
Շիրակի մարզի փաստաբանները գործադուլ են նախաձեռնում ԲԴԽ որոշման կապակցությամբ
Շիրակի մարզում աշխատող փաստաբանները գործադուլ են նախաձեռնում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշման առնչությամբ, որով Հանրապետության նախագահին առաջարկվել է այդ մարզում մեկ ամիս աշխատած դատավոր Անի Մարտիրոսյանին Երևան տեղափոխել։ Սա դժգություն է առաջացրել փաստաբանների շրջանում:
2023թ. մարտի 6-ին ԲԴԽ-ն որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Անի Մարտիրոսյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Եթե նախագահը ստորագրի հրամանագիրը, այն ուժի մեջ մտնելու պահից Անի Մարտիրոսյանի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները դադարած կհամարվեն:
Անի Մարտիրոսյանը Շիրակի մարզի դատավոր նշանակվել է այս տարվա հունվարի 30-ին: Այսինքն՝ մարզում աշխատել է մոտ մեկ ամիս: Այդ ընթացքում, ըստ «Դատալեքս»-ի, դատավորին մակագրվել է 7 քրեական գործ:
Շիրակի մարզում աշխատող փաստաբան Հայկ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս նախորդ տարվանից անընդհատ դատավորների փոփոխություններ են եղել մարզում: Սակայն, 2023թ. հունվարին միանգամից 4 դատավորի տեղափոխեցին Շիրակի մարզից: Նրանց փոխարեն նշանակվել են նոր դատավորներ, բայց արժանացել են նույն «ճակատագրին»: Նոր նշանակվածներից մեկը մեկ օր է մարզում աշխատել, Անի Մարտիրոսյանն էլ՝ մեկ ամիս և, ամենայն հավանականությամբ, դարձյալ կտեղափոխվի:
Հայկ Հարությունյանը տեղեկություններ ունի, որ այլ դատավորների ևս առաջիկայում տեղափոխելու են Շիրակի մարզից:
«Գալիս ենք նույն իրավիճակին: 4-5 տարով կուտակված քրեական գործեր կան, որոնցով որևէ գործողություն չի իրականացվում, էլի կուտակվելու են այդ գործերը: Արդար դատաքննության, ողջամիտ ժամկետում գործերի քննության մասին խոսելն արդեն անիմաստ եմ համարում»,-ասում է Հ. Հարությունյանը:
Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ-ի նման որոշումներից տուժում են ոչ միայն փաստաբանները կամ քաղաքացիները, այլև պետությունը: Պետական բյուջեից անընդհատ ծախսեր են կատարվում քրեական գործերով, որոնք դառնում են անիմաստ:
«Անընդհատ նույն քրեական գործերի համար տարբեր անձանց աշխատավարձ են տալիս, թղթեր են տպվում, ծանուցագրեր են ուղարկվում, կալանավորներին բերում-տանում են: Անիմաստ գումարներ են ծախսվում, ու դատաքննությունները սկսվում են նորից: Նաև քաղաքացիական գործերով է մարզում նույն վիճակը»,-ասում է Հ. Հարությունյանը:
Փաստաբանը նշում է, որ որևէ մեկը ողջամիտ պատասխան չի տվել, թե ինչու է Շիրակի մարզը դարձել «ռեզերվային» դատարան: Միակ բացատրությունը եղել է ԲԴԽ անդամներից մեկի հարցազրույցը, որ ցանկանում են Երևանում հավաքել փորձառու դատավորներին:
«Տպավորությունն այնպիսին է, որ մարզերը որպես «տրամպլին» են այդ դատավորների համար»,-հավելեց փաստաբանը:
Հայկ Հարությունյանի խոսքով՝ որպես բողոքի ձայն գալիք շաբաթվա ընթացքում 1-2 օրով մարզի փաստաբանները գործադուլ են անելու: Այս պահին նախաձեռնությանը հավանություն է տվել փաստաբանների մեծ մասը: Կազմակերպչական աշխատանքները դեռ շարունակվում են: Գործադուլի օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Հիշեցնենք, սա առաջին դեպքը չէ: Նախագահական նստավայրում երդման արարողությունից մեկ օր անց ԲԴԽ-ն Հանրապետթյան նախագահին առաջարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին նշանակել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Երդման արարողությունը կայացել էր փետրվարի 7-ին, իսկ Մ. Կիրակոսյանին այլ դատարանում դատավորի թափուր տեղի պաշտոնում առաջարկ ներկայացնելու որոշումը ԲԴԽ-ն կայացրել էր փետրվարի 8-ին: Իհարկե, Մ. Կիրակոսյանը նախագահի հրամանագրով փետրվարի 13-ին նշանակվեց Արմավիրի մարզի դատավոր:
2023թ. հունվարի 13-ի որոշումներով էլ ԲԴԽ-ն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու առաջարկ էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քրեական գործեր քննող 4 դատավորների։ Հանրապետության նախագահը հունվարի 23-ի հրամանագրերով վերջիններիս նշանակել էր Երևան քաղաքում:
Լուսանկարում՝ Անի Մարտիրոսյանը
Մեկնաբանել