HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿ նախկին աշխատակիցը զրպարտության մեղադրանքով դատի է տվել «Հետքին»

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին աշխատակից Գրիշա Դավթյանը զրպարտություն է համարել  «Հետքի» կայքում հրապարակված  իր մասին մանրամասներն ու դատական հայց ներկայացրել պատվին և արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի և հոդվածի  հեղինակների դեմ` պահանջելով 6 մլն դրամ։ 

«Հետքը» դեկտեմբերի 3-ին գրել էր, որ ԴԱՀԿ նախկին աշխատակից Գրիշա Դավթյանը դուրս էր եկել աշխատանքից ու գնել խաբեության զոհ դարձած վարկառու Տիգրան Խանջյանի տունը։

Գրիշա Դավթյանը պահանջել է նաև հրապարակայնորեն հերքել հոդվածում առկա ըստ նրա՝ զրպարտություն համարվող տվյալները։

2023 թվականի հունվարի 3-ին դատարանը վարույթ է ընդունել Գրիշա Դավթյանի հայցը։ Գրիշա Դավթյանը նաև պահանջել է դատարանին բռնագանձել 800 000 դրամի չափով դատական ծախս, որից 600 000-ը` որպես փաստաբանի վարձատրության գումար, իսկ 200 000-ը` հայցադիմումի համար նախապես վճարված պետական գումար։ Դատարանը որոշել է Գրիշա Դավթյանի հայցադիմումն ընդունել վարույթ։ 

Արդարադատության կապիտան Գրիշա Դավթյանը 2016-2021թ. ապրիլ ամիսն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարող, ապա՝ ավագ հարկադիր կատարող: 2021թ. ապրիլի 22-ից մինչև նույն տարվա հոկտեմբերի 15-ը եղել է պետական բյուջեի օգտին բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի ավագ հարկադիր կատարող:

Տիգրան Խանջյանը անհատ ձեռներեց է, ով երկար տարիներ զբաղվել է առևտրով։ 

2007թ. նոյեմբերին նա որոշել է վարկ վերցնել և ընդլայնել սննդամթերքի խանութը: Այցելել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ը, որտեղ վարկային բաժնի պետ Մարտին Թորոսյանը խաբեությամբ վարկ է ձևակերպել։ Մեկ տարի անց Տիգրան Խանջյանին բանկից տեղեկացրել, որ նա խաբեության զոհ է և վարկային մասնագետը հեռացվել է աշխատանքից։ 

2009թ. հունվարին «Կոնվերս բանկը» հայցադիմում է ներկայացրել գումար բռնագանձելու պահանջով:

Տիգրան Խանջյանը դիմել է տարբեր ատյաններ, բայց անօգուտ։ 2012-ին նա դիմել է իրավապահ մարմիններին: Հարուցվել է քրեական գործ։ 2021թ. նոյեմբերի 12-ին քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու որոշում է կայացվել։ Դատարանի որոշումից 11 տարի անց՝ 2021թ. հոկտեմբերի 6-ին, հարկադիր կատարողի կողմից որոշում է կայացվել հարկադիր էլեկտրոնային աճուրդով տունն իրացնել, որն էլ աճուրդով ձեռք է բերել Գրիշա Դավթյանը։

Նշենք, որ հոդվածի հրապարակումից առաջ մենք կապ ենք հաստատել Գրիշա Դավթյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, վերջինս սկզբում համաձայնել է, ապա մերժել է «իմ իրավունքն է» պատճառաբանությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter