
Փաստաբաններն ահազանգում են. Շիրակի մարզում դատավորների տեղափոխումը ծայրահեղ վիճակ է ստեղծել
Փաստաբանների պալատում Շիրակի մարզի փաստաբանները մամուլի ասուլիս էին հրավիրել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումների կապակցությամբ: Փաստաբանները նշում էին, որ ԲԴԽ-ն դատավորների տեղափոխությունով կաթվածահար է անում արդարադատությունը Շիրակի մարզում:
Ասուլիսի մասնակից, փաստաբան Արամայիս Հայրապետյանը հայտարարեց, որ վերջին տարիներին դատավորների տեղափոխմամբ պայմանավորված՝ քաղաքացիներն առնչվում են «մերժված արդարադատության» հետ: Տարիներով գործերի քննությունը շարունակվում է, քանի որ եթե գործով դատավորը փոխվում է, քննությունը սկսվում է սկզբից:
Արամայիս Հայրապետյանն ասաց, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14 դատավորի տեղափոխություն է եղել: Ամենաերկար դատավորը, որ աշխատել է մարզում, ըստ փաստաբանի, 1.5 տարի է եղել, որից հետո դարձյալ տեղափոխվել է:
Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ 2018-2019թթ. Շիրակի մարզի դատարան մուտք եղած ոչ մի գործ դատավորը սկզբից մինչև վերջ չի քննել: Տեղափոխությունների պատճառով գործերը միջինում մակագրվում և քննվում է 2-3 դատավորի կողմից:
«2022թ. հուլիս ամսին գործ է մուտք եղել դատարան, արդեն 4-րդ դատավորին է մակագրվում: Այդ գործերով էլ կան կալանավորված անձիք»,- ասում է Արամայիս Հայրապետյանը, հավելելով, որ Շիրակի մարզում իրավիճակը ծայրահեղ ծանր է:
Ա. Հայրապետյանն ասաց, 2022թ. իր 52 գործերից միայն 2-ով է դատավճիռ կայացվել: Մնացած գործերով քննությունը դեռ շարունակվում է: Փաստաբանն ասաց, որ դրանք ծանր գործեր չեն:
Փաստաբան Հայկ Հարությունյանի հաշվարկներով էլ պետությունը Շիրակի մարզում նվազագույնը 100 մլն դրամի անիմաստ ծախս է կատարել, բայց դատավորների տեղափոխությունների պատճառով այն նպատակին չի ծառայել:
Հարությունյանն ասաց, որ առաջիկայում եթե կրկին մարզից դատավորի տեղափոխություն լինի, դատախազություն հաղորդում է տալու հանցագործության մասին։
Մարզում գործունեություն իրականացնող փաստաբան Թամարա Յայլոյանը օրինակներ բերեց նաև քաղաքացիական գործերով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշեց, որ ալիմենտի բռնագանձման գործերով քննությունը տևում է մոտ 2 տարի, այնինչ ալիմենտը բռնագանձվում է որպես երեխայի ապրուստավճար:
Փաստաբանը նշեց, որ առանձին գործերով մահանում են հայցվորները, պատասխանողները: Իսկ քրեական գործերով երբեմն անձն այնքան երկար է մնում կալանքի տակ, որ ժամկետը հավասարվում է պատժի ժամկետին, մինչդեռ ակնկալում էր հասնել արդարացման:
Շիրակի մարզի փաստաբանները վիրավորված են ԲԴԽ-ի այն մոտեցումից, որ ցանկանում են փորձառու դատավորներին կենտրոնացնել Երևան քաղաքում:
Փաստաբանները նշեցին, որ խնդիրը ոչ թե առանձին դատավորներն են, այլ՝ պետության մոտեցումը: Նախկինում դրսից եկած դատավորներն աշխատում էին 3-4 տարի: Առաջարկում են Շիրակի մարզում դատավոր գործուղել այն մարդկանց, ովքեր պատրաստ են առնվազն 3-4 տարի աշխատել:
Սակայն, Հայկ Հարությունյանը նշեց, որ առանձին դատավորների մոտ նկատվում է անբարեխղճություն։ Հստակ իմանալով, թե քանի անավարտ գործ կա իրենց վարույթում, համաձայնում են տեղափոխվել այլ դատարան։
Փաստաբանները նշում են, որ եթե նույն իրավիճակը շարունակվի՝ ստիպված գործադուլ են հայտարարելու:
Հիշեցնենք, որ «Հետքն» ավելի վաղ գրել էր Շիրակի մարզում ստեղծված իրավիճակի մասին:
Մասնավորապես, 2023թ. մարտի 6-ին ԲԴԽ-ն որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Անի Մարտիրոսյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Եթե նախագահը ստորագրի հրամանագիրը, այն ուժի մեջ մտնելու պահից Անի Մարտիրոսյանի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները դադարած կհամարվեն:
Անի Մարտիրոսյանը Շիրակի մարզում աշխատում է մոտ մեկ ամիս:
ԲԴԽ որոշումը նորություն չէր Շիրակի մարզի համար: Նախագահական նստավայրում երդման արարողությունից մեկ օր անց ԲԴԽ-ն Հանրապետության նախագահին առաջարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին նշանակել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Մ. Կիրակոսյանը նախագահի հրամանագրով փետրվարի 13-ին նշանակվեց Արմավիրի մարզի դատավոր:
2023թ. հունվարի 13-ի որոշումներով էլ ԲԴԽ-ն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու առաջարկ էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քրեական գործեր քննող 4 դատավորի։ Հանրապետության նախագահը հունվարի 23-ի հրամանագրերով վերջիններիս նշանակել էր Երևան քաղաքում:
Մեկնաբանել