HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Տնտեսվարողի վատ հեղինակությամբ» ղեկավար ունեցող ավիաընկերությունները վկայական չեն ստանա

ԱԺ-ն այս ամիս երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որը վերաբերում է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստացող ավիաընկերությունների ղեկավարներին: Հիշեցնենք, որ բոլոր այն ընկերությունները, որոնք ցանկանում են առեւտրային ավիափոխադրումներ կատարել, պարտավոր են ունենալ ՕՇՎ, սակայն Կառավարության առաջարկով խորհրդարանն այսուհետ նոր պայման է դրել վկայական ստանալ ցանկացողների առաջ:

«Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ ՕՇՎ կարող են ստանալ այն ընկերությունները, որոնց առնվազն 51 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց, երկրորդ՝ վկայական կարող են ստանալ նաեւ Կառավարության լիազորված մարմինները:

Մինչ այժմ գործող կարգավորումն օրենքի մեջ այսպիսին էր. «ՕՇՎ-ն տրվում է, եթե հայտատուն ունի ՀՀ օրենսդրությամբ եւ Կառավարության սահմանած կարգով պահանջվող ֆինանսական միջոցներ, համապատասխան ապահովագրություն, հմտություններ, գիտելիքներ, փորձառություն, անձնակազմ, հարմարություններ եւ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են վկայականով նախատեսված գործունեությունն ապահով եւ հուսալիորեն իրականացնելու համար»: Այսպիսով՝ Կառավարության առաջարկով օրենքում հավելյալ պահանջ է դրվել ավիաընկերությունների ղեկավարների մասով:

Նկատենք նաեւ, որ օդանավ շահագործողի վկայական տվողը Քաղավիացիայի կոմիտեն է (ՔԱԿ): Այս պահին Հայաստանում ՕՇՎ ունի 9 ավիաընկերություն:

Նախարարության առաջարկը ընդհանրական ձեւակերպումներով էր

2021-ի հոկտեմբերին գրել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որին ենթարկվում է ՔԱԿ-ը, առաջարկել էր նոր պայման ավելացնել ՕՇՎ-ի հայտ ներկայացնող ընկերությունների համար: Օրինագիծն իրականում մշակել էր հենց Կոմիտեն:

Ըստ այդմ՝ առաջարկվում էր մերժել ՕՇՎ-ի տրամադրումը, եթե առկա է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաեւ պետության անվտանգության կամ ավիացիայի բնագավառում հեղինակության կամ առանձնապես կարեւոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետեւանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ: Ըստ առաջարկության՝ ՔԱԿ-ը կարող է մերժել նաեւ այն ավիաընկերությունների հայտերը, որոնց կառավարման լիազորություններ ունեցող անձն (ընկերության խորհրդի անդամ, գլխավոր տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ եւ այլն) ունի տնտեսվարողի վատ հեղինակություն՝ կապված ավիացիոն ոլորտի գործունեության հետ: Նշվում էր, որ եթե ավիաընկերությունն արդեն ունի ՕՇՎ, բայց դրա գործունեության ընթացքում ի հայտ են գալիս վերը նշված հիմքերը, որոնք հնարավոր չէ վերացնել, ապա ՔԱԿ-ը կարող է դադարեցնել վկայականի գործողությունը:

Նկատենք, որ այս նախաձեռնությամբ գործադիրը հանդես եկավ այն բանից հետո, երբ 2020-ի ամռանը հայկական փոխադրողները հայտնվեցին ԵՄ «սեւ ցուցակում» (դրանում իրենց մեղքի բաժինն ունեին թե՛ ՔԱԿ-ը, թե՛ որոշ տեղական ավիափոխադրողներ), իսկ 2021-ի տարեսկզին նոր սկանդալ եղավ, եւ հայկական գրանցումով ինքնաթիռը Հայաստան գալու փոխարեն չպարզված հանգամանքներում հայտնվեց Իրանում, բայց, ի վերջո, վերադարձվեց մեր երկիր:

Այդուհանդերձ, ՏԿԵՆ-ի առաջարկը բավական անորոշ ձեւակերպումներ էր պարունակում, ինչպիսիք էին, օրինակ, «ավիացիայի բնագավառում պետության հեղինակություն» եւ հատկապես «տնտեսվարողի վատ հեղինակություն» արտահայտությունները, որոնք տարակուսանք էին առաջացրել ոլորտին առնչվող մարդկանցից շատերի շրջանում:

Պատահական չէր, որ օրինագիծն այնուհետ ձեւափոխության ենթարկվեց ու Կառավարություն մտավ այլ տեսքով:

Ի՞նչ է նշանակում «տնտեսվարողի վատ հեղինակություն»

Ըստ նոր տեքստի, որին գործադիրը հավանություն է տվել 2022-ի ամռանը, ՕՇՎ-ի տրամադրումը Կոմիտեի կողմից մերժվում է Կառավարության սահմանած կարգով, եթե վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ) կամ նրա հետ փոխկապակցված անձն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն:

Իսկ այդպիսին համարվում են հետեւյալ անձինք՝

1) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը,

2) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը,

3) սնանկ ճանաչված եւ չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը,

4) միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը,

5) այն իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձը, որը նախկինում ունեցել է ՕՇՎ եւ դրա գործողությունը դադարեցվել կամ կասեցվել է տվյալ անձի մեղքով վկայականի ստացման համար օրենքով եւ կառավարության որոշմամբ սահմանված թռիչքային անվտանգության պահանջները խախտելու պատճառով,

6) Կառավարության սահմանված դեպքերում՝ պետության անվտանգության կամ հանցագործությունների կանխարգելման, կամ բացահայտման, կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ պայմանավորված:

Անդրադառնալով Կառավարության ընդունած տարբերակին՝ նշել էինք, որ, այդուհանդերձ, հասկանալի չէ, թե ովքեր են համարվում «փոխկապակցված անձ», քանի որ նման ձեւակերպում մինչ այժմ չի եղել «Ավիացիայի մասին» օրենքում, Կառավարության հավանությունն ստացած նախագիծն էլ չէր մանրամասնում այդ կետը: Ընդ որում՝ «փոխկապակցված անձի» վերաբերյալ որեւէ նշում չի եղել օրինագծի 2021 թ. սկզբնական տարբերակում, այն ավելացվել էր ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի առաջարկով։

Դիտողություններից հետո Կառավարությունը լրամշակել է օրինագիծը

Այդուհանդերձ, Կառավարությունը 2022-ի օգոստոսին օրինագիծն ուղարկել է ԱԺ: Վերոնշյալ 6-րդ կետը, որի համաձայն՝ Կառավարությունը հետագայում պետք է ՕՇՎ-ի տրամադրումը սահմանափակող այլ դեպքեր սահմաներ, ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության մասնագետները համարել են խնդրահարույց Սահմանադրության տեսանկյունից: Կառավարությունը հանել է այդ կետը: ԱԺ փորձագետները գործադիրի ուշադրությունն են հրավիրել նաեւ այն հանգամանքին, որ «Ավիացիայի մասին» օրենքում սահմանված չէ եւ չի կիրառվում «փոխկապակցված անձ» հասկացությունը: Դրանից հետո Կառավարությունը լրամշակում է արել՝ հստակեցնելով, թե այս օրենքի իմաստով ինչ է նշանակում նշված տերմինը:

Ի վերջո, այս տարվա հունվարին գործադիրն ԱԺ է ուղարկել օրինագծի լրամշակված տարբերակը, որը, որոշ խմբագրումներ անցնելով, ընդունվել է խորհրդարանի կողմից:

Այսպիսով՝ ՕՇՎ-ի տրամադրումը Կոմիտեի կողմից մերժվում է Կառավարության սահմանած կարգով, եթե վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը (ընկերության խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի եւ այլն) մեծ մասի (վերահսկիչ փաթեթ) սեփականատեր) կամ նրա հետ փոխկապակցված անձն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն:

«Ավիացիայի մասին» օրենքի իմաստով տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող են համարվում`

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը,

բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը,

գ) սնանկ ճանաչված եւ չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը,

դ) միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը,

ե) այն իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը, որի կողմից օրենքով եւ Կառավարության որոշմամբ սահմանված թռիչքային անվտանգության ապահովման պահանջները խախտելու հետեւանքով տվյալ իրավաբանական անձի ՕՇՎ-ի գործողությունը սահմանված կարգով դադարեցվել կամ կասեցվել է:

Օրենքի իմաստով փոխկապակցված անձինք են համարվում անձը եւ նրա ամուսինը, 14 տարին լրացած անչափահաս զավակը, խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից նշանակված խնամակալը կամ կառավարիչը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, անձի հետ մեկ տարվա ընթացքում 180 եւ ավելի օր համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք, որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

Օրենքի լրացմամբ նախատեսվում է նաեւ, որ եթե ընկերությունն արդեն ունի ՕՇՎ, սակայն պարզվում է, որ նրա կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձանցից կամ վերջիններիս փոխկապակցված անձանցից մեկն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն, ու հնարավոր չէ այդ հանգամանքը վերացնել, ապա ՔԱԿ-ը դադարեցնում է ընկերության ՕՇՎ-ի գործողությունը:

Ինչպես ասացինք, այս պահին Հայաստանում ՕՇՎ ունի 9 ավիաընկերություն: Վերը նշված նոր պայման-պահանջը նրանց վրա կտարածվի միայն այն բանից հետո, երբ նրանք կրկին կդիմեն Քաղավիացիայի կոմիտեին՝ վկայականի ժամկետը երկարաձգելու կամ դրանում փոփոխություն անելու համար: Օրենքի լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում Կառավարությունը պետք է, մասնավորապես, լրացում/փոփոխություն կատարի ՕՇՎ տալու կարգի մեջ, որը հաստատվել է 2015-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter