HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Սերժ Սարգսյանի գործով երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդություն է ներկայացվել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 17-ին, շարունակվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս դատարանը որոշեց արգելել լրատվամիջոցներին լուսանկարահանում ու տեսանկարահանում իրականացնել՝ պատասխանող կողմի ներկայացուցիչների առարկության հիմքով։

Դատարանը նախորդ նիստին դատախազության ներկայացրած միջնորդությունը՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ բավարարել էր, սակայն նիստը նախագահող դատավոր Աշխեն Ղարսլյանը հայտնեց, որ պատասխան չեն ստացել պատասխանողների ներկայացուցիչներից։ 

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ մինչ այդ հարցին անցնելը, «Արարատբանկ» ընկերությանը որպես երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ցանկանում ներկայացնել։ Դատախազությունը, ի թիվս այլնի, պահանջել է բռնագանձել «Արարատբանկ» ընկերությունում պահվող Սերժ Սարգսյանին և Սաթենիկ Սարգսյանին պատկանող ավանդները։ Եվ եթե այս պահանջը բավարարվի, ավանդը կդառնա պետության սեփականությունը։

«Կարծում եմ, որ ավանդների մասով դատախազության ներկայացրած հայցի բավարարումը փոխելու է պատասխանողների (խմբ․- Սերժ Սարգսյանի և Սաթենիկ Սարգսյանի) նկատմամբ «Արարատբանկ» ընկերության ունեցած պարտականությունների և իրավունքների ծավալը և կարող է նոր իրավունքներ և պարտականություններ ծագեն հայցվորի նկատմամբ»,- ասաց Վահագն Գրիգորյանը՝ ընդգծելով՝ քանի որ պահանջ է ներկայացվել բռնագանձել ավանդը, այլ ոչ թե այդ ավանդի չափով գումար։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն առարկեց «Արարատբանկին» երրորդ անձ ներգրավելու միջնորդության դեմ, սակայն դեմ չեղավ բանկին այդ մասին ծանուցելուն։ 

Վահագն Գրիգորյանը դատախազին խնդրեց մեկնաբանել ծանուցելու և երրորդ անձ ներգրավելու գործընթացների տարբերությունը, քանի որ իր համոզմամբ՝ տարբերություններ չկան։ Տիգրան Ենոքյանը հայտնեց, որ «Արարատբանկի» իրավունքներին և շահերին առնչվող որևէ հանգամանք չի տեսնում այս գործում։ «Ծանուցումից հետո, երբ բանկն իր դիրքորոշումը կներկայացնի, որ օրինակ՝ դա առնչվում է բանկի շահերին, այդ դեպքում նոր ձեր միջնորդությունը տեղին կլինի»,- ասաց Ենոքյանը։

Քննարկումն ընդհատեց պատասխանող կողմի ներկայացուցիչ փաստաբան Ամրամ Մակինյանը․ «Եթե հիպոթետիկ ընդունենք, որ դատարանը Ձեր պահանջը բավարարել է, արդյոք ավանդը բռնագանձելով, այսինքն՝ ավանդի նկատմամբ իրավունքները ՀՀ-ի անվամբ գրանցելով՝ ՀՀ-ն չի՞ դառնում այդ ավանդային պայմանագրի մի կողմը և մյուս կողմն էլ «Արարատբանկը»,- ասաց Մակինյանը, ապա շարունակեց՝ այս պարագայում, երբ «Արարատբանկը» դառնալու է ավանդային պայմանագրի մի կողմը, արդյոք բանկի շահերին չի՞ առնչվում այս դատական գործը։

Ենոքյանը պնդեց, որ թեև պահանջի բավարարման դեպքում բանկի և պետության միջև իրավունքներ և պարտականություններ առաջանալու են, բայց հնարավոր է՝ որևէ ազդեցություն և նշանակություն չունենա բանկի համար։ Նրա խոսքով՝ շատ հնարավոր է, որ բանկը անտարբեր գտնվի այդ հարցում՝ ավանդը պատկանել է Սերժ Սարգսյանին, թե՝ պետությանը։ «Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի՝ առևտրային բանկն իր դիրքորոշումը հայտնի ու հիմնավոր ներկայացնի, թե պայմանագրով նախատեսված կոնկրետ ինչ խնդիր կարող է ունենալ, եթե, օրինակ, ավանդի հասցեատերը լինի մեկ այլ անձ։ Եթե հիմնավորումները լինեն, մենք առարկայական կարող ենք քննարկել երրորդ անձ ներգրավելու հարցը»,- ասաց Ենոքյանը։

Գրիգորյանի խոսքով՝ դատախազության ներկայացրած դիրքորոշումը հակասում է իրենց իսկ կողմից բազմաթիվ այլ գործերով արտահայտած դիրքորոշումներին և ընդունված դատական ակտերին։ «Մեզ համար անհասկանալի է, թե ինչու այս գործով իրավասու մարմինը բանկին գոնե ծանուցելու խնդիր ի սկզբանե չի տեսել, իսկ այլ գործերով կիրառվում է այլ դիրքորոշում»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ իրավասու մարմինը փաստաբանի, քաղաքացու կամ սովորական իրավաբանական անձի դիրքորոշում իրավունք չունի որդեգրել, և դատախազության դիրքորոշումները բոլոր գործերով պետք է լինեն միասնական։

Դատավոր Աշխեն Ղարսլյանը որոշեց դատական այլ գործողությունների անդրադառնալ միայն այս միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո։ Երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի առանձին դատական ակտի ձևով։ Իսկ հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին դատարանը կծանուցի կողմերին:

Հիշեցնենք, որ դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝

  • 2018թ․ փետրվարի 9-ին «Արարատ բանկ» ընկերությունում ներդրված 107 մլն 998 հազար 657 դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ։
  • 2022թ․ ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը համապատասխան ավանդային հաշվին առկա գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսները։
  • 2018թ․ փետրվարի 9-ին նույն բանկում ներդրված ավանդի կուտակած 44 միլիոն 280 հազար 352 դրամի չափով տոկոսները։
  • 2022թ․ ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատ բանկ» ընկերության հաշվին առկա 44 միլիոն 280 հազար 352 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։
  • Ռիտա Սարգսյանի ժառանգ Սաթենիկ Սարգսյանից, օրենքի իմաստով, որպես Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Ռիտա Սարգյանի անվամբ 2018 թվականի փետրվարի 12-ին «Արարատբանկ» ընկերությունում ներդրված օրենքի իմաստով՝ Սերժ Սարգսյանին պատկանող և Սաթենիկ Սարգսյանին ժառանգությամբ փոխանցված 95 մլն դրամի ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ։ Սաթենիկ Սարգսյանի՝ բարեխիղճ ձեռքբերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։ 
  • 2021թ․ մայիսի 12-ից մինչեւ վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ընկերությունում նշված ավանդային հաշվին առկա 95 մլն դրամ գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները, անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ, իսկ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։ 
  • Ռիտա Սարգսյանի անվամբ 2018թ․ փետրարի 12-ին «Արարատբանկ» ընկերությունում ներդրված, օրենքի իմաստով՝ Սերժ Սարգսյանին պատկանող և ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված ավանդի նկատմամբ կուտակված 30 մլն 435 հազար 975 դրամի չափով տոկոսները, անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ։
  • 2021թ․ մայիսի 12-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ընկերության համապատասխան հաշվում առկա 30 մլն 435 հազար 975 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել համարժեք դրամական միջոցներ Սաթենիկ Սարգսյանից, իսկ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։ 
  • Սաթենիկ Սարգսյանից, որպես օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևանի Տերյան փողոց, 66 շենքի 64-րդ բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ Սերժ Սարգսյանից բռնագանձել գույքի շուկայական արժեքը՝ 260 մլն 900 հազար դրամ։
  • Երևանի Տերյան փողոց, 66 շենքի 39 հասցեի ավտոկանգառը, անհնարինության դեպքում՝ Սերժ Սարգսյանից բռնագանձել նշված գույքի շուկայական արժեքը՝ 10 մլն 660 հազար դրամ։
  • Երևանի Տերյան փողոց, 66 շենքի թիվ 39-րդ ավտոկայանատեղին (խմբ․ 2 ավտոկայանատեղիներն էլ ունեն 39-րդ համարը), իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել շուկայական արժեքը՝ 10 մլն 660 հազար դրամ։
  • Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 165 մլն 854 հազար 249 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա։
  • 186 մլն 584 հազար 328 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2021թթ․ ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ բռնագանձումը կրկին տարածելով համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter