HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պողոտայի երկու վթարային շենքերը 2004-ից չեն ստուգվել, քանի որ ո՛չ պատահար է գրանցվել, ո՛չ էլ բողոք են ստացել

Երևանի Արցախի պողոտա 14 հարկանի երկու շենքեր՝ 8/2-ը և 8/3-ը, երկու տասնամյակից ավելի է՝ թեքված են։ Տարիների  ընթացքում շենքերի թեքությունն ավելի արտահայտիչ է դարձել, ու հիմա դրանց տանիքների հեռավորությունը միմյանցից մոտ 35-40 սմ է։

2004 թվականի մայիսի 6-ին Կառավարությունը որոշել է Արցախի պողոտայի 8/2 և 8/3 շենքերում կատարել ամրացման աշխատանքներ։ Այդ նպատակով հատկացրել է 200 մլն դրամ։

«Հաշվի առնելով Երևանի Արցախի պողոտայի 8/2 և 8/3 շենքերի խիստ վթարային վիճակը և շենքերի ամրացման աշխատանքների իրականացման հրատապությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Երևանի Արցախի պողոտայի 8/2 և 8/3 բնակելի շենքերի ամրացման աշխատանքների պատվիրատու ճանաչել Երևանի քաղաքապետին: Լիազորել Երևանի քաղաքապետին «Հայկական սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր` Երևանի Արցախի պողոտայի 8/2 և 8/3 վթարային բնակելի շենքերի ամրացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար` պայմանագրում նախատեսելով աշխատանքների իրականացման նկատմամբ պարտադիր հեղինակային հսկողության մասին պայման»,- նշված է Կառավարության որոշման մեջ:

Ամրացումն իրականացվել է և, ինչպես մեզ հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, դրանից հետո ոչ մի բողոք չեն ստացել բնակիչներից։ Ըստ քաղաքապետարանի՝ 3-րդ կարգի վթարային շենքերը պիտանի են բնակության համար։Եթե բողոքներ չեն ստացվել, հետևաբար պիտանի են բնակության համար և չեն ստուգվել։

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից էլ «Հետքին» հայտնել են, որ ահազանգ չեն ստացել, և իրենց կառույցը երբևէ չի ստուգել շենքի սեյսմակայունությունը։ Շենքերը ստուգվում են այն պարագայում, երբ որևէ պատահար է գրանցվում, այս դեպքում 2004-ից ի վեր, երբ կատարվել է նշված երկու շենքերի հիմքերի ամրացում, պատահար չի եղել։ Արցախի 8/2 և 8/3 շենքերը ներառված չեն Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքերի ցուցակում։ 

Փաստորեն, Երեւանի  քաղաքապետարանը կամ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը ստուգումներ կիրականացնեն այն դեպքում, երբ բնակիչներից հիմնավոր բողոքներ ստանան կամ որևէ պատահար լինի։

Մենք այցելեցինք Արցախի 8/2 և 8/3 հասցեներ։ Շենքերի՝ բակում հավաքված տարեց բնակիչներն ասացին, որ հատկապես 8/2 շենքի բարձր հարկերում զգում են թեքությունը, տների պատերին ճաքեր են առաջացել։

Նրանցից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ, պատմեց, որ ամրացումից հետո քաղաքապետարանը կամ ԱԻՆ-ը ստուգում չեն կատարել։

«Ասում էին՝ 8-րդ հարկից վերև պիտի քանդեն, բնակիչներին նոր տներ տան, բայց դա միայն ասում էին, մարդիկ չեն ուզում իրենց տները լքել, չեն ուզում ծայրամասերում ապրել, սա լավ տեղ է, կենտրոնին շատ մոտ»,-պատմեց նա։

 Զրույցին միացավ շենքերի համատիրության աշխատակիցը՝ Շողերը, երբ տեղեկացավ մեր՝ այնտեղ գտնվելու պատճառի մասին։ Բակում նստած կանայք ներկայացրին նրան, վերջինս սաստեց կանանց. «Ես լեզու ունեմ, որ պետք լինի, ինքս կասեմ թե ով եմ»: Ապա բացատրեց, որ համատիրությունը շենքի թեքվելու հարցը չի կարող լուծել։

Լյովա Հովհաննիսյանը  8/3  շենքում բնակվում է 1979 թվականից։ Նախկինում եղել է շենքի լիազորը, բնակիչների ու շենքի մասին ամեն բան գիտի։ Լյովան հիշում է՝ 2004-ին Հայկական սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման գիտահետազոտական ինստիտուտից եկան, շենքերն ամրացրին, հիմա այդ կառույցը չի գործում։

«Շենքերն ունեն 3-րդ կարգի վթարային կարգավիճակ։ Երբ գնում ենք, օրինակ, տուն գրավ դնելու, մեզ ասում են՝ շենքը վթարային է, վթարային շենքը գրավ դնել չենք կարող, երբ դիմում ենք քաղաքապպետարան, ասում են՝ վթարային չէ»,-պատմեց Լյովան։

Վերջին անգամ ուժեղ ցնցում զգացել են երկրաշարժի ընթացքում։ 

Ցանկացած թեթև ցնցման ժամանակ էլ, շենքի վերևի հարկի բնակիչներն ուժեղ ճոճ են զգում։

Մենք բարձրացանք այս երկու շենքերի բարձր հարկեր, խոսեցինք բնակիչների հետ։ 8/2 շենքի 12-րդ հարկում բնակվող մի տարեց տղամարդ նշեց, որ իրենց շենքն ուղիղ է, թեքվել է մյուսը՝ 8/3-ը։ Նույն շենքի 11-րդ հարկի մեկ այլ բնակիչ ջուրը լցրեց շքամուտքի հատակին ու ցույց տվեց, թե ինչպես է այն հոսում դեպի շենքի թեքվող հատվածը։

Երկու շենքերի ճակատագիրն անհայտ է։ Ո՛չ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը, ո՛չ քաղաքապետարանը ամրացումից հետո շենքերում ստուգումներ չեն արել։ Բնակիչների խոսքով՝ մինչև լուրջ պատահար չլինի, ոչ մի կառույց իրենց շենքերի մասին չի հիշի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter