
Սի Ծինփինը մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մարտի 20-22-ը պետական այցով կժամանի Ռուսաստան։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Սի Ծինփինը Ռուսաստան կժամանի այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Կրեմլը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում երկու երկրների նախագահները կքննարկեն «Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցերը»։ Բացի այդ, կողմերը նախատեսում են ստորագրել նաև երկկողմ մի շարք կարևոր փաստաթղթեր։
Ըստ РИА Новости-ի՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստան Սի Ծինփինի այցը «նոր խթան կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև էլ ավելի կամրապնդի փոխադարձ վստահությունն ու փոխըմբռնումը»։ Նախարարությունում հավելել են, որ Պեկինը մտադիր է «հավատարիմ մնալ ուկրաինական ճգնաժամի շուրջ օբյեկտիվ դիրքորոշմանը և կառուցողական դեր խաղալ բանակցությունների առաջմղման գործում»։
Այն մասին, որ Չինաստանի առաջնորդը պատրաստվում է այցելել Ռուսաստան, մի քանի օր առաջ հայտնել էին Reuters գործակալության աղբյուրները։ Գործակալության տվյալներով՝ Չինաստանը որոշել է բանակցություններ վարել այն բանից հետո, երբ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի օրը ներկայացրեց «ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման» իր բանաձևը։
Ինչպես հայտնել են Reuters-ի աղբյուրները, Ռուսաստանում բանակցություններից հետո Սի Ծինփինը պատրաստվում է պատերազմի մեկնարկից ի վեր իր առաջին բանակցությունները վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սպասվում է, որ դա կլինի առցանց։
Վերջին անգամ Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը բանակցություններ էին վարել 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Նրանց հանդիպումն առցանց էր եղել։
Այս տարվա փետրվարին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Չինաստանը Ռուսաստանին է տրամադրում ոչ մահացու ռազմական օգնություն։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները պատրաստ են պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ այն պարագայում, եթե Պեկինը ռազմական օգնություն ցուցաբերի Մոսկվային։
Politico-ի տվյալներով՝ 2022 թվականին չինական մի շարք ընկերություններ Ռուսաստան են ուղարկել զենքի խմբաքանակ, մասնավորապես, գրոհային հրացաններ, անօդաչուների դետալներ և զրահաբաճկոններ, որոնք կարող էին կիրառվել ռազմական նպատակներով։
Լուսանկարը՝ ASSOCIATED PRESS/Alexei Druzhinin
Մեկնաբանել