
Վլադիմիր Զելենսկին ազդարարել է Արևմուտքից ռազմական օգնության նոր փաթեթների մասին
Արևմտյան մի քանի երկրներ Ուկրաինա կուղարկեն ռազմական օգնության նոր փաթեթներ։ Այդ մասին շաբաթ օրը՝ մարտի 18-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կայացել է «Ռամշթայն» ձևաչափով հերթական նիստը (խմբ.- Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խումբ)։ Կան նոր պաշտպանական փաթեթներ մեր ընկերներից` Կանադայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Էստոնիայից։ Դա վերաբերում է զինամթերքին և սպառազինությանը, տանկերին ու հրետանուն»,- իր երեկոյան տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը տարածվել է նրա տելեգրամյան ալիքում։
Այս շաբաթ արևմտյան մի քանի երկրներ հայտարարել էին Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթների մասին։ Այսպես, Կանադան Կիևին կփոխանցի տանկեր, ՀՕՊ միջոցների համար նախատեսված հրթիռներ։ Օտտավան նաև սկսել է Leopard 2 տանկերի երկրորդ փաթեթի ուղարկումն Ուկրաինա, որի մասին կանադական իշխանությունները խոստացել էին ավելի վաղ։ Շվեդիայի կառավարությունն էլ որոշել էր այդ երկիր ուղարկել Archer տեսակի ութ ինքնագնաց հրետանային կայանք։ Իր հերթին Էստոնիան Կիևին կփոխանցի հատուկ ստորաբաժանումների համար նախատեսված դիպուկահար զենքեր և սարքավորումներ։ Դանիան էլ Ուկրաինային կհատկացնի մոտ 1 միլիարդ կրոնի (150 միլիոն դոլար) ռազմական օգնություն։
Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարել է նաև Միացյալ Նահանգները, սակայն դեռևս չկան մանրամասներ դրա վերաբերյալ։
Լուսանկարը՝ արխիվային/Associated Press
Մեկնաբանել