HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմենիան Հելիքոփթերսը» ծրագրում է նոր ուղղաթիռ ներկրել. Կառավարությունն արտոնություն է տվել

Մարտի 9-ին Կառավարությունն արտոնություն է տվել «Արմենիան Հելիքոփթերս» («Armenian Helicopters») ավիաընկերությանը, որը մեր երկրում ուղղաթիռներ շահագործող միակ քաղաքացիական օպերատորն է:

Գործադիրը որոշել է ավիափոխադրողին ազատել ներմուծվող ուղղաթիռի մաքսատուրքից: Ըստ Կառավարության որոշման՝ ուղղաթիռը պետք է Հայաստան ներկրվի մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ:

Խոսքը եվրոպական ավիաշինական գիգանտ «Airbus»-ի կողմից թողարկվող «H125» տիպի ուղղաթիռի մասին է, որը հայտնի է նաեւ որպես «AS350 Écureuil» (ֆրանսերենից թարգմանաբար՝ սկյուռ): Ներմուծվող ուղղաթիռի նախնական արժեքը, համաձայն գործադիրի որոշման, 1,27 մլրդ դրամ է, այսինքն՝ «Armenian Helicopters»-ն ազատվել է 127 մլն դրամի չափով մաքսատուրք վճարելուց: Ուղղաթիռն արտահանող երկիրը լինելու է Ֆրանսիան: Գործադիրի որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ներմուծումը ԵԱՏՄ-ից չի կատարվում, քանի որ վերջինիս տարածքում թողարկվող արտադրանքը չի բավարարում ավիաընկերության տեխնիկական պահանջներին:

«Ներմուծվող սարքավորումով նախատեսվում է ընդլայնել ծառայությունների տեսակները՝ որոնողափրկարարական, գյուղատնտեսության, հակահրդեհային, քարտեզագրման, ուղեւորափոխադրման, զբոսաշրջության ոլորտներում։ Ծառայությունները մատուցվելու են ՀՀ տարածքում»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ։

Ուղղաթիռի ձեռքբերման արդյունքում, ըստ այդմ, ստեղծվելու է 2 նոր աշխատատեղ՝ 500-600 հազ. միջին ամսական աշխատավարձով: ՊԵԿ-ի տեղեկացմամբ՝ 2022 թ. դեկտեմբերի դրությամբ «Armenian Helicopters»-ն ունեցել է 29 աշխատակից, որոնց ամսական միջին «կեղտոտ» աշխատավարձը եղել է 433 հազ. դրամ:

Նկատենք, որ սա ուղղաթիռային օպերատորի ստացած առաջին արտոնությունը չէ ու ոչ էլ առաջին «H125»-ը:

2018 թ. փետրվարին հիմնադրված ավիաընկերությունն իր պատմության ընթացքում Հայաստանում գրանցել է 7 ուղղաթիռ, որոնցից այս պահին օդանավերի հայկական ռեգիստրում առկա են 3-ը՝ «Robinson R66» (հայկական գրանցումը՝ EK-H001), «H125» (EK-H004) եւ «Bell 429» (EK-H006): Ավիաընկերությունն ունի նաեւ «SA 341G Gazelle» տիպի ուղղաթիռ, որը, սակայն, գրանցված չէ ՀՀ օդանավերի ռեգիստրում:

Նախկինում Կառավարությունը մի քանի անգամ արտոնություն է տվել «Armenian Helicopters»-ին: Մասնավորապես՝ 2018-ի ապրիլին գործադիրի որոշմամբ մաքսատուրքի վճարումից ազատվել էր «H130» տիպի ուղղաթիռի ներմուծումը: Ուղղաթիռի արժեքը գնահատվել էր 1,55 մլրդ դրամ: Այն Հայաստանում գրանցվել էր 2018-ի սեպտեմբերին որպես EK-H002, իսկ 2022-ի օգոստոսին դուրս է բերվել ՀՀ ռեգիստրից ու հետո գրանցվել Թուրքիայում:

2018-ի դեկտեմբերին «Armenian Helicopters»-ն ազատվել էր վերոնշյալ «SA 341G Gazelle»-ի ներմուծման մաքսատուրքից: Ուղղաթիռը գնահատվել էր 271 մլն դրամ: Այս որոշման մեջ դրա ընդունումից հաշված օրեր անց՝ կրկին 2018-ի դեկտեմբերին, Կառավարությունը լրացում կատարեց ու մաքսատուրքից ազատվող սարքավորումների ցանկում ավելացրեց «H125» տիպի ուղղաթիռը, որը գնահատվել էր 1,17 մլրդ դրամ: Վերջինս Հայաստանում գրանցվեց 2019-ի մարտին որպես EK-H004 ու սկսեց ծառայել սանիտարական ավիացիային՝ դառնալով նման առաջին քաղաքացիական ուղղաթիռը մեր երկրում:

Նշենք, որ դրանից հետո հայկական օպերատորը ներմուծել ու մեր երկրում գրանցել է մեկական «H125» ու «H130», սակայն դրանք կարճ ժամանակ անց տեղափոխվել են Ռուսաստան:

Այսպիսով՝ «Armenian Helicopters»-ը ձեռք կբերի իր պատմության երրորդ «H125» ուղղաթիռը: 1 օդաչու + 5 ուղեւոր դասավորությամբ ուղղաթիռի թռիչքի առավելագույն հեռավորությունը, ըստ գործադիրի որոշման, 634 կմ է, չնայած ավիաընկերության կայքում ու ֆեյսբուքյան էջում նմանատիպ ուղղաթիռի՝ EK-H004-ի տվյալներում նշվում են համապատասխանաբար 650-700 կմ եւ 662 կմ: Օգտակար բեռնվածությունն էլ, կառավարության որոշման համաձայն, գնահատվում է 1075 կգ, բայց դրա մեջ, ըստ էության, հաշվարկված է նաեւ վառելիքը: Ավիաընկերության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ «H125»-ի ուղեւորների ընդհանուր առավալագույն քաշը կարող է լինել 460 կգ:

Հավելենք, որ ավիաընկերությունը որեւէ նորություն չի հայտնում առաջիկայում ներկրվող ուղղաթիռի մասին:

Լուսանկարում՝ «Armenian Helicopters»-ի 2019 թ. արտադրության «H125»-ը (EK-H004), ավիաընկերության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter