HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիան սկզբունքորեն չի փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»

Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ վերջին ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայում աստիճանաբար ի հայտ է գալիս քաղաքական պայքարի իրավիճակ: Մայիսին տեղի ունենալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն սկսվել է, ինչն աստիճանաբար դառնում է Թուրքիայի քաղաքական եւ հասարակական կյանքի հիմնական թեման:

Թուրքագետի փոխանցմամբ՝ երկրաշարժերի հետեւանքների վերացման թեման երկրորդ պլան է մղվում, ինչը ձեռնտու է Էրդողանի իշխանությանը: Այդուհանդերձ, ավերվածությունները բավականին մեծ են, եւ դրանց վերացման ուղղությամբ կառավարությունը բացթողումներ, որոշ դեպքերում՝ հանցավոր բացթողումներ է թույլ տվել:

«Էրդողանը՝ որպես քաղաքական գործիչ, մեծ թվով հետեւորդներ ունի»

Հարցին, թե ստեղծված իրավիճակը որքանով է կազդի ընտրությունների արդյունքների վրա՝ նկատի ունենալով կառավարող քաղաքական ուժի վարկանիշը, ակադեմիկոսը պատասխանում է, որ չնայած երկրաշարժի գոտու շինարարական, փրկարարական աշխատանքների մասով իշխանությունների բացթողումները երեւում են, ու մարդիկ դրանք տեսնում են, իրականում դժվար է ասել, թե այդ ամենը որքանով կազդի ընտրությունների արդյունքների վրա:

«Եթե զուտ տրամաբանորեն մոտենայինք այդ հարցին, ապա ակնհայտ է, որ իշխանությունները շատ հանցավոր սխալներ են գործել իմ նշած բնագավառներում եւ, կարծես թե, պետք է համոզված լինեին, որ կպարտվեն, բայց Թուրքիայում այնպիսի իրավիճակ է, որը մեծապես կապված է այն հանգամանքի հետ, ըստ որի՝ Էրդողանը՝ որպես քաղաքական գործիչ, ունի մեծ թվով հետեւորդներ: Նրանք, անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե աշխարհը քանդվի, ձայնը տալու են Էրդողանին: Դա է խնդիրը: Իսկ այդ հետեւորդները մեծ թիվ են կազմում, որոշ գնահատականներով՝ ընտրողների գուցե 1/4-ը կամ 1/3-ը: Դա մեծ ռեսուրս է Էրդողանի համար»,- մեկնաբանում է ակադեմիկոս Սաֆրաստյանը:

Երկրորդ հանգամանքը, ըստ նրա, այն է, որ Թուրքիայում ընդդիմությունը չի կարողանում առաջ քաշել այլընտրանքային մոտեցումներ եւ մաս է կազմում գործող քաղաքական համակարգի: Այժմ Թուրքիայում սկզբունքորեն նոր մոտեցումներ ձեւակերպելու եւ քաղաքականացնելու անհրաժեշտություն կա:

«Այն բացասական երեւույթները, որոնք ի հայտ եկան նաեւ երկրաշարժի հետեւանքով, տասնամյակներ են կուտակվել: Հիմա ուղղակի բացահայտ երեւում է: Այնպես որ սա էլ կարեւոր նշանակություն ունի, իմ կարծիքով, եւ դեռեւս չենք կարող ասել, որ երկրաշարժը կունենա կարեւոր եւ սկզբունքային նշանակություն ընտրությունների արդյունքների վրա: Մանավանդ, հարցումները քաղաքականացված են Թուրքիայում, եւ տարբեր քաղաքական ուժեր պատվիրում են հարցումներ, որոնց արդյունքներն իրենց ձեռնտու է»,- ասում է թուրքագետը:

Նրա խոսքով՝մինչեւ ընտրություններ դեռ բավական ժամանակ կա, եւ որեւիցե՝ քիչ թե շատ իրականությանը մոտ գնահատական տալը վաղ է:

Հարցին, թե ինչ են խոսում Թուրքիայի փորձագիտական շրջանակները, ինչպես են գնահատում Էրդողանի եւ նրա ընդդիմադիր մրցակցի հաղթելու շանսերը, զրուցակիցս պատասխանում է, որ կառավարող ուժն իր հետեւորդներն ունի, եւ, սա հաշվի առնելով, ընդդիմությունն էլ իր ռեսուրսները պետք է ստեղծի, առանց որոնց ընդդիմությունը դժվար է հաջողության հասնելու հույս ունենա:

Քրդամետ ուժի հետ համագործակցությունը երկու կողմ ունի

«Առաջին անգամ Թուրքիայում ընդդիմությունը (Թուրքիայում վերջին տարիների բոլոր ընտրությունները համեմատեք) փորձում է ներգրավել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, որը Թուրքիայում ստանում է ձայների 10-15 տոկոսը: Կարծես թե, համագործակցություն է նշմարվում ընդդիմության հիմնական ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության եւ մնացած կուսակցությունների միջեւ: Սա կարող է փոխել իրադրությունը եւ որոշ չափով հակակշիռ դառնալ Էրդողանի ունեցած ռեսուրսին»,- ասում է ակադեմիկոսը, ապա ավելացնում, որ երկու հանգամանք պետք է հաշվի առնել: Առաջինն այն է, որ եթե բացահայտ դաշինք ստեղծվի նշված քրդամետ ուժի եւ Էրդողանի դեմ մրցակից առաջադրած ընդդիմության միջեւ, ապա ընտրողների մի ստվար զանգված իրեն հեռու կպահի ընդդիմությունից՝ պայմանավորված Թուրքիայում առկա ազգայնամոլական, հակաքրդական տրամադրություններով: Դա է պատճառը, որ ընդդիմությունը փորձում է առանց պաշտոնական դաշինք կնքելու համագործակցել քրդամետ կուսակցության հետ:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Էրդողանը հասկանում է, որ դա կարող է լրացուցիչ ռեսուրս լինել ընդդիմության համար, եւ հետեւաբար նրա քաղաքական ուժն էլ փորձում է համագործակցել քրդամետ կուսակության հետ՝ փորձելով ստանալ քրդերի ձայների մի մասը:

«Թուրքիայի ընդդիմությունը ստացել եւ ստանում է Արեւմուտքի աջակցությունը»

Հարցին, թե Էրդողանի կամ ընդդիմության թեկնածուի հաղթելու դեպքում ինչ հնարավոր փոփոխություններ կարող են լինել այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ «փլուզվող աշխարհի» ներկա պայմաններում, ակադեմիկոս Սաֆրաստյանը պատասխանում է. «Այս ընտրությունները բացի ներքին քաղաքական նշանակությունից, ունեն նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն: Հիմա կարող ենք բավական հստակությամբ նշել, որ ընդդիմությունը ստացել եւ ստանում է Արեւմուտքի աջակցությունը: Եթե ընդդիմությունը կարողանա հաղթել, կնշանակի, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ տեղի կունենան որոշակի փոփոխություններ: Իհարկե, դա կբերի նրան, որ Թուրքիայի համագործակցությունը Ռուսաստանի հետ կթուլանա: Թուրքիան կփորձի որոշ չափով հեռանալ Ռուսաստանից, կփորձի ավելի արեւմտամետ քաղաքականություն վարել, ինչպես օրինակ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու, ՌԴ-ի դեմ պատժամիոցների հարցում:

Ինչ վերաբերում է Էրդողանի եւ իր քաղաքական ուժի հնարավոր հաղթանակին, ապա այստեղ որոշակի խնդիրներ կան: Համաձայն որոշ տվյալների՝ ամերիկյան քաղաքական վերնախավը մոտավորապես հետեւյալ մոտեցումն է որդեգրել. եթե Էրդողանը հաղթի, պետք է որոշակի գին վճարի այն քաղաքականության համար, որ մինչեւ հիմա անցկացրել է Ռուսաստանի հետ՝ փորձելով նստել երկու աթոռի, այսինքն՝ որոշ դեպքերում սկզբունքորեն մնալով արեւմտյան ճամբարում, որոշ դեպքերում փորձելով Արեւմուտքից հեռանալ: Իսկ դա կարեւոր կլինի Թուրքիայի համար, որովհետեւ ակնհայտ է, որ այս մեծ կորուստները, որ այդ երկիրն ունեցավ երկրաշարժի հետեւանքով, վերականգնել չի կարող իր սեփական ուժերով: Դրա համար անհրաժեշտ կլինեն կապիտալ մեծ ներդրումներ, օգնություն Արեւմուտքից: Իսկ դա կնշանակի, որ Արեւմուտքը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, կստանա որոշակի նոր լծակներ Թուրքիայի վրա ազդելու համար: Այս դեպքում էլ, եթե նույնիսկ Էրդողանը հաղթի, կարծում եմ, որոշակիորեն կփոխվի՝ դառնալով ավելի կառավարելի ԱՄՆ-ի համար»:

Հայաստանի հանդեպ թուրքական քաղաքականության վերաբերմունքը չի փոխվի

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի քաղաքականության մեջ Հայաստանի հանդեպ սկզբունքային փոփոխություններ սպասելի չեն: Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականությունը 30 տարվա քաղաքականություն է, եւ սկզբունքային առումով նորություն չկա այստեղ: Թուրքական քաղաքական վերնախավը՝ լինի իշխանություն թե ընդդիմություն, հավատարիմ է այդ քաղաքականությանը: Ընդդիմությունն էլ ունի գրեթե նույն մոտեցումները, ինչ իշխանությունը: Թուրքագետը հիշեցնում է երկու ամիս առաջ ընդդիմության կարկառուն ներկայացուցչների մեկի՝ նախկին վարչապետ, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե հիմա Հայաստանին ճնշելու եւ զիջումներ ստանալու հարմար ժամանակն է:

«Չեմ կարծում, թե սկզբունքային փոփոխություններ կլինեն, բայց ավելի ճկուն քաղաքականություն կլինի Թուրքիայի կողմից [ընդդիմության հաղթանակի դեպքում]: Եթե նույնիսկ Էրդողանը մնա, ավելի կառավարելի կլինի Արեւմուտքի համար, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն, որ տասնամյակներ շարունակ կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ավելի մեծ ճնշում կգործադրի Թուրքիայի վրա, որը ստիպված կլինի ավելի մեղմացնել մոտեցումը Հայաստանի նկատմամբ :

Իսկ եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա որոշակի մեղմացում կլինի Հայաստանի նկատմամբ քաղաքականության մեջ, բայց այն սկզբունքորեն չի փոխվի: Թուրքիայի վերնախավը, ինչքան կարող եմ հենվել իմ վերլուծությունների եւ դիտարկումների, նաեւ հանդիպումների արդյունքների վրա, հետեւյալ մոտեցումն ունի, որ Հայաստանն ավելի շատ է շահագրգռված հարաբերություններ հաստատել բաց սահմանով, քան Թուրքիան: Դրա համար Հայաստանը պետք է գին վճարի, իսկ դա արդեն գիտենք, թե ինչ է»:

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter