքի մոտ երկու վրան են տեղադրել՝ մեկում մնում են կանայք և երեխաներ, մյուսում՝ տղամարդիկ։ Ուտելիք եփում են տարածքում, այլ կարիքները հոգալու համար օգտվում են մոտակայքում գտնվող գազալցակայանի բաղնիքից։

Աննայի խոսքով, պետական կառույցների աշխատանքը տեսնելով՝ որևէ վստահություն չունեն այդ կառույցների հանդեպ։ Կարծում են, որ եթե իրանք դուրս գան վրաններից, ապա վեց ամիսը լրանալուց հետո ժամանակավոր կացարաններում մնացողներին դուրս կհանեն հանրակացարաններից և նորից կհայտնվեն դրսում։

Բնակիչների խոսքով, բոլոր առաջարկները ժամանակավոր բնույթ են կրում, մակերեսային և «կոսմետիկ» են։

Ցույցից մոտ 40 րոպե անց Կառավարությունից տեղեկացրին, որ որևէ մեկը չի կարող ընդունել բնակիչներին և հորդորեցին դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Լուսանկարները՝ Սամսոն Մարտիրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter