HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանի առանձնատան շքեղ ինտերիերը եւ փոփոխությունը՝ առուվաճառքի պայմանագրում

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հաղթանակի զբոսայգու դիմաց գտնվող առանձնատանն առնչվող գործարքները չեն դադարում՝ չնայած տունն անցնում է 2 քրեական գործով։ «Հետք»-ը պարզել է, որ առանձնատան վաճառքի պայմանագրում փոփոխություն է կատարվել, որի համաձայն՝ գնորդը գույքի արժեքի մեծ մասը պետք է վճարի մինչև 2024 թ․-ի ավարտը՝ նախկին 2022 թ․-ի օգոստոսի 1-ի փոխարեն։ Բացի այդ, «Հետքի» տրամադրության տակ են հայտնվել Հովիկ Աբրահամյանի ընտանիքի՝ մի քանի տարի կառուցած առանձնատան ներսը պատկերող լուսանկարները։

Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեի տունը կառուցել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը։ Առանձնատան սեփականատերը նախկին պաշտոնյայի որդին էր՝ Արգամ Աբրահամյանը։ Վերջինս նախորդ տարի` 2022 թ․-ին, տունը վաճառել էր նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։ Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Նարեկ Նալբանդյանի կինը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թ․-ի օգոստոսի 1-ը։ Գործարարի կինը սահմանված ժամկետում չի վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ Այդ իսկ պատճառով 2023 թ․-ի փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում։

Նոր պայմանավորվածության համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի կինը Հովիկ Աբրահամյանի որդուն մինչև 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ը կվճարի 2 միլիարդ 452 միլիոն դրամ։ Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ-ի և Գլխավոր դատախազության լուռ համաձայնությամբ։

Մոնումենտի առանձնատների վերաբերյալ նախ 2018 թ․-ին էր քրեական գործ հարուցվել, որի հիմքում «Հետք»-ի՝ «Ընտրյալների թաղամասը» վերնագրով հետաքննությունն էր։ Հետո արդեն Աբրահամյանների՝ իրեղեն ապացույց ճանաչված առանձնատունը, քննիչի որոշմամբ թույլատրվել է վաճառել։ Այդ դեպքով ևս քրեական գործ հարուցվեց, որը, ըստ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ԱԱԾ-ի վարույթում էր։

Գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե ո՞ր փուլում է այդ գործի նախաքննությունը, և խնդրեցինք պարզաբանել, թե ինչպե՞ս է հնարավոր եղել ևս մեկ քրեական գործի պայմաններում կրկին նույն անշարժ գույքի վերաբերյալ պետական նոր գրանցում իրականացնել (պայմանագրում կատարված փոփոխությունը հաստատվել է Կադաստրի կոմիտեում և պետական նոր գրանցում է կատարվել)։

Դատախազության՝ ԱԱԾ–ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մ․ Անտոնյանը գրավոր տեղեկացրել է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում շարունակվում է քրեական վարույթի նախաքննությունը:

Դատախազ Անտոնյանը միաժամանակ հայտնել է․ «2022 թվականի մարտի 30-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Երևան քաղաքի Ազատության պողոտա 1/6 բնակելի տուն հասցեի հողամասը իրեղեն ապացույց ճանաչելու մասին, որը նույն օրը հանձնվել է տան սեփականատեր Լիլիթ Ռազմիկի Պետրոսյանի պատասխանատու պահպանությանը, ով պարտավորվել է պահպանել վերոհիշյալ անշարժ գույքը և այն չօտարել մինչև քրեական գործի քննության ավարտը։

2022 թ․-ի մարտի 31-ին վարույթն իրականացնող մարմինը գրություն է հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին, որով խնդրել է Երևան քաղաքի Ազատության պողոտա 1/6 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի վերաբերյալ գործարքներ կատարելու մասին դիմում ստանալու դեպքում, մինչև գործարք կատարելը դրա մասին անհապաղ հայտնել վարույթն իրականացնող մարմնին»։

Փաստն այն է, որ գործարքի պայմանագրում փոփոխություն է կատարվել, եւ այն ստացել է պետական գրանցում։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Դատախազությունն այս առանձնատան դեպքում փորձելու բռնագանձման պահանջ ներկայացնել Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման շրջանակում։ Կարելի է ենթադրել, որ ձևական այս գործարքով Նարեկ Նալբանդյանի կինը բարեխիղճ ձեռք բերող է հանդես գալու՝ խոչընդոտ հանդիսանալով հիշյալ առանձնատունը հօգուտ Հայաստանի բռնագանձելու գործում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter