
Ջո Բայդենը արձագանքել է Հաագայի դատարանի կողմից Պուտինի ձերբակալման օրդերին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերն անվանել է «արդարացված որոշում»։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։
«Ակնհայտ է, որ նա ռազմական հանցագործություն է գործել»,- հայտարարել է Բայդենը։
Նա հիշեցրել է, որ դատարանի իրավասությունը ոչ բոլոր երկրների վրա է տարածվում, այդ թվում նաև հենց ԱՄՆ-ի, սակայն Բայդենը օրդերի հրապարակումն անվանել է «պինդ դիրքորոշում»։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ էր տվել։ Մեղադրական կողմի վարկածով՝ Ռուսաստանի նախագահն անձամբ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի բռնազավթված տարածքներից Ռուսաստան երեխաների բռնի տեղահանման համար։
Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի դատարանի իրավասությունը, քանի որ չի վավերացրել Հռոմի ստատուտը։ 2013 թվականի դեկտեմբերից Ուկրաինայի տարածքում իրագործված ռազմական հանցագործությունները ընկած են Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ՝ անկախ հանցագործի քաղաքացիությունից։
Բայդենը 2022 թվականի մարտին Պուտինին արդեն իսկ բացահայտ անվանել էր «ռազմական հանցագործ»։ Դրանից մեկ տարի առաջ, երբ Ռուսաստանը դեռևս չէր ներխուժել Ուկրաինա, ԱՄՆ նախագահը դրական էր պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը Պուտինին մարդասպան է համարում։
Լուսանկարը՝ Alex Brandon/AP
Մեկնաբանել