HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՆԳ փոխնախարարների չհայտարարագրված բաժնեմասերի մասին «Հետքի» հոդվածների հիման վրա ԿԿՀ-ն ուսումնասիրություն է սկսել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Ներքին գործերի փոխնախարարներ Կամո Ցուցուլյանի և Դավիթ Համբարյանի բաժնեմասերի չհայտարարագրման մասին «Հետքի» հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն է սկսել։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունվար ամսին հրապարակած մեր հոդվածներում գրել էինք, որ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը չի հայտարարագրել «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ում ունեցած իր 67% բաժնեմասը։ ՆԳ նախարարի մյուս տեղակալ Դավիթ Համբարյանն էլ չէր հայտարարագրել «Դ-Արտ» ՍՊԸ-ում ունեցած իր 50% բաժնեմասը։

Հոդվածների հրապարակումից որոշ ժամանակ անց գրավոր հարցում ուղարկեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ խնդրելով հայտնել, թե հանձնաժողովը ստուգել է մեր հոդվածներում առկա տեղեկությունները, և եթե այո, ապա պատրաստվու՞մ են նշծված դեպքերով վարույթներ հարուցել։

Ի պատասխան մեր գրությանը՝ ԿԿՀ-ն տեղեկացրել է, որ հիմք ընդունելով «Հետքի» հրապարակումները՝ հանձնաժողովը որոշել է Հայտարարագրերի վերլուծության և Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչություններին հանձնարարել իրականացնել Կամո Ցուցուլյանի և Դավիթ Համբարյանի վերաբերյալ ուսումնասիրություններ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնել է նաև, որ ուսումնասիրություններն այս պահին ընթացքի մեջ են, որոնց արդյունքներով ըստ անհրաժեշտության՝ կիրականացվեն օրենքով սահմանված կարգով գործողություններ։ 

Հիշեցնենք՝ Կամո Ցուցուլյանն ու Դավիթ Համբարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Ներքին գործերի նախարարի տեղակալներ են նշանակվել 2023թ․ հունվարի 9-ին։ 

Լուսանկարում ձախից՝ Կամո Ցուցուլյանը, աջից՝ Դավիթ Համբարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter